Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած դժբախտ դեպքից

Դեկտեմբեր 19,2018 23:13

Վանաձորի Արցախ պուրակում կառուցվող մանկական զբաղվածության կենտրոնում երեկ երեկոյան դժբախտ դեպք է պատահել: Կիսակառույցի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի. «Երեկ ժամը 23:15-ին ստացել ենք ահազանգ: Տեղում պարզվել է, որ մահացողը 1941 թվականին ծված Վանաձոր քաղաքի բնակիչ Հելբերտ Մաթեւոսյանն է: Նա հանդիսացել է նշված շինության պահակ,- տեղեկացրեց ԼՄՓՎ ՃԿԿ հրահանգիչ, փրկարարական ծառայության լեյտենանտ Արտակ Պողոսյանը:

Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանն ասում է, որ շինաշխատանքների պատասխանատուն քաղաքապետարանը չէ, իրենք միայն թույլտվություն են տալիս. «Շինարարական աշխատանքները կատարվում է պայմանագրի հիման վրա՝ շինարարական կազմակերպության հետ: Նաեւ կա տեխնիկական հսկողություն իրականացնող: Հետեւաբար, բուն շինարարության պրոցեսն ու ամենօրյա հսկողությունը կատարում են այդ կազմակերպությունները: Իսկ շինարարության արտադրության փուլում, շինարարության անվտանգության հետ կապված աշխատանքներն էլ բնականաբար շինարարական կազմակերպության ներքին կարգապահական գործառույթն է, որը պարտադիր պետք է իրականացվի: Իհարկե, նաեւ կառուցապատողի հսկողությամբ»:

Մինչդեռ տարածքի համասեփականատեր Տիգրան Հարությունյանն ասում է, որ իրենք նույնպես շինարարական աշխատանքների հետ կապ չունեն. «Թեմայի մասին ոչ մի տեղեկություն չեմ կարող ձեզ տալ, որովհետեւ ոչ մի հստակ տեղեկություն չունեմ: Ես բաժնետեր եմ, պատվիրել եմ, շինարարական կազմակերպությունը շենքը սարքում է: Ես շինարարական աշխատանքների հետ ոչ մի կապ չունեմ»:

Տարածքում աշխատանքներն իրականացնում է «Գեւ տանիք» ՍՊԸ-Ն: Շինարարության աշխղեկ Աշոտ Պետրոսյանն ասում է, որ դեկտեմբերի 1-ից շինարարական աշխատանքները դադարեցված են. «Այդ մարդը՝ Հելբերտն աշխատել է հորս բրիգադում: Ես քանի որ Տարոն թաղամասում եմ ապրում, այդ մարդը կողքի շենքի երկրորդ հարկում էր ապրում: Ուղղակի, որ ես Տարոնից չգամ, խնդրել էի, որ մեկ-մեկ չորս ու կողմը նայի: Քանի որ շինարարությունը կանգնեցված է ու դարպասը փակ է, որ հանկարծ կողպեքը կամ ցանկապատը պոկած չլինեն: Եթե նման բան լինի, զանգի ինձ ասի: Ինքը պահակ չէր: Շենքն ու իրենց երկրորդ հարկի պատշգամբը նույն նիշի վրա են գտնվում: Որ իրենց պատշգամբից նայում ես, ամբողջ շինհրապարակն առջեւումդ է»:

Մանկական զբաղվածության կենտրոնի շինաշխատանքներն իրականացվում է 2017 թվականի հոկտեմբերից: Սուրեն Աբովյանն ասում է, որ համայնքապետարանը կամ այլ պետական մարմին լիազորություն չունի միջամտելու. «Մենք միայն ընդունում ենք փաստը, որ կա պայմանագիր, կա շինարար, որն ունի լիցենզիա, կա տեխնիկական հսկող, եւ պետք է ուղակի հետեւենք, որ աշխատանքները կատարվեն շինթույլտվության հաստատված նախագծին համապատասխան»:

Վանաձորի գլխավոր ճարտարապետն ասաց, շինարարությունը կարող են կասեցնել միայն քաղաքաշինական նորմերի խախտումների դեպքում, իրենք սակայն նման խախտումներ չեն արձանագրել: Մինչդեռ ՀՔԱՎ-ի Վանաձորի գրասենյակը շինության օրինականության հետ կապված հայցով դիմել է դատարան:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիս ամսին տարածքում գրանցվել էր եւս մեկ դժբախտ պատահար: Աշխատակիցն ընկել էր վերամբարձ կռունկից եւ մահացել:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31