«Եթե ես խմբակցությունը լքեի, մանդատս վայր կդնեի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը` պատասխանելով խմբակցությունը լքող պատգամավորներին վերաբերող հարցին: Լրագրողները հետաքրքրվեցին`կլինի՞ իրավիճակ, որ ինքն էլ կլքի ՀՀԿ խմբակցությունը: «Ես խմբակցությունը կարող եմ լքել միայն այն ժամանակ եթե մանդատս որոշեմ վայր դնել»,- պատասխանեց Գեւորգ Կոստանյանը։ «Անկեղծ ասած, լքելու մասին չեմ էլ մտածել, կարծում եմ, ոչ մի դեպքում այդպես չեմ անի։ Ուզում է` մեկ հոգի մնա, ես երկրորդը կլինեմ հաստատ»,- շարունակեց նա:
Գեւորգ Կոստանյանը համաձայն չէ, որ պատգամավորների հեռանալու պատճառով ՀՀԿ խմբակցությունը կորցնում է ազդեցության վերջին լծակը. «Բացարձակ ինձ չի մտահոգում։ Ախր Դուք, եթե ասեք վերջին լծակը որն է․․․ բոլոր դեպքերում, եթե նկատել եք, հատկապես Սահմանադրական օրենքները 3/5-ով է ընդունվում, հետևաբար պիտի շատ քանակը քչանա խմբակցության պատգամավորների, որ մենք խոսենք դիրքերը կորցնելու մասին։ Բայց, իմ խորին համոզմամբ, վիճակը չի հանգի դրան»:
Գեւորգ Կոստանյանը չմեկնաբանեց, թե բարոյական տեսանկյունից ինչպիսի քայլ են կատարել խմբակցությունը լքողները։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































