Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ էր հաստատել Խաչատուրովը Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ

Օգոստոս 08,2018 15:00 Share

Սկիզբը՝ հուլիսի 31-ի, օգոստոսի 1-ի եւ օգոստոսի 2-ի «Առավոտի» համարներում:

Բանակը զինվորական ծանր տեխնիկայով եւ անմիջականորեն մասնակցել է 2008թ. հետընտրական գործընթացներին

2008թ. մարտիմեկյան իրադարձություններում բանակի մասնակցության մասին Փաստահավաք խումբը ձեռք էր բերել տասնյակ ապացույցներ, որոնք միանշանակ վկայում էին, որ մարտի 1-ի առավոտյան, կեսօրին ու երեկոյան, մինչեւ արտակարգ դրության հայտարարումը, ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենաները զինվորական անձնակազմով տեղակայված են եղել Երեւանի տարբեր մասերում:

Փաստահավաք խմբի 26.11.2008թ. հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Սարգսյանը 18.12.2008թ. գրությամբ պատասխանել է. «Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից ելնելով… անհրաժեշտություն է առաջացել ներգրավել ոստիկանության լրացուցիչ ուժեր, որոնց տեղաբաշխումը օպերատիվորեն իրականացնելու նպատակով, ՀՀ Ոստիկանության պետ Հ. Հարությունյանի խնդրանքով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրվել են անձնակազմ տեղափոխելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ՝ իրենց վարորդներով»:

Փաստահավաք խմբի 15.12.2008թ. հարցմանն ի պատասխան՝ 30.12.2008թ. գրությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովը հաստատել է, որ մարտի 1-ին ՀՀ Ոստիկանության պետի բանավոր խնդրանքի հիման վրա, ՀՀ պաշտպանության նախարարի բանավոր կարգադրությամբ, ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներից 35 միավոր բեռնատար եւ 15 միավոր ավտոբուս է տրամադրվել ՀՀ ոստիկանությանը:

ՀՀ Պնախարար Ս. Օհանյանը Փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանին ուղղված իր 21.11.2008թ. գրությամբ պնդում է, որ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին ՀՀ պաշտպանության նախարարության որեւէ ստորաբաժանում չի մասնակցել. «ՀՀ նախագահի 01.03.2008թ. NՆՀ-35-ն հրամանագիրը արձակվելուց հետո, ըստ որի` արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արձակվել է համապատասխան հրաման եւ հաստատվել է հրահանգ արտակարգ դրության պայմաններում, բնակավայրերում տարվող պարեկապահակակետային ծառայության վերաբերյալ, որի նպատակն է եղել երկրում սահմանադրական կարգի պահպանումը, բնակավայրերում հասարակական կարգուկանոնի հաստատումը, պետական կարեւորագույն օբյեկտների պահպանությունը եւ արտակարգ դրության պահանջների կատարումը»:

Փաստահավաք խմբի անդամներն իրենց զեկույցում նկատել էին. «Այժմ, երբ ՀՀ կառավարության շենքի մոտ, Մելիք-Ադամյան փողոցի վրա, Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց եւ մի շարք այլ վայրերում մարտի 1-ի կեսօրին եւ երեկոյան տեղակայված ՊՆ համարանիշներով ավտոմեքենաներն ու ՊՆ անձնակազմի առկայությունը հաստատող փաստերն անառարկելի են, իշխանությունները ինչպե՞ս պետք է հերքեին բանակային տեխնիկայի ու ստորաբաժանումների առկայության հանգամանքը: «Հիմնավորումը» սա է. ՀՀ ոստիկանությունը ավտոտրանսպորտ է խնդրել պաշտպանության նախարարությունից, նրանք էլ տրամադրել են (մարտի 1-ի առավոտյան): Իսկ բանակային ստորաբաժանումների անձնակազմի քողարկման խնդիրը ավելի դյուրին է, քանի որ նրանք նույնպես կրում են ներքին զորքերի զինծառայողների նման դաշտային համազգեստ: Սակայն ՊՆ զինծառայողների դաշտային համազգեստի վրա առկա է ՊՆ-ի համապատասխան տարբերանշան, որն ակնհայտորեն երեւում է բազմաթիվ տեսաերիզներում եւ լուսանկարների վրա»:

