Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Մինչ օրս որ ՀՀ-ից երեխա որդեգրեն ու օրգանների համար օգտագործեն, նման բան տեղի չի ունեցել»

Հունվար 10,2019 12:54

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը այսօր կառավարության նիստում երեխաների որդեգրման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ երեխաների օրգանները վաճառելու նպատակով որդեգրման դեպքեր են արձանագրվում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, թե ամենաշատը խոսվում է այն մասին, որ երեխայի որդեգրման գործընթացը փող արժե ու հավելեց. «Տարբեր օղակներում է, և մենք այս ինֆորմացիային պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնենք: Պետք է ստուգել, ես հիմա չեմ կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց որ ռիսկերը շատ մեծ են ու նաև ենթադրվում է, որ նման պրակտիկա կա, դրանով պետք է լուրջ զբաղվել»:

Արարատ Միրզոյանն ասաց, որ ինքն էլ չի ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց այստեղ ավելի բարդ խնդիր է, քան կոռուպցիան եւ այստեղ գործ ունենք մաֆիայի հետ: «Ես իմ գործունեության մի քանի ամիսների ընթացքում համառորեն փորձել եմ այդ կծիկը քանդել և շարունակաբար ունեցել եմ զգացողություն, որ ինչ-որ բան այն չէ: Եվ ամեն ինչ շատ մոտ է բացահայտվելուն, բայց այդպես էլ արդյունք չեմ կարողացել արձանագրել: Ընդ որում, գումարները, որոնց մասին խոսում ենք, սկսվում են ծննդատներից և շարունակվում են մյուս հաստատություններում, միայն այսբերգի գագաթն է: Շատ ավելի ցավալի իրողության հետ գործ ունենք՝ մասնավորապես, երեխաների օրգանների վաճառքի, այդ թվում՝ և արտասահման որդեգրվող: Մենք նաև արդարադատության նախարարի հետ ենք խոսում՝ ստուգելու դա: Փաստաթղթային առումով մինչ այս պահը եկածը բավարար է, գոհացուցիչ է, ոչ մի վատ դեպք չի բացահայտվել»,- ասաց Միրզոյանը: Նա նաեւ հայտնեց, թե կասկածներ կան, որ միայն երեք ուղղությամբ են հիմնականում երեխաները որդեգրվում արտասահման եւ այդ երկրները բավական հայտնի են վատ առումով:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչի մասին է խոսքը: Արարատ Միրզոյանն ասաց, որ երբեմն կեղծ կամ ոչ կեղծ մարդիկ տարբեր երկրներից երեխաներ են որդեգրում, որոնք չունեն ծնողներ, իսկ հետագայում այդ երեխաները կարող են զրկվել իրենց մեկ երիկամից կամ այլ օրգանից: «Դա կա աշխարհում, և Հայաստանը միակ երկիրը չէ»,- պատասխանեց Միրզոյանը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդպիսի դեպք գրանցել է: «Հենց էդ եմ ուզում ձևակերպեմ, որ օդում կախված համառ լուրեր կան, որ այդպիսի բաներ կան»,- եղավ Արարատ Միրզոյանի պատասխանը, ինչի հետեւեց Փաշինյանի արձագանքը. «Դե դրանք սխալ թեմաներ են, կներես, էս ընթացքում ճնշումս մի քիչ բարձրացավ»:

Արարատ Միրզոյանն ասաց՝ որպեսզի այդ ռիսկերն իրականություն չդառնան, այս հարցում լրջագույն վերահսկողության խնդիր կա:

Զրույցին միջամտեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա ասաց, որ Արարատ Միրզոյանի նշած դեպքերի մասին երբեք ինֆորմացիա չեն ստացել, գործընթացը մշտապես գտնվում է իրենց վերահսկողության տակ. «Մինչ օրս որ ՀՀ-ից երեխա որդեգրեն ու օրգանների համար օգտագործեն, նման բան տեղի չի ունեցել: Գործընթացը գտնվում է խիստ հսկողության ներքո, մենք տիրապետում ենք այդ ինֆորմացիային»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031