Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող եմ դառնալ շատ ուժեղ համախմբող կենտրոն». Ռոբերտ Քոչարյան. (Տեսանյութ)

Օգոստոս 28,2018 21:44

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ավելի վաղ մեղադրվում էր 2008թ. սահմանադրական կարգի տապալման մեջ, հարցազրույց է տվել ռուսական NTV հեռուստաալիքին:

 

-Դուք թերևս հետխորհրդային տարածքի պետության առաջին ղեկավարն եք, որը քաղաքական տատանումների և ձերբակալության սպառնալիքի դեպքում երկիրը չեք լքել: Որովհետև մենք գիտենք այդպիսի դեպքեր Վրաստանից, Ուկրաինայից, Ղրղըզստանից: Դուք չէի՞ք սպասում ձերբակալության, կամ ինչու՞ որոշեցիք չհեռանալ երկրից:

– Ես ոչ թե չեմ հեռացել երկրից, ես վերադարձել եմ երկիր: Ես Հունաստանում էի: Ես հայտնել եմ իմ վերադարձի օրը: Ես վերադարձել եմ՝ միանգամայն հստակ հասկանալով, որ կարող եմ ձերբակալվել։ Միանգամայն ակնհայտ է, որ այսպես ասած իմ տեսակի մարդիկ դժվարություններից չեն փախչում։ Եվ այնուամենայնիվ, որոշակի հույս կար, որ դատաիրավական համակարգը այդքան էլ ճնշված չէ գործադիր իշխանության տակ, և դատարանների ինքնուրույնության գոնե որոշակի աստիճան դեռ գոյություն ունի։ Ես եկա պայքարելու իմ արժանապատվության համար։

-Իսկ ինչ վերաբերում է այդ քրեական գործին 2008թ.. այդ ժամանակ ընտրություններից հետո եղան բողոքի ցույցեր, անկարգություններ տեղի ունեցան, 10 մարդ զոհվեց: Այն, ինչ վերաբերում է այդ քրեական գործին, որով Դուք անցնում եք, ինչպես եք կառուցելու Ձեր պաշտպանական գիծը. Նրանով, որ Դուք: Որպես պետության նախկին ղեկավար, ըստ սահմանադրության, անձեռնմխելիությո՞ւն ունեք, թե՞ ամեն դեպքում պատրաստ եք մանրամասներ պատմել այդ պատմությունից:

-Գիտեք, անձեռնմխելիությունը պաշտպանական գծի միայն մի փոքր մասն է: Ես վերադարձել եմ այստեղ՝ պաշտպանելու իմ արժանապատվությունը ոչ միայն որովհետև անձեռնմխելիություն ունեմ, այլ որովհետև ամբողջ քրեական գործը կարված է սպիտակ թելերով: Այնտեղ չկա քրեական գործ ընդհանրապես:

-Ինչու՞ եք այդպես կարծում:

-Որովհետև ես դրան ծանոթ եմ: Ցավոք, գոյություն ունի այսպես կոչված հետաքննական գաղտնիք, և մենք այս ընթացքում, քանի դեռ քննությունն ընթանում է, իրավունք չունենք խոսել քրեական գործի մանրամասների մասին: Բայց ինձ մեղադրանք է ներկայացված է սահմանադրական կարգը տապալելու համար։ Պատկերացնու՞մ եք։ Նախագահը՝ որպես սահմանադրության երաշխավոր, որը զբաղեցնում է այդ պաշտոնը, պարզվում է, տապալել է ինքն իրեն։ Ոտքի վրա փորձել են գտնել քրեական եզրակացության ինչ-որ բանաձև: Գիտեք, սա խոսում է այն մասին, որ խոսքը ոչ թե քրեական գործի, այլ քաղաքական վենդետայի մասին է։

-Այսինքն, Դուք դա անվանում եք քաղաքական վենդետա:

-Այո՛, անկասկած: Ինչու՞ հանկարծ 10 տարի հանգիստ ապրելուց հետո ես դարձա թիրախ, երբ նախագահական աթոռ չեմ զբաղեցնում և ընդհանրապես իշխանության մեջ չկամ: Հասկանում եք, 10 տարի առաջ մեզ մոտ ընտրությունների էին. ինձ մնում էր ընդամենը մեկուկես ամիս իմ երկրորդ ժամկետի ավարտին: Եղան ընտրություններ, դրանք ավարտվեցին առաջին փուլով, ընտրություններում հաղթեց Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ձայների 53 տոկոսը: Երկրորդ տեղում նախկին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն էր: Թեկնածուն, որը հավաքել էր 21,5 տոկոս ձայն, իրեն հռչակեց նախագահ, հայտարարեց, որ ինքը հավաքել է ձայների մոտ 60 տոկոսը և սկսեց ամենօրյա բողոքի ակցիաներ Թատերական հրապարակում՝ Երևանի կենտրոնում: Ցույցերն արտոնված չէին, և այդ բոլոր ցույցերում հնչում էր հետևյալ կարգախոսը. մենք պետք է ապամոնտաժենք պետական իշխանությունը: Կոչեր էին հնչում՝ ուղղված բանակին, ուժային կառույցներին, նրանց քաղաքական գործընթացներին ներգրավելու ակնհայտ փորձեր էին արվում: Այդ ամենը տևեց բավականին երկար՝ 7 օր: Այդ իրադարձությունների ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքները ճանաչեց օրինական, այն հաստատեց ընտրությունների արդյունքները: Այնուհետև Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը: Միջազգային դիտորդների եզրակացությունները դրական էին բոլոր հիմնական դիտորդական խմբերի կողմից՝ ինչպես ԵԱՀԿ-ի, այնպես էլ ԵԽԽՎ-ի, ԱՊՀ-ի կողմից: Այսինքն` ամբողջ ընտական ցիկլն իրագործվել էր բավականին հաջող: Բայց այդ ամենն ավարտվեց ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով, այդ բախումների ընթացքում զոհվեց 10 մարդ, որից 2-ը՝ ոստիկան: Ահա այդպիսի իրավիճակ:

Բայց 10 տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր կազմակերպել էին այդ զանգվածային անկարգությունները, որոնք դատապարտվել էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Դա է պատճառը, որ ես խոսում եմ քաղաքական վենդետայի մասին: Այսինքն 10 տարի հետո իշխանության են եկել նրանք, ովքեր այդ ժամանակ պարտվել էին այդ ընտրություններում: Եվ այսօր նրանց ուշք ու միտքն այն է՝ ինչպես հաշվեհարդար տեսնեն այն մարդկանց հետ, ում նրանք համարում են թշնամի:

-Դրա համար անհրաժեշտ է որոշակի թափանցիկ հետաքննություն:

-Դե դրա համար էլ նրանք հարուցել են քրեական գործ, որը որևէ հիմք չունի: Այսինքն` ես եղել եմ նախագահ. ես չեմ հասկանում՝ ինչպես կարող էի տապալել սահմանադրական կարգը՝ լինելով նախագահ, այն էլ մեկ ամիս անց հեռանալ:

-Դուք կարո՞ղ եք հիմա վերլուծել՝ ինչու տեղի ունեցավ մայիսյան հեղափոխությունը: Ինչու՞ այս տարի: Ինչու՞ դա տեղի ունեցավ: Պատճառը նախագահ Սերժ Սարգսյանի սխալնե՞րն էին՝ աճող կոռուպցիան, միգուցե երկու ժամկետ զբաղեցնելուց հետո վարչապետ դառնալու ցանկությունը: Դուք վերլուծե՞լ եք՝ ինչու տեղի ունեցան այդ իրադարձությունները:

-Այո՛, իհարկե վերլուծել եմ: Ես կարծում եմ՝ նա չպետք է ընդհանրապես սահմանադրական փոփոխություն իրականացներ: Ես այն ժամանակ հրապարակավ քննադատել եմ այդ սահմանադրական փոփոխությունը: Եվ իհարկե նա չպետք է փորձեր ձեռնարկեր՝ պահելու իշխանությունը՝ վերազբաղեցնելով վարչապետի աթոռը:

-Դուք մի քանի օր առաջ հայտարարեցիք, որ վերադառնում եք քաղաքականություն: Դրան ի պատասխան՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Դուք գործնականում ոչ մի հնարավորություն չունեք: Ինչպես եք Դուք գնահատում՝ Ձեզ կհաջողվի՞ վերադառնալ:

-(Քմծիծաղ է տալիս) Ես արդեն վերադարձել եմ: Այսինքն` ես հայտարարել եմ ոչ թե այն մասին, որ պատրաստվում եմ վերադառնալ, այլ որ վերադարձել եմ:

-Տեսեք, ընդդիմության միջուկը դառնալու համար Ձեզ անհրաժեշտ է էլիտայի մի մասի բաց հանրային աջակցությունը, Ձեզ անհրաժեշտ են ռեսուրսներ, ընտրական բազա: Այդ ամենը դուք ունե՞ք:

-Տեսեք, ես եղել եմ Հայաստանի նախագահ 10 տարի: Այդ 10 տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5 անգամ, ռեկորդային թիվ է, իսկ բյուջեն՝ 8 անգամ: Այն ամենը, ինչ տեսնում եք Երևանում՝ հետաքրքիր, վերակառուցված այդ ամենը կառուցվել է այդ տարիներին: Գիտեք, մենք ստեղծել ենք տարեկան 35-40 հազար աշխատատեղ: Մանր և միջին բիզնեսի մասնաբաժինն աճել է՝ իմ նախագահության սկզբի 15 տոկոսից  հասնելով 46 տոկոսի, մասնավոր սեկտորի մոտ ՀՆԱ-ն հասել է ավելի քան 80 տոկոսի: Կյանքի որակը պարզապես կտրուկ փոխվել է, և մենք պետք է այդ մասին հիշեցնենք: Ես 10 տարի քաղաքականությունից դուրս եմ եղել, միգուցե մարդիկ այդ մասին ամեն ինչ չէ, որ հիշում են, հիշողության մեջ այնքան էլ թարմ չեն, բայց մենք այդ մասին կհիշեցնենք: Եվ ես կարծում եմ՝ այդ մարդիկ, որոնք մասնակցել են այդ ողջ գործընթացին՝ իրենց բիզնեսն են հիմնել, առաջ են տարել տնտեսությունը, կդառնան այն ընտրական բազան, որի մասին հարցնում եք:

-Դուք պատրաստվում եք Ձեր կուսակցությա՞մբ թատերաբեմ դուրս գալ, թե՞ դա կլինի ինչ-որ կոալիցիա:

-Ես այդ հարցը բավականին բաց եմ թողել. ես հասկանում եմ, որ կարող եմ դառնալ շատ ուժեղ համախմբող կենտրոն այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այսօրվա խնդիրները:

-Իսկ ինչպե՞ս եք Դուք կանխատեսում իրավիճակը: Հիմա Հայաստանում ձևավորվել է այսպիսի իրավիճակ. վարչապետը և նրա կառավարությունը, որոնք իշխանության են եկել մայիսյան իրադարձությունների ֆոնին, այո, միգուցե նրանք փորձ չունեն, միգուցե նրանք դեռ չեն կարողանում օգտագործել կառավարման լծակները, կառավարման բոլոր մեխանիզմները, բայց կա խորհրդարան, որը զբաղեցնում է սպասողական դիրքորոշում: Ինչո՞վ այս ամենը կարող է ավարտվել… Խորհրդարանն իր շահերն ունի, չեն ցանկանում ինքնալուծարվել:

-Իսկ ինչու՞ պիտի ինքնալուծարվեն: Ինչու՞: Գիտեք, իրավիճակը չափազանց հետաքրքիր է: Ես, իհարկե, ուշադիր այս ամենին հետևում եմ: Պատճառը, մեղմ ասած, նոր իշխանությունների մոտ փորձի բացակայությունն է: Պատկերացրեք իշխանությունների հայտարարությունը՝ ինչպես են նրանք պատկերացնում պետության կառավարումը: Բառացիորեն վերջին հանրահավաքին հայտարարում են, որ Հայաստանում դե ֆակտո ստեղծվել է կառավարման, պետական կառավարման նոր համակարգ: Հեղափոխական հրապարակը հայտարարվել է ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Ես դա մեջբերում եմ, դա կատակ չէ… Ես տեսնում եմ Դուք ժպտում եք: Մեր սահմանադրության մեջ նման բան չկա, չկա այնպիսի հասկացություն, որ հրապարակը դառնա իշխանության բարձրագույն մարմին: Հետո, էլի բառացի, կառավարությունը հաշվետու է հրապարակին. ես՝ մեղսավորս, կարծում էի, որ կառավարությունը հաշվետու է Ազգային ժողովին, բայց պարզվում է, որ այդպես չէ: Ե՛վ ներքին քաղաքականության, և՛ տնտեսական բոլոր կարևոր հարցերը պետք է քննարկվեն այդ հրապարակում:

-Բայց Դուք չե՞ք ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես և ցանկացած քաղաքական գործիչ, ունի պոպուլիզմի տարրեր:

-Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, անզուսպ պոպուլիզմ է, որի հետևանքները երկար ժամանակ կզսպեն երկրի զարգացումը: Ես անգամ մտածում էի՝ իսկ օրինակ էլեկտրաէներգիայի գինը, կոմունալ ծառայությունների, կենսաթոշակների չափերը, աշխատավարձերը, հարկային օրենսգիրքը նու՞յնպես քննարկվելու է այդ հրապարակում: Դա շատ հետաքրքիր կլինի, շատ հետաքրքիր  պատկեր: Այսինքն, դա ոչ միայն փորձի բացակայության հարց է, սա պարզապես լիարժեք տգիտություն է՝ ինչ է նշանակում կառավարման պետական մեխանիզմ,  իշխանության բաժանում, գործադիր և օրենսդիր իշխանություն, իշխանության այդ ճյուղերի միջև գործակցություն: Կա հեղափոխական էյֆորիա, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այդ էյֆորիան չի կարող երկար տևել: Դուք գիտե՞ք հեղափոխության որևէ մեկ օրինակ, որից հետո մարդկանց կյանք ավելի լավանա: Դա Եգիպտո՞սն է, թե՞ Թունիսը, միգուցե Սի՞րիան կամ Լիբիան: Մարդկանց կյանքը կտրուկ վատթարացել է: Թե՞ դա Ուկրաինան է: Տարածքներ կորցնելուց զատ մարդկանց կյանքի որակը նկատելիորեն վատթարացել է: Թե՞ Վրաստանը՝ մինչև տարածքների կորուստ: Գոնե մեկ օրինակ բերեք: Ես պատճառ չեմ տեսնում՝ ինչու՞ պետք է մեզ մոտ ավելի լավ լինի:

-Իսկ Դուք ունե՞ք որոշակի նոր վարչապետական նկրտումներ:

-Ես չեմ ցանկանում խոսել այդ նկրտումների մասին, չեմ ցանկանում խոսել ապագայի մասին: Ինչու՞ ես ի վերջո որոշեցի վերադառնալ քաղաքականություն: Որովհետև ես հիմա էլ մեր հարցազրույցում առաջ քաշեցի բազմաթիվ մտահոգություններ, ես չեմ կարող այս ամենին կողքից հետևել: Ես դա չէի անի, եթե այդ մտահոգությունները ինձ չմղեին քաղաքականություն:

-Շնորհակալություն, որ ժամանակ գտաք և պատասխանեցիք մեր հարցերին:

-Ձեզ շնորհակալություն:

https://www.youtube.com/watch?v=8IXy2iiUPTE

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031