Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն դիրքորոշումը, այսինքն՝ իզմերի բացակայությունն ակնհայտ դարձավ նաև ԼԳԲՏ անձանց հետ կապված ԱԺ–ում հնչեցրած տեքստում. «Փաստ»

Հոկտեմբեր 27,2018 10:56

Նախօրեին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը առիթ ունեցավ խոսելու Հայաստանում բավական զգայուն մի թեմայի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց մասին: Փաշինյանն այս մասին խոսելով՝ ամեն դեպքում նշեց, որ իր համար ավանդական հայկական ընտանիքը բարձրագույն արժեք է, բայց փորձեց խնդրին նայել նաև այլ կողմից՝ հիշատակելով Ֆրանսիայում իր հետ պատահած մի դեպք, երբ նա հանդիպել էր Հայաստանից արտագաղթած մի տղայի, ով միասեռական է:

Այս թեմայով խոսելիս Փաշինյանն ակնհայտորեն զգուշավորություն էր դրսևորում: Մի կողմից՝ նա անընդհատ ընդգծում էր ավանդական ընտանիքի հարցում իր դիրքորոշումը, մյուս կողմից էլ փորձում էր, այսպես ասած, չնեղացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց: Մեծ հաշվով, սակայն, որևէ կոնկրետ դիրքորոշում այս հարցով Փաշինյանը չհայտնեց՝ առաջարկելով բոլորով մտածել, թե ինչպիսին է լինելու մեր դիրքորոշումն այս հարցում:

Փաշինյանի նման պահվածքի հիմքերը որոշակիորեն հասկանալի են: Նա իշխանության է եկել համաժողովրդական հեղափոխության արդյունքում, ինչը ենթադրում է, որ նրան պաշտպանում են հասարակության տարբեր, հաճախ իրար հետ հակադիր հայացքներ ունեցող խմբեր: Հետևաբար որպես համաժողովրդական ղեկավար՝ Փաշինյանը չի կարող այս հարցում նժարը թեքել այս կամ այն կողմ: Հեղափոխության օրերին, դրանից հետո էլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ինքը «իզմեր» չունի, որևէ գաղափարախոսության չի հարում և իր միակ գաղափարախոսությունը հայաստանակենտրոնությունն է: Այս ձևակերպումը Փաշինյանն առավելապես կիրառում է տնտեսական և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում: Սակայն նույն այս դիրքորոշումը, այսինքն՝ իզմերի բացակայությունն ակնհայտ դարձավ նաև ԼԳԲՏ անձանց հետ կապված ԱԺ–ում հնչեցրած տեքստում:

Բայց, եթե արտաքին քաղաքականության հարցում «իզմերի» բացակայությունը կարող է հիմնավորվել հավասարակշիռ արտաքին քաղաքականություն ունենալու ձգտմամբ, տնտեսության մեջ էլ այդ իզմերը հնարավոր է հիմնավորել ավելի ներառական, ընդգրկուն, դասագրքային սահմանումներից անկախ քաղաքականություն ունենալու պատճառաբանություններով, ապա վերոնշյալ զգայուն թեմաներով ամեն դեպքում զգուշավորությունը երկար տևել չի կարող: Մանավանդ, որ այդ զգուշավոր ելույթը նույնիսկ յուրաքանչյուր կողմ ընկալել ու ներկայացրել էր ըստ իր մոտեցումների ու հայացքների:

Համաժողովրդականության բաղադրիչն անխոս կարևոր է և օրինաչափ հեղափոխության տրամաբանության կոնտեքստում: Բայց երկարատև հեռանկարում համաժողովրդականությունը կարող է բերել կոնկրետ քաղաքական պատասխանատվության բացակայությամբ այս կամ այն որոշումն ընդունելիս: Իշխանության խնդիրն, ի վերջո, բոլորին դուր գալն ու երջանկացնելը չէ: Դա անհնար է նաև տեխնիկապես: Ցանկացած իշխանություն, ցանկացած քաղաքական ուժ պատասխանատու է և իրացնում է շատ կոնկրետ քաղաքական գիծ: Հաղթում է և իշխանություն ստանում է այն ուժը, որի առաջարկած գիծը, ծրագիրը, գաղափարախոսությունն այդ պահին ունենում է ամենաշատ համակիրները:

Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031