Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՈՒԺԵՂ  ՆԱՐԴԻ

Նոյեմբեր 16,2018 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քառասունչորսերորդ

ՈՒԺԵՂ  ՆԱՐԴԻ

Հայկունու քսանբալանոց համակարգից ու շամշադինցի ճարտարապետ Կորյունի խնդիրներից բացի, մենք «Մարինոյում» ուրախանալու ու զվարճանալու այլեւայլ առիթներ ու պատճառներ էլ ենք ունենում, եւ դրանք էլ են կոնկրետ մարդկանց հետ կապված, եւ էդ կոնկրետ մարդկանցից հաջորդը ձեզ արդեն քաջածանոթ Մանուկյան Ջոնն է, ում հիմնականում ֆուտբոլիստ Սեմերջյան Մանուկի առնչությամբ գիտեք, մինչդեռ Մանուկյան Ջոնն իր բազմաբովանդակ կյանքում էնպիսի մեծությունների հետ է մոտիկից առնչվել ու շփվել, ինչպիսիք են պարուհի Պլիսեցկայան, շախմատիստ Սպասսկին, ըմբշամարտիկ Իվանիցկին ու նշանավոր շատ ու շատ ուրիշներ՝ մեր հայրենակիցներին չհաշված, որովհետեւ եթե մեր հայրենակիցներին էլ հաշվենք, չափից նվելի կերկարի առանց այդ էլ  չափից ավելի երկարած ու ձգձգված էս վեպս, որովհետեւ Մանուկյան Ջոնը մեր գրեթե բոլոր երեւելի արվեստագետներին է անձամբ ու մոտիկից ճանաչում, ինչպես նաեւ՝ գիտության բնագավառի գործիչներից շատերին, ինչպես նաեւ՝ քաղաքական գործիչներից շատերին, բայց, այսուհանդերձ, Մանուկյան Ջոնը հատկապես ու առանձնապես Սոս Սարգսյանի մտերիմ ընկերն էր, եթե չասեմ՝ ամենամտերիմը, եւ Ջոնն ու լուսահոգի Սոս Արտաշեսովիչը գրեթե ամեն շաբաթ ու կիրակի էին ժողովրդական դերասանի տանը նարդի խաղում, եւ չնայած մահացածների մասին վատ չեն խոսում, չեմ կարող չասել, որ ժողովրդական արտիստը նարդիով մշտապես  էր պարտվում Մանուկյան Ջոնին, եւ էս հանգամանքը հատուկ եմ նշում, որպեսզի նաեւ նշեմ, որ ձեր խոնարհ ծառան ընդամենը երկու անգամ է Մանուկյան Ջոնի հետ նարդի խաղացել եւ երկու անգամն էլ հաղթել է հմուտ ու փորձառու նարդիստ Մանուկյան Ջոնին, ընդ որում՝ երկրորդ անգամը չոր՝ 6:0 հաշվով, բայց պիտի խոստովանեմ, որ մանավանդ էդ երկրորդ անգամն ինձ ահավոր զառ էր գալիս, եւ ամբողջ թայլեն երեւի տասը րոպե էլ  չտեւեց, եւ հմուտ ու փորձառու նարդիստ Մանուկյան Ջոնն ահավոր մանթռաշի մեջ էր, մեծահոգաբար իմ խաղը գովեց  ու բարձր գնահատեց, ու ես, որպես նարդուց որոշ գաղափար ունեցող, պիտի խոստովանեմ, որ ե՛ւ առաջին, ե՛ւ մանավանդ երկրորդ դեպքում Ջոնի պարտության հիմնական պատճառն իմ խելագար զառն էր, բայց, այդուհանդերձ, Ջոնն իմ խաղը գնահատելով ասաց՝ «հեչ մտքովս չէր անցնի, որ բանաստեղծն էսքան ուժեղ նարդի կխաղա», եւ երբ իրեն հիշեցնելով ասացի, որ ես վաղուց ոչ թե բանաստեղծ եմ, այլ՝ արձակագիր, ինքը ժպտալով ասաց՝ «պարզվում ա՝ ոչ բանաստեղծ ես, ոչ էլ՝ արձակագիր», եւ երբ ժպտալով հարցրի՝ «բա ի՞նչ եմ», ինքը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «նարդիստ» եւ մի քիչ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «դու ի՞նչ արձակագիր. Սեմերջյան Մանուկի գյոզալ պատմությունը փչացրիր»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930