Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞վ եք զբաղված, պետություն է սա, բամբասանքի երեկո չի». Արտակ Զաքարյան

Դեկտեմբեր 05,2018 21:33

ՀՀԿ-ի իշխանության կարեւորագույն ձեռքբերումը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը համարում է ղարաբաղյան հարցում «ստատուս-քվոյի» պահպանությունը եւ բոլոր տեսակի բարդություններից դուրս գալ: Այս մասին այսօր Արտակ Զաքարյանը հայտարարեց «Հայելի» մամուլի ակումբում, լրագրողների հետ զրույցում: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում, հիշեցնենք, Արտակ Զաքարյանը զբաղեցնում է ՀՀԿ նախընտրական ցուցակի 13-րդ հորիզոնականը:

ՀՀԿ-ի ձախողումը, ըստ Արտակ Զաքարյանի, եղել է կոռուպցիայի դեմ ձեռնարկված պայքարի ոչ արդյունավետությունը: Արտակ Զաքարյանն ասում է՝ ՀՀԿ-ական իշխանությունը շեշտը դրել էր երկրի անվտանգության խնդիրների եւ տնտեսության որոշ ճյուղերի զարգացման վրա, բայց հանրության հետ կապը թուլացրել են, սոցիալական արդարության խնդիրներին էլ բավարար ուշադրություն չեն դարձրել: «Մենք վստահ էինք, որ ամուր պետություն էինք կառուցում, ինստիտուցիոնալ հիմքերն ամուր էին եւ դա երկարաժամկետի համար հնարավորություն էր տալիս կայուն զարգացման ծրագրեր մշակել, բայց ներսում`քաղաքացու, քաղաքացիների սոցիալական խնդիրներին չկարողացանք բավարար ուշադրություն դարձնել: Մարդիկ ընկան պոպուլիզմի ետեւից, սկսեցին իրենց ավելի ականջահաճո հայտարարություններ փնտրել»,- ասաց բանախոսը` հավելելով, որ դրա արդյունքում եղավ այն, ինչ եղավ: «Բայց բնավ էլ չի նշանակում, որ այս կառավարությունը եկել է այդ մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու: Լուծելու է այնքան, որքան մենք ենք լուծել, քանի որ սա է առկա ռեսուրսների հնարավորությունը»,- շարունակեց Արտակ Զաքարյանը:

Լրագրողներից մեկը նկատեց`դեկտեմբերի 7-ին կորոշվի երկրորդ նախագահի կալանավորել-չկալանավորելու հարցը. շատերն այն կարծիքին են, որ Ռոբերտ Քոչարյանին կկալանավորեն մինչ ընտրությունները`դիվիդենտներ շահելու համար, իսկ հետընտրական շրջանում բաց կթողնեն նրան:

«Սա կոչվում է թայֆաբազություն, խաբեություն: Եթե իրավական դաշտը թույլ է տալիս անել մի գործողություն, որը բխում է օրենքի տառը պահպանելուց, ուրեմն պետք է անել այդ գործողությունը: Եթե իրավական համակարգը պայքարում է համապատասխան հիմքեր հայթայթելու համար, ուրեմն, անում է անօրինական գործողություն»,- արձագանքեց Արտակ Զաքարյանը` հավելելով, որ հիմա հասկանում է, թե ինչո՞ւ մենք երկար տարիներ պետություն ու պետականություն չենք ունեցել. «Փողոցի, խոհանոցի մակարդակի են հարցերը լուծվել: Ինչո՞վ եք զբաղված, պետություն է սա, բամբասանքի երեկո չի»:

Գործող իշխանության`կոռուպցիոն բացահայտումների մասին էլ բանախոսն ասաց` գոյություն ունի իրավական դաշտ եւ իրավական դաշտի խնդիրները պետք է այդ դաշտում լուծվեն: «Ես դեմ եմ եւ չեմ ընդունում, որ քաղաքական գործիչն ամեն տեղ իր քիթը խոթում է եւ փորձում մանիպուլացնել հանրային կարծիքը: Մենք, որքան մեր ժողովրդին խաբենք`սեփական շահերի համար, ամենավատ եւ ամենաստոր արարքն է»,- ասաց նա`հավելելով, որ պետությունն այդպիսով ոչնչի չի հասնի:

Արտակ Զաքարյանը կարծում է, որ հաջորդ խորհրդարանը չի արտահայտելու երկրի իրական քաղաքական դաշտը: Ավելին, նա կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում դիկտատուրա է հաստատվելու: Արտակ Զաքարյանը ՀՀԿ-ի համար արտախորհրդարանական հարթակը գործունեության բավարար դաշտ չի համարում, քանի որ արտախորհրդարանական դաշտը հնարավորություն չի տալիս որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալ: Ուստի, իրենք ձգտելու են լինել խորհրդարանում: ՀՀԿ-ի`ԱԺ-ում լինելուց, ըստ նրա, շահելու է պետությունն ու հասարակությունը, քանի որ ստիպելու են իշխանությանն աշխատել, իրենցից «պրծնելու համար» էլ իշխանությունը ստիպված է լինելու աշխատել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ինչ «պետութի՜ւն», ինչ մետութիւն…

    պարզապէս տեւական մրցոյթ մըն է, ուր կը յաղթէ այն խմբակը որ միւսերէն աւելի լաւ ու ազդու կերպով խաբել գիտէ, ստել գիտէ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31