Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի մարդասպան կամ օլիգարխի բարեկամ լինես, որ պատգամավորները խառնվեն իրար»

Օգոստոս 21,2018 14:30

Դրվագներ բանտարկյալի կյանքից: Հատված անտիպ գրքից

Երբեք չէի կարող պատկերացնել, որ մի օր կզրկվեմ ազատությունից ու կդատապարտվեմ խարդախության համար՝ դատապարտվելով հինգուկես տարվա ազատազրկման։ Մեղավորներ չփնտրեմ, ինքս եմ մեղավոր իմ կյանքի այս փուլը փակի տակ անցկացնելու համար։ Գուցե Աստված դադար տվեց՝ հնարավորություն՝ մտածելու, ապաշխարելու, սթափվելու…

Իբրեւ սկիզբ

Որպես լրագրող շատ էի եղել տարբեր քրեակատարողական հիմնարկներում։ Միայն «Գորիս» ՔԿՀ-ում չէի եղել: Քրեակատարողական հիմնարկների վարչությունից մերժում էին՝ «փակ զոն ա»: Ու 2015 թվականի ապրիլի 23-ին կալանավորվեցի ու ոստիկանության Կապանի բաժնի ձերբակալվածների պահման վայրից՝ փակ զոն՝ «Գորիս» ՔԿՀ։ Ժամը 20.30-ին՝ ամպամած, անձրեւ, մշուշոտ ճանապարհ։

Մտքումս մի բան էր՝ գուցե Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո խափանման միջոցս փոխվի, գուցե պատգամավոր ընկերներս մի բան անեն։ Սակայն պատկերացում չունեի, որ իշխանավոր ընկերներիս ես պետք չեմ, որ պիտի մարդասպան կամ օլիգարխի բարեկամ լինես, որ պատգամավորները խառնվեն իրար։
Տեղ հասանք։ Ոտից գլուխ մանրազնին խուզարկեցին, կիսագուլպաներս ու ներքնաշորերս հանել տվին, կքանստեցի մի քանի անգամ։ Ի զարմանս ինձ՝ ընդամենը մեկ բառ՝ օրենք է։ Հարցրին առողջությանս մասին, «պրոտակոլի» համար մի քանի հարց ու հայդե՝ N 18 խուց։
Կարանտին՝ 7 օր, պիտի հարմարվեմ անազատությանը։ Փոքր խուց՝ անսարք զուգարանով, ջրի խշշոցից նյարդերդ են սղոցվում, սարդոստայններ, չգիտեմ հեռվից, թե մոտիկից ոռնոց-հաչոցներ։ Ողջ գիշեր այդ ձայների ներքո էի։ Ակամա Վահան Տերյան հիշեցի՝ «Գայլերն են ոռնում, քամին է շաչում»։ Կալանավորը նայում է հեռուն։ Մարդիկ լռել են, պատերն են լռում անվերջ ու անվերջ շղթան է հնչում։ Իսկ ես դեռ հեռուն չէի կարող տեսնել, վերեւս բարձր առաստաղն էր խունացած։
Հիշեցի, որ պատմում էին, թե Գորիսի բերդը Եկատերինա 2-րդն է կառուցել որպես իր ձիանոց…
Ողջ գիշեր լուսացրի նստած, մրսելով։ Առավոտյան ժամը 7.30-ին խցիս կերակրատախտակի դռնակը բացվեց, ու մի ձայն լսվեց՝ կաթ ու շիլա կուզե՞ս։ Բացասական պատասխան լսելով՝ շրխկաց դռնակն ու, էլի լռություն, որն անտանելի էր։

Իմացա՞ր ով եմ

Կեսօրին նորից բացվեց դռնակը. մի անծանոթ տղա էր՝ մոտ 31 տարեկան։ Բարեւեց, ասաց անունը՝ Կարո։ Հարցուփորձ արեց, հետաքրքրվեց, թե ինչի կարիք ունեմ։ Հուսադրեց, մխիթարեց ու ասաց՝ զոնը պատկերացնեմ մի մեծ բազմաբնակարան շենք, մի տարբերությամբ, որ բնակարանները խցեր են կոչվում։ Նաեւ ասաց, որ չհավատամ դրսի լսածներին՝ իրականությունը ուրիշ է. վախենալու կարիք չկա։ Հանձնարարեց հեռուստացույց բերեն, «պլիտա», սուրճ, քաղցրավենիք։ Հետո հարցրեց, թե գոնե իմացա՞ իր ով լինելը։ Անկեղծ պատասխանեցի՝ ոչ։ «Ախպեր, ես ստեղի պալաժենին եմ, զոն նայողը»,- ասաց նա ու վրդովված գնաց։ Ու հիշեցի քրեագետ Սերգեյ Գալոյանի ասուլիսները՝ բանտերում զոն նայողներ կան՝ պալաժենի, այլ կերպ ասած՝ «իրավիճակը վերահսկող»։

