Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլանդահայ համայնքը Երեւանի 2800-ամյակին գամփռ է նվիրել

Օգոստոս 23,2018 14:09

Երեւանում` «Պոպլավոկի» հարեւանությամբ կանգնեցվել է հայկական գամփռ շան քանդակը, որի բացումը այսօր` օգոստոսի 23-ի երեկոյան է` 17:30:

Հեղինակը ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է: Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետն ասաց, որ դա հոլանդահայ համայնքի նվերն է Երեւան քաղաքին` հիմնադրման 2800-ամյակի առիթիվ:

«2017թ. հոլանդահայ համայնքի «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշեց այնպիսի մի բան նվիրել Երեւան քաղաքին, որ մնայուն լինի, իսկ Հայաստանի խորհրդանիշներից մեկը հենց հայկական գելխեղդ գամփռն է: Ինձ դիմեցին ու ես էլ համաձայնեցի: Մանկության տարիներին ես շատ եմ հորս հետ սարերը բարձրացել, տեսել եմ գամփռ շների, որոնք հսկում էին ոչխարներին…Մանկության տարիներից ինձ մոտ մնացել է գամփռ շան նկարագիրը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Քանդակագործը նշեց, որ Երեւանում կանգնեցված գամփռի քանդակը բրոնզաձույլ է, 1մետր 50 սմ մետր բարձրությամբ, իսկ ոտքի տակի փոքրիկ  քարի կտոր պատվանդանը խորհրդանշում է մեր լեռները:

Լեւոն Թոքմաջյանն ասում է, որ գամփռ շան նկարագիրն ասես հայի նկարագիրը լինի` ազնվության, վստահության, հասունության հետ է ասոցացվում. «Կարծում եմ, որ սա շատ լավ նվեր է Երեւանին, Երեւանի բնակչությանը…Տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ մոտենում, ոմանք գրկում են քանդակը: Հատկապես երեխաները շատ են սիրել»:

Քանդակագործերի ստեղծագործությունները սփռված են ողջ աշխահով մեկ` Հնդկաստանից մինչեւ Ֆրանսիա ու Մոլդովա, իսկ Հայաստանի տարբեր վայրերում արվեստագետը 500-600 քանդակ ունի:

«Ինչպես Կարա Բալան սիրով արեցի` որպես մանկության հիշողություն, այնպես էլ գամփռ շան քանդակը: Մի տեսակ գամփռն ու Կարա Բալան այնպես մոտեցել են իրար, ոնց որ գամփռը Կարա Բալայի շունը լինի»,-ժպտալով ասում է Լեւոն Թոքմաջյանը:

Մեր զրուցակիցը, նշելով, որ իր ամենամեծ մոնումենտալ գործը Մարտիրոս Սարյանն է, միաժամանակ հավելում է, որ փոքրածավալ, կամերային գործերը սրտամոտ են եւ իր ջերմ զգացումների  կրողը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Թոքմաջյանի լուսանկարը` yerkir.am-ից, իսկ «Գամփռի» լուսանկարը` Անահիտ Բախշյանի ՖԲ էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031