Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԵՄ-ն շարունակելու է մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված բարեփոխումների իրականացմանը. Ռիչարդ Թիբբելս

Հունվար 30,2019 22:45

Հունվարի 30-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ խմբակցության ներկայացուցիչները խոսել են Ազգային ժողովում իրենց առաջիկա անելիքների եւ ծրագրերի մասին, անդրադարձել Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության ձեւաչափին: Նշվել է, որ տնտեսական բարեփոխումների արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու իրականացնել օրենսդրական փոփոխություններ:

Ռիչարդ Թիբբելսը նշել է, որ տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սա իր առաջին այցն է Հայաստան: Ըստ նրա՝ Եվրամիությունը շարունակելու է մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված բարեփոխումների իրականացմանը: Ռիչարդ Թիբբելսը կարեւորել է խորհրդարանի դերակատարությունը երկրում տեղի ունեցող բարեփոխումների եւ քաղաքական զարգացումների գործընթացներում, ինչպես նաեւ կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողության, բարեփոխումների իրականացման համար պատշաճ օրենսդրական դաշտի ապահովման հարցերում: Նա նշել է, որ ԵՄ-ն այդ բոլոր ուղղություններով պատրաստ է սատարել Հայաստանի խորհրդարանին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը. խորհրդարանականներն ընդգծել են, որ անկախ քաղաքական իրավիճակից՝ խնդիրը մշտապես գտնվում է մեր երկրի ուշադրության կիզակետում:

      **********

Նույն օրը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսի հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանը:

Ռուբեն Ռուբինյանը ժողովրդավարական արժեքների առաջմղման հարցում առանձնակի կարեւորել է ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցությունը: Անդրադառնալով մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընդգրկուն գործընթացին՝ նա արժեւորել է այս հարցում աջակցությունը ԵՄ-ի կողմից

Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում:

Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է նպատակային ներդրումային ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք կարող են լուրջ խթան հանդիսանալ Հայաստանում տնտեսական հեղափոխության համար: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ օտարերկրյա ներդրողների համար գրավիչ կարող է լինել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը Հայաստանում թռիչքաձեւ զարգանում է: Նա եւս կարեւորել է ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը:

Վիկտոր Ենգիբարյանը հյուրերին ներկայացրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթները՝ այս համատեքստում ընդգծելով ԵՄ-ի հետ փոխգործակցության առանցքային ուղղությունները:

Ռիչարդ Թիբբելսը, անդրադառնալով իր գործունեությանը եւ այցի նպատակին, ընդգծել է, որ Հայաստանը կարող է հույս դնել Եվրամիության վրա՝ հաշվի առնելով տեղի ունեցած հեղափոխությունը եւ այդ հեղափոխության վերջնական ամրագրումն ընտրությունների միջոցով: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ հյուրը նշել է, որ չկա երկկողմ համագործակցության որեւէ ոլորտային սահմանափակում: Ռիչարդ Թիբբելսի խոսքով՝ Հայաստանը լավ օրինակ է տարածաշրջանի երկրների համար այն առումով, որ արդյունավետորեն համագործակցում է ԵՄ-ի հետ՝ միաժամանակ որեւէ կերպ չխոչընդոտելով այլ գործընկերների հետ հարաբերություններին:

Բանախոսներն անդրադարձել են նաեւ ԵՄ մուտքի վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ակտիվացմանը, GSP+ համակարգի ընձեռած հնարավորությունների ամբողջական իրացմանը, այլ հարցերի:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031