Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական զորախմբի Սիրիա մեկնելու առնչությամբ Աշոտյանի մտահոգություններին պատասխանում է Արամ Խաչատրյանը

Փետրվար 08,2019 22:00

Փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ)՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին այսօր հայտնել է պաշտպանության նախարարությունը: Հայտարարության մեջ ասված է՝ «Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: ՀՀ-ի՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում եւ հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 եւ 2018 թվականի № 2401 բանաձեւերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաեւ Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»:

Սիրիա զորախումբ ուղարկելու առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն մտահոգություններ է հայտնել: Աշոտյանը մասնավորապես նկատել է՝ «ԱԺ-ում մի քանի անգամ հարց եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, պահանջել, որ գործընթացը կազմակերպվի ՀՀ օրենսդրությանն համապատասխան եւ ապահովվեն մեր զինծառայողների իրավունքները եւ երաշխիքները։

Այսօր ՊՆ-ն հայտնեց, որ զորախումբը արդեն Սիրիայում է։ Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը։ ՀՀ Կառավարությունը պետք է արագ պատասխանի հետեւյալ հարցերին՝ Հրապարակի Սիրիայի իշխանությունների պաշտոնական խնդրանքը հայկական զորախումբ ուղարկելու հետ կապված։ Ինչո՞ւ է խախտել օրենքը եւ առանց միջազգային համապատասխան պայմանագրի՝ ուղարկել մեր զորախումբը Սիրիա։ Ինչպե՞ս են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում»։

Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արամ Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում Աշոտյանի մտահոգությունները փարատում է: «Մեր զորախմբի առաքելությունն այն է, որ հայ համայնքի խնդիրները պետք է լուծեն, եւ բուժօգնություն ցուցաբերեն: Այնտեղ են նաեւ սակրավորներ, նրանք Հալեպում են, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը մեկնաբանել է,  ավելացնելու բան չունեմ»:

Խաչատրյանը հիշեցրեց՝ հայկական զորախմբի Սիրիա մեկնելը պայմանավորված է 2001-ին Հայաստանի եւ Սիրիայի կառավարությունների միջեւ կնքած պայմանագրով:

Աշոտյանի նշած՝ զինվորականի իրավունքների երաշխիքների առնչությամբ էլ Խաչատրյանն ասաց՝ «Եթե խոսքը նրանց անվտանգության մասին էսպես ասեմ՝ նրանք մարտական գործողություններին չեն մասնակցելու: Մասնագետների մի մասն էլ ինժեներա-սակրավորային աշխատանքներ պետք է իրականացնի, Սիրիայում Հայաստանի հյուպատոսարանն է հիմնականում այդ հարցերով զբաղվելու: Սա մարդասիրական առաքելություն է»:

Բացի այս, Խաչատրյանը նաեւ նկատեց՝ «Այդ կետերը, որ Աշոտյանը նշել է՝ որտեղի՞ց է վերցրել, որ Սիրիայի իշխանությունը նման խնդրանքով է դիմել, որպեսզի իշխանությունն էլ հրապարակի»:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե օրենք է խախտվել, ապա Խաչատրյանը դիմեց Աշոտյանին՝ «Հղում արեք, թե որտե՞ղ է օրենքը խախտվել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ». Հոդվածի հրապարակումից հետո Արմեն Աշոտյանը խմբագրությանը փոխանցեց այն հարցերի պատասխանները, որոնք հնչեցրել էր պրն Խաչատրյանը: «Այդ կետերը, որ Աշոտյանը նշել է՝ որտեղի՞ց է վերցրել, որ Սիրիայի իշխանությունը նման խնդրանքով է դիմել, որպեսզի իշխանությունն էլ հրապարակի»,- հարցադրման առնչությամբ նա մեջբերեց ԱԳՆ մամուլի նախկին քարտուղար Տիգրան Բալայանին, որը 2018-ի սեպտեմբերի 26-ի ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Սիրիայի իշխանությունը մի քանի ամիս առաջ օգնության խնդրանքով դիմել է Հայաստանին. «Դա Սիրիայի կառավարության հրավերն է եւ կատարվելու է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան: Հրավերն ուղարկվել է մի քանի ամիս առաջ»:

Արամ Խաչատրյանի առաջարկի առնչությամբ՝ «Հղում արեք, թե որտե՞ղ է օրենքը խախտվել», պրն Աշոտյանը մեջբերեց ՀՀ պաշտպանության մասին օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը.  «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով զինված ուժերի ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնակցել խաղաղապահ կամ ռազմական գործողությունների»:

Հավելենք, որ նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝  ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728