Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ատոմ Մարգարյան. Ոչ մասնագետների, ո՛չ էլ հասարակության համար չի կարող հասկանալի լինել, թե պետական ինստիտուտներն ինչ սկզբունքով ու նպատակով են օպտիմալացվելու. «Փաստ»

Մարտ 06,2019 11:44 Share

Այն, որ պետական կառավարման համակարգն իրոք ուռճացված է, երկու կարծիք լինել չի կարող: Եվ որ այն պետք է օպտիմալացնել, դա էլ է անվիճելի: Այսինքն, կառուցվածքային առումով անարդյունավետ համակարգն, իրականում, ի վիճակի չէ ադեկվատ ու ժամանակին արձագանքել այն խնդիրներին և մարտահրավերներին, որոնք այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ են երկրի զարգացման համար:

Բայց որ պետական կառավարման ապարատի կառուցվածքային փոփոխությունները պետք է բխեն հստակ ծրագրերից ու տեսլականից, սա նույնպես անվիճելի է:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 4-ի՝ վարչապետի հանձնարարականի կատարման մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից կազմված արձանագրման բովանդակությանը՝ նշեց, որ թեև պետական միջոցները թույլ չեն տալիս եղած «ճոխությունները» պահպանել, բայց միևնույն ժամանակ հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած քաղաքական ուժը կանգնած է իր կողմից հայտարարված ծրագրերի պարտադրանքի առջև: Ուստի, պրոֆեսիոնալ, արդյունավետ և մրցունակ կառավարում իրականացնելու համար պետք է ամեն ինչ անի, որ ռեֆորմները բխեն պետական ծրագրից, ինչը, ցավոք, ինչպես երևում է արձանագրումներից, այդպես չէ:

Խոսելով առհասարակ պետական կառավարման համակարգի օպտիմալացման միջազգային փորձի մասին՝ տնտեսագետը նշեց, որ զարգացած երկրներում կառավարման համակարգերն ավելի կոնսերվատիվ բնույթ ունեն և հակված են ավելի ճկուն քաղաքականություն վարել:

«Կան նաև այլընտրանքային մոտեցումներ, այսինքն՝ ծառայություններ, որոնք ոչ թե պետական չինովնիկներն են մատուցում, այլ պետությունն այն գնում է մասնավորից: Այս այլընտրանքը յուրաքանչյուր երկիր յուրովի է լուծում, և պետական ծառայողների թվաքանակն անընդհատ փորձում են օպտիմալացնել: Այսինքն, բոլորը ցանկանում են ունենալ այնպիսի պետական կառավարման կառուցվածք և այնքան ծառայող, ինչքան անհրաժեշտ է: Այն, որ մեր պետական կառավարման համակարգն ուռճացած է, միանշանակ է: Բայց դա իր պատճառներն ունի, այդ թվում՝ նաև քաղաքական: Եվ քանի որ պետական կառավարման համակարգը նաև քաղաքական ծառայություններ է մատուցել, իսկ աշխատողներն էլ ընտրությունների ժամանակ ձայներ ապահովելու գործառույթ են իրականացրել, ուստի քաղաքական որոշում է կայացվել թեկուզ ցածր աշխատավարձով, բայց երաշխավորված աշխատանքով ապահովել: Իսկ թե ինչ տեղի կունենա պետական կառուցվածքի հետ, ինչպիսի ֆունկցիաներ այն կիրականացնի, պետական կառույցը ինչպիսի բովանդակություն, իսկ պետական ծառայողն ինչպիսի ծանրաբեռնվածություն, աշխատանքային օրակարգ պետք է ունենա՝ եղել է երկրորդական, եթե չասենք՝ չորրորդական հարց»,- ասաց Ա. Մարգարյանը:

Եվ այս պայմաններում, երբ մի կողմից փաստացի պետական ծրագիր չկա, իսկ մյուս կողմից փորձ է արվում պարտադրված ձևով ռեֆորմ իրականացնել, ո՛չ մասնագետների, ո՛չ էլ հասարակության համար չի կարող հասկանալի լինել, թե պետական ինստիտուտներն ինչ սկզբունքով ու նպատակով են օպտիմալացվելու: Տնտեսագետի կարծիքով, այդ ամենից խուսափելու համար պետք է կառավարության կողմից իրականացվելիք քայլերը լինեն տեսանելի, հիմնավորված և ներկայացված լինեն այն այլընտրանքները, որոնք առաջարկվելու են:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել