Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Մարտիրոսյան. տարվա ընթացքում Արցախում ստեղծվել է ավելի քան 1200 աշխատատեղ, որից շուրջ 500-ը` արդյունաբերության ոլորտում

Դեկտեմբեր 27,2018 15:06

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով` ամփոփելու կառավարության գործունեության արդյունքները 2018 թվականի ընթացքում և ներկայացնելու հաջորդ տարվա ծրագրերն ու անելիքները:

Գ. Մարտիրոսյանը նշեց, որ ընթացիկ տարվա վիճակագրական տվյալները դեռևս վերջնականապես ամփոփված չեն, սակայն որոշակի կանխատեսումային ցուցանիշներ արդեն կան:

«Ինն ամսվա տվյալներով արձանագրված 12.2 տոկոս տնտեսական աճը, ինչպես նաև 11 ամսվա տվյալներով արձանագրված 11.7 տոկոսի չափով տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) հնարավորություն են տալիս կանխատեսել տարվա կտրվածքով ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ և ավելի քան 300 մլրդ դրամ համախառն ներքին արդյունք (ՀՆԱ)»,- ասաց պետնախարարը:

Գ. Մարտիրոսյանն ընդգծեց, որ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կկազմի 4260 ԱՄՆ դոլար և առաջին անգամ այդ ցուցանիշը կհասնի ՀՀ միջին ցուցանիշին:

Նա նշեց, որ արդյունաբերության ոլորտում 9 ամիսների տվյալներով արձանագրվել է 30 տոկոս աճ` հանքարդյունաբերության ոլորտում` 40 տոկոս, մշակող արդյունաբերության ոլորտում` 26 տոկոս և էներգետիկայի ոլորտում 14 տոկոս աճ:

«Էներգետիկայի ոլորտում 2018 թվականին արձանագրել ենք էական առաջընթաց, մասնավորապես, կառուցվել է 5 հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ) և այսօր արդեն հանրապետությունում գործում է 21 ՀԷԿ: Արդյունքում աճել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը`ավելի քան 20 տոկոսով, և եթե նախորդ տարում արտադրվել է 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ապա այս տարի արտադրությունը կազմել է` 400 մլն կՎտ/ժ»,- նշեց Գ. Մարտիրոսյանը:

Ըստ նրա` 2019 թվականին արդեն կանխատեսվում է ավելի քան 600 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրություն, ինչը նրա խոսքով թույլ կտա ավելացնել արտահանումը:

Պետնախարարը նաև ընդգծեց, որ տարվա ընթացքում ստեղծվել է ավելի քան 1200 աշխատատեղ, որից շուրջ 500-ը` արդյունաբերության ոլորտում:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31