Լրահոս
Օրվա լրահոսը

Տղա երեխաներով հպարտանում են, աղջիկ երեխաների համար ասում՝ աղջիկը պետք է լավ մայր լինի

Սեպտեմբեր 21,2018 20:10

«Տղա էրեխեն, դե սյուն ա քո օջախում, որին որ հենվում ես, ավանդույթով քո ծուխը ծխողն ա, մեծերի ասած: Դրանով հպարտանում ես, հայրերն իրանց լավ են զգում»,-զրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Դրախտիկ գյուղի 40-ամյա մի տիկին՝ պատասխանելով երեխայի սեռին առնչվող փորձագետների հարցերին:

Հրապարակվել է «Առօրյայի անտեսանելի կողմը. գենդերային կարծրատիպերը կենցաղում» հետազոտությունը, որն իրականացրել է ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի»-ին՝ Վորլդ Վիժն Հայաստանի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի հետ համագործակցությամբ: Տիկնոջ կարծիքին ծանոթացանք հենց այս հետազոտության մեջ:

Մասնագետների վկայությամբ, երեխաների դաստիարակության հարցում առկա է նկատելի տարբերություն՝ պայմանավորած նրանց սեռով: Օրինակ՝ աղջիկ երեխաների դաստիարակությամբ հիմնականում զբաղվում է մայրը, ընդ որում մայրը պետք է այնպես դաստիարակի, աղջիկ երեխային, որպեսզի վերջինս ե՜ւ մոր պատիվը բարձր պահի, ե՜ւ ընտանիքի/գերդաստանի, հատկապես՝ տղամարդկանց: Դեռ փոքր տարիքից աղջիկ երեխայի մեջ պետք է սերմանել կնոջը բնորոշ վարքային դրսեւորումներ եւ պարտականություններ: Հայրերը գրեթե մասնակցություն չեն ունենում այդ հարցում՝ բացառությամբ կրթությանը վերաբերող որոշ հարցերի: Ըստ զեկույցի փորձագետների, տղա երեխաների դաստիարակության հարցում արդեն մասնակցում են նաեւ հայրերը, բայց որոշակի վերապահումներով:

Նկատենք, որ աղջիկ երեխաների դերը ընտանիքի լավ մայր լինելու եւ երեխաներ ունենալու կարեւորությունից դուրս գրեթե չի ընկալվում:
Ի տարբերություն աղջիկ երեխաների, տղաների դերն առավել է կարեւորվում. նրանք դիտվում են որպես ընտանիքի սյուն, ծուխ, ժառանգորդ, խելացի մարդ, ում ներկայությամբ պետք է հպարտանալ:

Հետաքրքիր է այն փաստը, տնային տնտեսության կենցաղային բոլոր աշխատանքներն իրականացնող կանայք, եթե տան առօրյային վերաբերող որոշումներ են կայացնում, օրինակ՝ ինչ եփել այդ օրը կամ, երբ իրականացնել տան մաքրությունը, համոզված են, որ տան իշխանությունն իրենց ձեռքում է՝ «Մեր տանը մայրիշխանություն է տիրում»,-հարցումն իրականացնող մասնագետների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Վարդենիսի 29-ամյա մի տիկին:

«Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ղեկավար Սեւան Պետրոսյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները՝ նշելով, որ վերջին շրջանում հանրային տարբեր ոլորտների կողմից հրապարակվում է սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումների վերաբերյալ տեղեկատվություն, որն ուղեկցվում է բացասական գնահատականներով եւ ժողովրդագրական կանխատեսումներով: Ասաց նաեւ, որ հետազոտությունն իրականացվել է Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում: Այսինքն, հատկապես՝ այն համայնքներում որտեղ պտղի սեռի խտրական ընտրության արդյունքում տղա երեխաների ծննդյան բնական թվերը գերազանցում են աղջիկ երեխաների ծնունդներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930