Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի փաստաբանը՝ ՀՔԾ պետին. «Սա ուղղակի մանիպուլյացիա է, եթե դա հանցագործություն է, ապա ինչո՞ւ չկան մեղադրյալներ»

Սեպտեմբեր 14,2018 19:07 Share

Այսօր «Սպուտնիկ Արմենիայում» հրավիրած ասուլիսում ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսումների հետ կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ Քոչարյանը կապ չունի դրա հետ, ինքը չի գաղտնալսել:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կպարզաբանեն ՀՔԾ պետի նոր բացահայտումները Մարտի 1-ի գործի հետ կապված: Հայկ Ալումյանը պատասխանեց. «Իրենք ներկայացնում են մի մատյան ու ասում են՝ տեսեք, զինվորները որպես վարձկաններ են օգտագործվել, ինչ-որ օլիգարխներ իրենց գումարներ են բաժանել, գումարներ են բաժանվել եւ ենթատեքստ կա, որ ինչ-որ ապօրինի նպատակով են դա արել: Ես չգիտեմ, ես այդ մատյանները չեմ տեսել, ես պաշտպան եմ, դուք լրագրող եք, բայց դուք ավելի շուտ եք այդ մատյանը տեսել, քան ես: Սկզբում տեսել եք դուք, հետո հանրությունը, վերջում ես: Բայց քանի որ տեսել ենք մի էջը, որը ցույց են տվել, մեկնաբանենք: Եթե դա հանցագործություն է եւ եթե ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը գիտեն, թե այդ հանցագործությունն ով է արել, բա ո՞ւր են առաջադրված մեղադրանքները: Մյուս կողմից, եթե դա դեռ հաստատված չի, ինչո՞ւ են իրենք հրապարակային նման հայտարարություններ անում: Սա ուղղակի մանիպուլյացիա է: Եթե կան անհերքելի ապացույցներ, եթե դա հանցագործություն է, ապա ինչո՞ւ չկան մեղադրյալներ: Եթե ապացույցները հասել են այն մակարդակի եւ իրենք պատրաստ են դա ներկայացնել, որ հանցագործություն է եղել, այդ դեպքում պիտի մեղադրյալներ լինեն: Եթե այդ մակարդակի ապացույցներ չունեն, որ որեւիցե մեկին մեղադրյալ ներգրավեն, ուրեմն իրենք շատ շտապել են այդ հայտարարություններով»:

Ալումյանն ասաց, որ իրենք հավաքվել էին, որ հանրությանը գաղտնալսման տեղեկությունները հրապարակեին, հետո կարճ ժամանակ խոսեցին ու ամբողջ ուշադրությունը տեղափոխեցին ուրիշ դաշտ՝ հասկանալով հանդերձ, որ Մարտի 1-ի գործը զգայուն է, մարդիկ շատ ցավով են ընդունում գործի հետ կապված ցանկացած տեղեկություն.

«Մտածեցին, որ կարելի է էմոցիաներ տալով՝ մարդկանց ուշադրությունը շեղել: Եթե իրենք ասում են՝ մենք այսինչ բանը բացահայտել ենք ու այնպես են ասում՝ որպես կայացած փաստ, նշանակում է, որ ապացույցներն այն մակարդակի են, որ կարելի է մեղադրանք առաջադրել: Ես նույնիսկ չեմ ասում, որ այսպիսի բաներ կարելի է ասել, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ ունենան: Իրենք դա չունեն, իրենք նույնիսկ այնքան փաստ չունեն, որ մեղադրանք առաջադրեն ինչ-որ մարդկանց, բայց արդեն դա ձեզ ներկայացնում են՝ որպես կայացած փաստ: Այստեղ է ամբողջ պրոբլեմը: Եթե իրենք դա համարում են կայացած փաստ, գոնե թող ասեն՝ ում են մեղադրանք առաջադրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930