Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ պարգեւատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար ՊԵԿ-ից կազմում է 14 մլն դրամ. Դավիթ Անանյան

Հունվար 29,2019 17:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր իշխող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստին մասնակցել է նաեւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանն ասել է, որ ինքը իշխող խմբակցության պատգամավորներին մանրամասն պարզաբանումներ է տվել աղմուկ հանած պարգեւատրումների եւ առհասարակ աշխատավարձերի մասին: ՊԵԿ նախագահը ներկայացրել է հրապարակման ենթակա տեղեկությունները, որոնք չեն հակասում անձի անձնական տվյալների պաշտպանության օրենքին, ասել է, որ ամփոփ քննարկում է եղել, հնչել է 15-20 հարց: Մանրամասներ Անանյանը չի հրապարակել՝ պատճառաբանելով, որ նիստը դռնփակ էր:

Լրագրողները հետաքրքրվել են՝ իրավասություն ունե՞ն պատգամավորներն իրեն խորհրդարան հրավիրելու: Դավիթ Անանյանը պատասխանել է, որ իրավասության խնդիր չի տեսնում եւ հայտարարել է, որ իրենք կողմ են հաշվետվողականության սկզբունքին. «Մեր գործընկերները աշխատանքային կարգով հրավիրել են, ես եկել եմ եւ քննարկել ենք»: Նա նաեւ հայտարարել է, որ ինքը կգար խորհրդարան նաեւ այն դեպքում, երբ ընդդիմադիր պատգամավորները հրավիրեին:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ կարողացե՞լ է հիմնավորել իր ղեկավարած գերատեսչությունում պարգեւավճարների անհրաժեշտությունը, Դավիթ Անանյանը պատասխանել է, որ խնդիրը ոչ թե հիմնավորումների հարթությունում է եղել, այլ պարզաբանումների: Դավիթ Անանյանը չգիտի իր պատասխաններից պատգամավորները բավարարվա՞ծ են եղել, թե՞ ոչ, բայց ինքն իրենից ու իր պատասխաններից բավարարված է. «Ամեն ինչ ճիշտ է կատարվել, օրենքի տառին համապատասխան: 9, 8, 7, 6 միլիոն պարգեւատրումներ չկան, մենք իրավաբանների հետ աշխատում ենք, թե ինչ տարբերակով է հնարավոր հանրայնացնել այդ տեղեկատվությունը»:

Պատգամավորները՝ ըստ Դավիթ Անանյանի, նույնպես կողմ են արտահայտվել, որպեսզի առաջիկայում օրենսդրական փոփոխություններ արվեն՝ հանրություն-պետական ծառայող կապը ավելի թափանցիկ դարձնելու համար:

Դավիթ Անանյանը լրագրողներին հորդորել է իր եկամուտների մասին տեղեկություններ հրապարակելիս հիմնվել իր հայտարարագրի վրա, որն արդեն հրապարակվել է: Ըստ այդմ՝ անցած տարի նա 23 մլն դրամ եկամուտ է ունեցել, որից 4,8 մլն-ն ստացել է ֆինանսների նախարարությունից՝ 4,5 ամսվա աշխատանքի համար, իսկ 18,5 մլն-ն՝ ՊԵԿ-ից՝ 7,5 ամսվա աշխատանքի համար: «Իմ եկամուտները ամսական 2,3 միլիոնը չեն գերազանցում՝ աշխատավարձով, հավելավճարով, պարգեւատրումներով: Իմ պարգեւատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար ՊԵԿ-ից կազմում է 14 մլն դրամ»,- ասաց Դավիթ Անանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031