Մոմն անվճար է

Այդպես մինչեւ երկուշաբթի մնացի կարանտինային 18-րդ խցում։ Զանգել կարող էի, բայց տաքսոֆոնները չէին աշխատում։ Հետաքրքիր է՝ ոնց կալանավորը պիտի օգտվեր զանգի իրավունքից. դրանք մոտ մեկ ամիս չաշխատեցին։ Կիրակի՝ ապրիլի 25-ին, առաջարկեցին զբոսանքի գնամ։ Հրաժարվեցի, պատճառաբանեցի՝ անտրամադիր եմ։ Մոտ մեկ ժամ հետո նորից դուռը բացին՝ ասելով, որ փոքրիկ մատուռ կա, կարող եմ մոմ վառել։ Բացատրեցին, որ ամեն կիրակի վառում են բոլոր բանտարկյալները։ Կրկին հրաժարվեցի։
Մոտ երկու ժամ հետո ինձ տարան հերթափոխի պետի տեղակալի մոտ, որը ներկայացավ՝ մայոր Հովհաննիսյան։ Ինչքան էլ փորձում էր հանգիստ երեւալ, բայց ներքուստ տագնապած էր։ Արագ-արագ ասաց, որ ազատությունից զրկվածները մտքի, խղճի, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատություն ունեն, բայց, այնուամենայնիվ, իրեն մի հարց էր հետաքրքրում՝ ինչու հրաժարվեցի մատուռում մոմ վառելուց։

-Քրիստոնյա եմ, աղանդավոր չեմ, պարզապես մոտս փող չկա մոմ առնելու։
-Տղա՛ ջան, ստեղ մոմը անվճար է, վառի՝ ինչքան ուզում ես,-ասաց մայորը։

«Այդտեղ խաղալու սահմաններ չունես» կամ պատահական խոսուն մի նամակ

Պատահաբար ձեռքս ընկավ մի նամակ, որը հայրն էր որդուն գրել։ Քավ լիցի՝ չմտածեք, թե սեր ունեմ ուրիշի նամակները կարդալու։ Ուղղակի կարանտինային խցի սեղանի վրա էր ինչ-որ մեկը մոռացել։ Ըստ երեւույթին՝ հայրն էլ էր ժամանակին դատապարտյալ եղել. նամակից մի քանի հատված ներկայացնեմ:
«Տղես, ես չեմ ուզում մտածել, թե ինչքան բարդ ա քեզ համար էդտեղ, որովհետեւ էդ բարդությունից չէ, որ պիտի վախենաս, էդ կյանքից չի, որ պիտի խուսափես: Իրականում սարսափելին քեզ ու քո տեսակը փոխելն ա, քեզ անծանոթ մարդու կաղապարի մեջ մտնելը, ինքդ քեզ չճանաչելը։ Բայց էդ պատերը հակառակ ազդեցություն են ունենում։ Էդտեղ մարդիկ տեսնում են, թե իրականում իրանք ով են, որովհետեւ խաղալու սահմաններ չունեն։ Էդտեղ ճանաչելու ես քեզ, իմանալու ես, թե ինչի ես ընդունակ, ով ես իրականում։ Փորձիր բաց չթողնել այդ պահը։ Ես մեղավոր եմ զգում, որ պիտի պատրաստեի քեզ էդ կյանքին։ Պատրաստեի այն աշխարհին, որը մեր շուրջը կա, որի մեջ ես եմ ապրել (…..)։ Ես ուզում էի, որ դու ինձանից լավը լինես, ուզում էի կյանքին ոչ մի բան պարտք չմնաս, որ կյանքը հետո փոխհատուցում չվերցնի քեզանից, բայց հաշվի չէի առել էն, որ ես դեռ պարտքեր ունեմ չվճարված, ու ճակատագիրը իմ էրեխեքով փակեց էդ պարտքը։ Իմ ընտանիքով փակեց…. Դու չունես ամենակարեւորը՝ ազատություն։ Բայց քանի կյանքդ ձեռքերիդ մեջ ա, օգտվի դրանից։ Մի խուսափի դաժան լինելուց, եթե դրա կարիքը կա։ Էդտեղ բարությունը խեղճություն ա, էդտեղ ազնվությունը՝ բառ ա ընդամենը, խիղճը՝ թուլություն ա, անխղճությունը՝ գոյատեւելու միջոց։ Էսքանը կարողացա անեմ քեզ համար։ Սխալ էր ապրածս թե ճիշտ ՝ դու կդատես, որովհետեւ էդ ապրածիս արդյունքն ա էն, որ դու էսօը էդտեղ ես»:

ԱՐՄԵՆԱԿ ԴԱՎԹՅԱՆ

Աշխատել է Կապանի «Խուստուփ» եւ «Սոսի» հեռուստաընկերություններում, «Նոյյան Տապան»-ում, «Հետք»-ում, «Հայկական ժամանակ» եւ «Հրապարակ» օրաթերթերում, նաեւ «Պառլամենտ» ամսագրում՝ ճանաչվել է այդ ամսագրի 2014 թ. լավագույն լրագրող։ Վերջին աշխատավայրերը՝ henaran.am եւ Աբովյան հեռուստաընկերություն: Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ., սեպտեմբերի 11-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով՝ խարդախություն եւ դատապարտվել հինգուկես տարվա ազատազրկման։ Պատիժը կրել է «Գորիս», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում։ Այժմ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ է:

«Առավոտ»

21.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031