Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Կարապետյան. «Սաֆարովի քրոջը հաղթելով ցույց տվեցի, որ այսպես են հաղթում, այլ ոչ թե քնած մարդուն կացնահարելով»

Սեպտեմբեր 17,2018 21:45

Խառը մենամարտերի Հայաստանի «արմֆայթինգ» ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարտիկ Կարինե Կարապետյանը Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում հաղթեց ադրբեջանցի Ռենա Սաֆարովային, որը 2004 թվականին Բուդապեշտում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած, այնուհետեւ, իր երկրում հերոսացված Ռամիլ Սաֆարովի քույրն է:

Aravot.am-ը զրուցել է Կարինե Կարապետյանի հետ:

-Շնորհավորում ենք հաղթանակի առիթով: Թբիլիսի մեկնելուց առաջ գիտեի՞ր, թե ով է լինելու մրցակիցդ:

-Այո գիտեի: Մարզիչս ինձ տեղյակ պահել էր: Մենամարտի ստույգ օրը կոնկրետ հայտնի չէր, բայց մենք գիտեինք, որ կայանալու է սեպտեմբերի ընթացքում: Նախապատրաստվել ենք երկու ամսից մի փոքր պակաս: Մարտից մոտ հինգ օր առաջ հիվանդացա՝ ջերմում էի, բայց պատասխանատվության աստիճանը գիտակցելով մարզումներս չէի դադարեցնում:

-Ո՞ւմ հետ էիր մեկնել Թբիլիսի:

-Մեր ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի եւ մեր լավագույն մարզիկներից ու մարզիչներից մեկի՝ Ապրիլյան պատերազմում հաղթած Ալբերտ Ղազարյանի հետ, որը ադրբեջանցիներին նաեւ  ռինգում հաղթելու լավ փորձ ունի: Ասեմ, որ պարոն Ղազարյանը ինձ մենամարտին հոգեբանորեն պատրաստվելու հարցում շատ մեծ դերակատարում ունեցավ:

– Մի փոքր խոսիր մենամարտի մասին:

– Մրցակիցս նախորդ օրը կշեռքի ժամանակ ընկճված տեսք ուներ: Իսկ ռինգ մտնելուց նրա հայացքը պետք էր տեսնել՝ ագրեսիա, թշնամանք… Ես ինձ հանգիստ էի պահում: Ինձ համար ռինգում մրցակցիս ազգությունը սովորաբար նշանակություն չունի, առաջնորդվում եմ մի սկզբունքով՝ առջեւդ մրցակից է, եւ դու պետք է անես ամեն բան հաղթելու համար: Բայց այս անգամ զգացումս մի փոքր այլ էր: Ինքս իմ մեջ նրան ասում էի՝ դու գիտե՞ս, որ քեզ հաղթելու եմ: Ուրախ եմ, որ հաղթեցի հենց ստահակ Սաֆարովի քրոջը եւ հաղթանակս նվիրում եմ Գուրգեն Մարգարյանի պայծառ հիշատակին: Այս հաղթանակով ես Ադրբեջանին ասացի, որ քնած մարդուն կացնահարելը տմարդություն է, անպարկեշտություն, որ  քնած մարդուն կացնահարելը վաղուց մնացել է միջնադարում եւ աշխարհի քաղաքակիրթ ոչ մի երկում ստահակին չեն հերոսացնում: Կռի՞վ ունես՝ դուխ ունեցիր, դուրս արի դեմ դիմաց, նայիր աչքերին ու հաղթիր: Ես իմ ոչ մի մենամարտում չեմ պարտվել: Այս անգամ էլ հաղթեցի, աչքերի մեջ նայելով ու արդար խաղի կանոններով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Դատարկ ու փուչ (ռազմա)հայրենասիրութեան դասական օրինակ է վերնագիրը:

  2. Artur Lazarian says:

    Էդ ձեր ֆեդերացիայի նախագահին (որ արմատներով Շամշադինից է) հարցրէք՝ «արդեօ՞ք Սաֆարովի քրոջը յաղթելով, կրակոցները դադարեցին քո գիւղի վրայ»:

    Ճշմարիտ եմ ասում՝ դատարկ ու փուչ հայրենասիրութիւն է սա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930