Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի կարճատեւ լինելու փուլում նորաստեղծ ուժերն ավելի ծանր պայմաններում էին, քան՝ արդեն հայտնիները:
«Քանի որ հանրության շրջանում ճանաչելի դառնալու խնդիր ունեին, մասնակից ուժերը հիմնական շեշտը դրեցին համացանցային գովազդի վրա։ Այս նպատակով աննախադեպ ռեսուրսներ ծախսվեցին»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ ամենամեծ գումարները ծախսվեցին ֆեյսբուքյան գովազդի վրա, որովհետև Ֆեյսբուքը շարունակում է մնալ քաղաքական գործիք։ Հարյուրավոր վարկանիշային թեկնածուների գովազդների հետևանքով մի քանի օրվա ընթացքում գովազդի գինը ֆեյսբուքում ավելացավ մոտ 50 տոկոսով: Փորձագետի խոսքով, գովազդ տեղադրվեց նաեւ Google-ի գովազդային համակարգում, եւ հեռախոսով խաղ խաղացողները քաղաքական գովազդի էին հանդիպում:
Սամվել Մարտիրոսյանն արձանագրել է նաեւ, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս ընտրություններին պասիվ էին ադրբեջանական եւ ռուսական ֆեյքերը։ Նրա կարծիքով, հավանաբար, ադրբեջանական ֆեյքերի պասիվությունը պայմանավորված է անորոշությամբ, դեռ չեն պատկերացնում՝ ինչ է Հայաստանում կատարվում և չգիտեն՝ ինչ քայլերի դիմեն: Բացի այդ, ըստ փորձագետի՝ հիմա ֆեյքերին facebook-ն էլ է հեշտությամբ բռնում.
«Առաջ են մղվել իրական դեմքերը, ովքեր կարծիք են ձևավորում սոցիալական ցանցերում։ Բացի այդ՝ այս անգամ շատ մեծ էր անհատական ներգրավվածությունը, և որոշ քաղաքական գործիչներ ցանցերում անձամբ էին սեփական քաղաքական գովազդով զբաղվում»:
Իսկ ամենահիշվող ցանցային գովազդը, Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ, ՀՀԿ-ինն էր՝ սև-սպիտակ տխուր պաստառներով, սպիտակ ձիով։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































