Չնայած Արցախում ընթացող գործընթացներին`սահմանին իրավիճակը նորմալ է: Այս մասին խորհրդարանում, ի պատասխան լրագրողների հարցերի՝ ասաց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը:
Նորանշանակ փոխնախարարն ասաց, որ իր առաջնահերթությունը լինելու է ֆինանսական կարգապահության մասով լրացուցիչ մեխանիզմների ներդրումը:
Լրագրողները հետաքրքրվեցին`նախարարությունում ֆինանսական չարաշահումների մասով ուսումնասիրություններ արվո՞ւմ են, կա՞ն բացահայտումներ: Փոխնախարարը պատասխանեց. «Նայում ենք նախկին ֆինանսական հոսքերը, եթե բարելավման կամ արդյունավետության բարձրացման տեղեր կլինեն, ապա միանշանակ աշխատանքներ կարվեն: Չարաշահումների դեպքեր այս պահին չկան»: Ասաց`անհրաժեշտության դեպքում ԱԱԾ-ն կմիջամտի:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ զինվորներին հագուստի մատակարարումների հետ կապված դժգոհություններ է ստացել: Ասաց`հարցն ուշադրության ներքո է պահվում, բայց քանակի պակաս ու որակի խնդիր կարծես չկա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































