Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

11 քրեական գործ և հրաձգություն. Վրաստանի ընտրություններում հաղթում է Իվանիշվիլիի թեկնածուն

Նոյեմբեր 28,2018 23:13

Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Գելլափի» անցկացրած հարցումների համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելով անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ հավաքելով ձայների 58%-ը: Նրա հակառակորդ Գրիգոլ Վաշաձեն, որը ներկայացնում է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր շարժումը, հավաքել է ձայների 42%-ը, հաղորդում է BBC-ն:

«Ռուսթավի-2» հեռուստաալիքի անցկացրած էքզիթ-փոլը նույնպես հաղթանակը տվել է Զուրաբիշվիլիին, սակայն 55% արդյունքով:

«Մենք բոլորս կտրվեցինք անցյալից, այն ամենից, ինչը կխանգարեր Վրաստանի առաջընթացին: Մեր ընտրությունը խաղաղ և ազատ Վրաստանն է: Ես ցանկանում եմ խոսել նրանց հետ, ովքեր չեն քվեարկել իմ օգտին: Մենք բոլորս մեկ փոքրիկ երկրի քաղաքացիներ ենք, մենք ապրում ենք մեկ պետության մեջ, մենք պետք է այն համախմբենք և հանդարտեցնենք»,- մեկնաբանելով ընտրությունների արդյունքները՝ հայտարարել է Զուրաբիշվիլին:

Գրիգոլ Վաշաձեն, որը վայելում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակցությունը, իմանալով էքզիտ-պոլի արդյունքները, որոշել է առայժմ գնահատական չտալ: «Մենք, անպայման, կսպասենք վերջնական արդյունքներին, քանի որ մեծ թվով ընտրողներ ընտրատեղամասեր են եկել ժամը 17:00-ից հետո»,- ասել է նա:

Ինքը՝ Միխեիլ Սաակաշվիլին, տեսաուղերձով հայտարարել է, որ չի ճանաչում քվեարկության արդյունքները, և հասարակությանը քաղաքական անհնազանդության կոչ է արել: Նա նշել է, որ նախագահի ընտրությունները որևէ ընդհանուր բան չունեին քաղաքական գործընթացների հետ:

«Սրանք ոչ լեգիտիմ ընտրություններ էին և ես երբեք չեմ ընդունի Բիձինա Իվանիշվիլիին: Այօրվանից Բիձինա Իվանիշիլին Վրաստանի լեգիտիմ կառավարիչ չէ: Ես չեմ ընդունում և կոչ եմ անում վրացի հասարակությանը չընդունել այս ընտրությունների արդյունքները»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, սակայն, շնորհավորել է Վրաստանին «ևս մեկ հաղթանակի» կապակցությամբ: «Վրաստանը կայացած ժողովրդավարություն է,- ասել է նա:- Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիներից յուրաքանչյուրին, ով այսօր մասնակցել է ընտրություններին: Ընտրողների ակտիվությունը եղել է բավականին բարձր»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողներ 56.23%-ը (մինչդեռ առաջին փուլում՝ 38,16%-ը):

Այնուամենայնիվ, անկախ դիտորդները, այդ թվում Transparency International – Georgia-ն մատնանշել են քվեարկության գաղտնիության, ընտրողների հնարավոր կաշառման և ընտրությունների կեղծման փորձի դեպքեր:

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Նատիա Մեզվրիշվիլին հայտարարել է, որ ՆԳՆ-ն քննում է հնարավոր հանցագործության 11 փաստ, այդ թվում Չումլակի գյուղում հրազենի կիրառման միջադեպը:

Ավելի վաղ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը տեղեկություն էր տարածել, որի համաձայն հրաձգություն է տեղի ունեցել նշված գյուղի տեղամասերից մեկում: Ըստ հեռուստաալիքի, այդ ժամանակ ընտրատեղամասում է եղել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եղբայրը՝ Դավիդ Սաակաշվիլին. ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայից անհայտ անձիք մի քանի անգամ օդ են կրակել:

«Այս փուլում ականատեսների հետ զրույցներից պարզվում է, որ կատարվածը կապ չունի ընտրությունների հետ և քաղաքական շարժառիթ չունի: Կրակոցն արձակել է ոչ սթափ վիճակում գտնվող մի քաղաքացի»,- ասել է Մեզվրիշվիլին:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ անօրինական զենք կրելու և ձեռք բերելու հոդվածով:

Փոխնախարարը նշել է, որ քրեական գործ է հարուցվել  նաև «բռնություն» հոդվածով՝ կապված լրագրողի նկատմամբ ֆիզիկական վիրավորանք հասցնելու միջադեպի հետ:

ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել նաև քվեարկության շենքում բռնություն կամ բռնության սպառնալիք կիրառելու հոդվածով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930