Զեկույցի հեղինակները հանգել էին հետեւյալ եզրակացության. «Առաջին. ՀՀ ոստիկանապետը պաշտպանության նախարարից 50 միավոր (ըստ իրենց հայտնած թվերի) ավտոտեխնիկա է խնդրում բանավոր, այն էլ` մարտի 1-ի առավոտյան դեպքերից հետո: Երկրորդ՝ պաշտպանության նախարարը նույնպես բանավոր է հանձնարարում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին (սա փաստահավաք խմբում հարցաքննված, այդ ժամանակահատվածի նախարար Միքայել Հարությունյանի պնդումն է): Երրորդ՝ Գլխավոր շտաբի պետ Ս. Օհանյանը եւս բանավոր հրամանով է լուծել խնդիրը, մինչդեռ ակնհայտ է, որ բանավոր հրամանով կամ հանձնարարականով հնարավոր չէր կարգավորել այդ քանակի տրանսպորտային միջոցների հատկացումը տարբեր զորամասերից ու զորամիավորումներից, այն էլ` տարբեր չափաքանակներով ու տեսականիով: Չորրորդ՝ Փաստահավաք խմբի մի շարք հարցումներին ՊՆ-ից ոչ մի որոշակի պատասխան չի տրվել, թե որ զորամասերից եւ ինչ քանակի ավտոտրանսպորտ է հատկացվել ոստիկանությանը: Հինգերորդ՝ Փաստահավաք խումբը հարցաքննել է մեկ տասնյակից ավելի ՆԶ սպաների ու զինվորների (երեք հիմնական զորամասերից), եւ նրանցից ոչ ոք չի հաստատել, թե իրենք կամ իրենց ստորաբաժանումները մարտի 1-ին օգտվել են ՊՆ ավտոտեխնիկայից: Բոլորը միաբերան պնդել են, որ իրենց ստորաբաժանումները տեղափոխվել են հենց իրենց զորամասերի ավտոտեխնիկայով: Վեցերորդ՝ ՀՀ ոստիկանապետը, Փաստահավաք խմբի 26.01.2009թ. հարցմանն ու դրան կից ուղարկված տեսաերիզներին ի պատասխան, հայտնել է, որ տեսաերիզում ՀՀ ՊՆ 84682 զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Անդրեասյանի թիկունքում կանգնած զինվորական համազգեստով ու ինքնաձիգներով զինված մարդիկ կառավարության շենքի պահպանությունն ուժեղացնելու նպատակով Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված ՀՀ ոստիկանության ՆԶ 1033 զորամասի զինծառայողներն են, մինչդեռ թիվ 1033 զորամասի հրամանատար, գնդապետ Արսեն Գալստյանը, զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ Արմեն Անտոնյանը, նախկինում զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Շահինյանը Փաստահավաք խմբում հարցման ժամանակ հայտնել են, որ 1033 զորամասը այդ օրը Մելիք-Ադամյան փողոցում չի եղել: Յոթերորդ՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը իր 18.11.2008թ. եւ 05.03.2009թ. գրություններով հերքել է Մելիք-Ադամյան փողոցում մարտի 1-ին գտնվող զինծառայողների ԱԱԾ-ին պատկանելությունը եւ Փաստահավաք խմբին խորհուրդ է տվել դիմել ՀՀ Ոստիկանություն: Այսպիսով, մարտի 1-ի կեսօրին կառավարության հարակից Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված են եղել զինվորական ստորաբաժանում ու ՊՆ համարանիշներով առնվազն 6 ավտոմեքենա (ՊՆ թիվ 84682 զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Անդրեասյանն այս թիվն է հայտնել Փաստահավաք խմբի անդամների հարցերին ի պատասխան), եւ չկա որեւէ գերատեսչություն, որն ընդունի ստորաբաժանման ենթակայությունը»:

Փաստահավաք խմբի լուծարումից հետո խմբի անդամները զրկվել են արձանագրած փաստերը ճշտելու հնարավորությունից, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին Փաստահավաք խմբի փոխանցած ողջ տեղեկատվությունը լռության մատնվեց: Իսկ Հատուկ քննչական ծառայությունը, ըստ փաստահավաք խմբի անդամների, բավարարվել էր մակերեսային մեկ-երկու տվյալի հրապարակմամբ` չփորձելով նույնիսկ կասկածի տակ դնել մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի մասնակցության իշխանական վարկածը:

«2-րդ բանակային զորամիավորման թիվ 84682 զորամասի պայմանագրային զինծառայող, ԿՍ-19 հրանոթի նշանառու Արթուր Մաթեւոսի Անդրեասյանի` մարտի 1-2-ի իրադարձություններին որպես վարորդ մասնակցելու իշխանական վարկածի տապալումը եւս մեկ անվիճելի վկայություն է, որ բանակը, պաշտպանության նախարարի 23.02.2008թ. թիվ 0038 հրամանի եւ դեռեւս մեզ անհայտ այլ հրամանների ու հրահանգների հիման վրա ապօրինաբար, ոտնահարելով թե՛ ՀՀ Սահմանադրությունը, թե՛ գործող օրենքները, մարտի 1-ին, ավելին` մինչ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հակասահմանադրական հրամանագրի ընդունումը, ներգրավվել է քաղաքական գործընթացներում»,- նկատել էին Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած Փաստահավաք խմբի անդամներ՝ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը:

Զեկույցի հեղինակները եզրակացրել էին, որ բանակը զինվորական ծանր տեխնիկայով եւ անմիջականորեն մասնակցել է 2008թ. հետընտրական գործընթացներին. «Դրա մասին են վկայում մեր տրամադրության տակ գտնվող տեսանյութերը, որոնցում ֆիքսված են ծանր զինվորական տեխնիկայի առկայությունը եւ մուտքը Երեւան` կրկին մինչեւ արտակարգ դրության հայտարարումը: Առաջին՝ Փաստահավաք խումբը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին տեսանյութ է փոխանցել, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են մարտի 1-ին, ժամը 16.00-ին, Ռազմական ոստիկանության 2 БРДМ-ներ կայանել ՀՀ կառավարության դիմաց` Հանրապետության հրապարակում: Երկրորդ՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին է փոխանցվել նաեւ «Ռոյթեր» գործակալության նկարահանած տեսանյութը, ըստ որի՝ ակնհայտ է դառնում, որ մարտի 1-ին, ժամը 20.00-ին, Երեւան քաղաք է մուտք գործում БМП-2 մարտական մեքենաների շարասյունը: Զինվորական մասնագետների հաշվարկներով` այդ մեքենաները իրենց մշտական տեղակայման վայրից՝ 3-րդ բանակային զորամիավորման «ԴՈՒՑ» կոչվող զորամասից, ժամը 20.00-ին Երեւանի մատույցներ հասնելու համար պետք է իրենց շարժը սկսեին առնվազն 8-9 ժամ առաջ, այսինքն` մարտի 1-ի առավոտյան ժամը 11.00-12.00-ին: БМП-2 մարտական մեքենաների համար ժամաքանակի նման հաշվարկը Փաստահավաք խմբում հաստատել է նաեւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը»:

2010թ. մայիսին Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը հրապարակած թվով 5-րդ զեկույցում, հետեւաբար, արձանագրել էին հետեւյալը՝ վկայակոչված փաստերը ի չիք են դարձնում ՀՀ իշխանությունների փորձերը` հերքելու բանակային ռազմական տեխնիկայի, ավտոտրանսպորտի ու անձնակազմի կիրառումը 2008թ. մարտի 1-ի իրադարձություններում` մինչ արտակարգ դրության հայտարարումը:

Սկիզբը՝ հուլիսի 31-ի, օգոստոսի 1-ի եւ օգոստոսի 2-ի «Առավոտի» համարներում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  08.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031