Պանադրբեջանական և պանթուրքիստական շրջանակները հայ-իրանական հարաբերություններում այսպիսի դրական տեղաշարժ չէին սպասում: Հայաստանի վարչապետի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության պաշտոնական այցելությունն Իրանի Իսլամական Հանրապետություն, նման բարձր կարգի ընդունելությունը և հատկապես Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հեղափոխության առաջնորդ պրն Խամենեիի հետ, նաև վերջինիս դիվանագիտական և հավասարակշիռ խոսքերն անսպասելի էին ադրբեջանական ծայրահեղական շրջանակների համար: Նրանք ենթադրում էին, որ Հայաստանյան հետ հեղափոխական իրավիճակում և տարածաշրջանային անցուդարձերի ֆոնի վրա սառնություն կտիրի հայ-իրանական հարաբերություններում: Ադրբեջանի վերնախավի և նրանց իրանցի համախոհների կողմից նման հակահայկական սաստիկ արշավի մենք հանդիպել էինք միայն Շուշիի ազատագրման օրերին, երբ նույն խմբերը դարձյալ փորձում էին ճնշում բանեցնել ԻԻՀ-ի կառավարության վրա:


Պաստառի մակագրություններն են. «Հարգելով Խոջալուի եղեռնի զոհերի հիշատակը, դատապարտում ենք Փաշինյանին Իրան հրավիրելու որոշումը: Ղարաբաղն ադրբեջանական և իսլամական տարածք է»:
Նույն օրը Թավրիզի «Տրակտորսազի» ֆուտբոլի ճանաչված խումբն իր դաշտում մրցում էր «Սեփահան» խմբի հետ և հաղթեց: Այս ակումբը հայտնի է իր բազմահազարանոց ֆանատներով, որոնք միշտ ևս խնդիր են ստեղծում ոստիկանական ուժերի համար: Այստեղ միշտ թափանցում են ադրբեջանցի ծայրահեղականներն ու իրենց տեղացի համախոհները, որոնք անջատողական կոչեր են հնչեցնում և թուրքական ու ադրբեջանական դրոշ են պարզում:

Հաջորդ օրը հրապարակվեց Թավրիզի «Մի խումբ արվեստի գործիչների» նամակը և հարցապնդումը արտգործնախարարին, իսկ այսօր Բաքվում՝ ԻԻՀ-ի դեսպանության մոտ տեղի ունեցավ փոքր մի ցույց. ցուցարարները բողոքում էին ՀՀ վարչապետի ԻԻՀ կատարած այցելության դեմ, Իրանի Ատրպատական՝ Ազարբայջան նահանգն անվանում էին «Հարավային Ադրբեջան» և հայերին, ռուսներին ու պարսիկներին համարում էին իրենց թշնամիները:
Իրանի ատրապատականցի բազմամիլիոնանոց համայնքի ստվար զանգվածները թե հին անցյալում և թե ԽՄ փլուզումից հետո շատ ջերմ հարաբերություններ են ունեցել իրանաբնակ հայերի հետ: Իրանի հայերը և ազերիները 20-րդ դարի սկզբում միասին պայքարել են երկրում Սահմանադրական կարգեր հաստատելու համար, իսկ Իրանի կոմունիստական կուսակցության ազդեցիկ անդամների շոշափելի մասը եղել են հայեր և ազերիներ: Հայաստանի անկախության առաջին օրվանից ի վեր Իրանի ատրապատականցիները գործուն դեր են ունեցել մեր երկրի տնտեսական կյանքում, որը մասամբ ուղղորդված է եղել Իրանական իշխանությունների կողմից: Սա ինքնին թողել է դրական ազդեցություն, մենք շահել են բազմահազար իրանցի ազերիների համակրանքը, իսկ Բաքվում դժգոհել են իրենց «եղբայրների» Հայաստանին օգնելու վարքագծից: Բաքուն մուտքի թույլտվություն չի տալիս այն իրանցիներին, որոնց անձնագրում կա Հայաստան ճամփորդելու կնիք:
Այս թեմայով փորձել եմ ծանոթանալ նաև մի խումբ փորձագետների կարծիքին: Տիրական կարծիքն այն է, որ այս խլրտումներն առաջացնողներն խիստ փոքրամասնություն են և օգտվում են նաև ԻԻՀ-ի ունեցած մի շարք ներքին դժվարություններից, այդ շարքում նաև տեղական ինքնակառավարման օրենքների թերություններից և Իրանի բազմազգ նահանգների համար մշակութային առանձնահատկության անտեսումից: Իրանի իրավապահները հսկում են իրավիճակին, արդեն իսկ որոշները պատասխանատվության են կանչվել և իրավիճակը հանդարտ է:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ


















































