Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլսը թողնում է մեր երկիրը՝ նրա ապագայի հանդեպ մեծ հույսերով

Հոկտեմբեր 10,2018 18:52 Share

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ ԱՄՆ ժողովրդի և իշխանությունների կողմից երկրին բերած մշտական զորակցությանը, հայ-ամերիկյան հարաբերություններին` գնահատելով նաև դրանց ամրապնդման և զարգացման գործում դեսպանի ներդրած ջանքերը: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայաստանում պաշտոնավարման տարիներին դեսպանն ականատես եղավ պատմական մի շարք իրադարձություններին:

Իր հերթին ԱՄՆ դեսպանը, ուրախություն հայտնելով Հայաստանում իր ծառայությունը բերելու առիթով, նշեց, որ թողնում է երկիրը նրա ապագայի հանդեպ մեծ հույսերով: Պրն. Միլսը գոհունակությամբ հաստատեց, որ այս տարիներին հնարավորություն է ունեցել ճանաչելու հայ ժողովրդին, ավելին իմանալու ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու կարևոր դերի և պատասխանատվության մասին, ինչպես նաև ծանոթանալու ազգային ավանդույթներին և սովորություններին:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը և սահմանին արձանագրվող անցանկալի միջադեպերին, որոնց հետևանքով երիտասարդ կյանքեր են ընդհատվում, հույս հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ խնդիրը կգտնի իր խաղաղ լուծումը և կերաշխավորվի մեր ժողովրդի ազատ, անկախ կյանքը մեր պատմական Արցախ աշխարհում: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն արտահայտեց հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերի կապակցությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ խոսեց նաև երկրի առջև ծառացած մարտահրավերների, մասնավորապես սոցիալ-տնտեսական կյանքի մասին: Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին` Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ կգտնվեն բարվոք լուծումներ փոխհասկացողության ոգով և երկխոսության ճանապարհով: Նորին Սրբությունը շեշտեց, որ հայ ժողովուրդն իր քրիստոնեական հավատի շնորհիվ լավատեսությամբ է մշտապես հաղթահարել իր կյանքի դժվարությունները և արձանագրել բարի արդյունքներ:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձան նաև Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կազմակերպված «Հայաստան» ցուցահանդեսին` բարձրորեն գնահատելով կատարված աշխատանքը:

Վերջում Վեհափառ Հայրապետը հաջողություններ մաղթեց դեսպանին հետագա իր ծառայության մեջ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031