Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԿԱԾ ՔԱՐԵՐ

Սեպտեմբեր 21,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ երեսունվեցերորդ

ԾԱՂԿԱԾ ՔԱՐԵՐ

Ֆրունզիկ Մկրտչյանի կերտած էդ սփյուռքահայ մտավորականն էլ էր ծագումով սասունցի, եւ դա էր երեւի պատճառը, որ Ֆրունզիկ Մկրտչյանի կերտած էդ կերպարը Ամերիկայից ոչ թե Երեւան էր ներգաղթել, այլ՝ ուղիղ Թալինի շրջան, որը, փաստորեն, սասունցիների օրրանն էր, եւ չնայած Թալինի շրջանում բնիկ թալինցիներ էլ էին բնակվում, էդ բնիկներն իրենց իսկ բնօրրանում կենվորի ու գաղթականի կարգավիճակում էին, որովհետեւ իրական գաղթականները՝ սասունցիք, Թալինի շրջանում որակյալ մեծամասնություն էին եւ իրական տեղացիներին՝ այսինքն բննիկներին ընդգծված արհամարհանքով էին վերաբերվում՝ վերջիններիս «եռլական» անվանելով, եւ էդ թվերին սասունցիների ու մշեցիների երգերը ոչ միայն Թալինի շրջանում էին թեւածում, այլեւ՝ ողջ հանրապետությունում, որովհետեւ էդ թվերին Հայաստանի ռադիոյի ու հեռուստատեսության նախագահը ծագումով սասունցի ու մշեցի Ստեփան Պողոսյանն էր, ում դուստր Հասմիկ Պողոսյանն էս պահին հանդիսանում է Հայաստանի մշակույթի նախարարը, բայց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից ու իր հորից վազն անցնելով եւ իմ բուն  պատմությանը վերադառնալով՝ պիտի ամենասկզբից սկսելով ասեմ, որ երբ Մուշեղ Գալշոյանն ինձ ու Շառոյան Ռոլանդին հրավիրեց իր ու Ալբերտ Մկրտչյանի էդ «Ծաղկած քարեր» ֆիլմի պրեմիերային, ես ու Ռոլանդն արդեն ոչ միայն գրքերի հեղինակներ էինք, այլեւ՝ արդեն Գրողների միության անդամներ, ընդ որում՝ ոչ թե Հայաստանի, այլ ԽՍՀՄ գրողների միության անդամներ, եւ մեր կասկարմիր անդամատոմսերին հեղափոխության առաջնորդի պատկերն էր շողշողում, եւ ութսունականների սկզբներին՝ Անդրոպովի իշխանության օրոք, երբ Մոսկվայում բոլոր անցորդների եւ հատկապես կովկասյան ծագումով անցորդների փաստաթղթերն էին ուշիուշով  ստուգում, մեր էդ գրողական անդամատոմսը թրի պես աջուձախ կտրում էր, եւ մեր էդ կասկարմիր ու Լենինազարդ անդամատոմսը տեսնելով՝ միլիցիոներները զգաստանում ու պատիվ էին տալիս,  եւ դա անձամբ ինձ վրա եմ զգացել, որովհետեւ Անդրոպովի իշխանության  էդ խստագույն տարում Մոսկվայում էի սովորում ու ապրում, ու  անդրոպովյան էդ ռեժիմն անձամբ ինձ վրա եմ զգացել, բայց, բարեբախտաբար, էդ ռեժիմը երկար չտեւեց, եւ հիմա էդ թեմայով շատ չեմ ուզում շեղվել, որովհետեւ եթե էդ ուղղությամբ շեղվեմ, կարող է միանգամայն այլ հիշողությունների գրկում հայտնվեմ եւ ընդհանրապես հեռանամ Մուշեղ Գալշոյանի ու Ֆրունզիկ Մկրտչյանի  հետ կապված պատմությունից, մինչդեռ էդ պատմությունն սկսելն ու ավարտելն ինձ համար արդեն անհրաժեշտություն է դառնում, որովհետեւ էդ պատմությունն արագ պիտի ավարտեմ, որպեսզի անմիջապես անցնեմ իմ ու Ռոլանդի «Ծիծեռնակի» ժամանակին:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել