Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Թուրքիայում «վոյաժներ» արած ահաբեկիչն իր զենքի վրա հայերեն գրել․ քաղաքագետի մեկնաբանությունը

Մարտ 18,2019 21:55

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Նոր Զելանդիայում մզկիթների վրա ահաբեկչական հարձակում գործածի զենքերի վրա առկա հայերեն, վրացերեն, լեհերեն,սերբերեն գրություններն, ասաց․ «Առաջին անգամն էր ահաբեկչության պատմության մեջ, որ ինչ-որ կազմակերպություն կամ անհատ, այս պարագայում Ավստրալիայի քաղաքացի Բրենթոն Թարանթը, որը Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ուներ և սպանել է 50 մարդ, և 50-ն էլ ծանր վիրավոր են, իր ահաբեկչության կազմակերպման ժամանակ մի քանի լեզվով արձանագրություններ է գրել՝ վրացերեն, սերբերեն, լեհերեն, հայերեն,տեսաք Վիեննայի ճակատամարտի մասին տարեթիվն էր նաև գրված։

Առաջին հայացքից, որ նայում ես, տպավորություն է ստեղծվում, որ քրիստոնյա անձն իր բազմալեզու գրառումներով ներկայացնում է «քրիստոնյա» աշխարհի ճակատամարտերը մահմեդականների և կոնկրետ Թուրքիայի դեմ, որովհետև նույն Վիեննայի ճակատամարտը թուրքերի դեմ է եղել, նույն Սարիղամիշի ճակատամարտն առաջին աշխարհամարտի հայտնի ճակատամարտերից մեկն է, ռուս-թուրքական զորքերի բախում, որը սկսվել է 1914 թվականի դեկտեմբերի 22-ին, ավարտվել 1915 թվականի հունվարի 17-ին ռուսական բանակի փայլուն հաղթանակով։ Խնդիրը հետևյալն է՝ ինչո՞ւ բազմալեզություն և ի՞նչ են սրանով փորձում թաքցնել ահաբեկիչները։

Ես 2-3 օր է՝ ուսումնասիրում եմ Բրենթոն Թարանթի և նրա հետ ձերբակալված անձանց տեղաշարժի «պատմությունը», որը տարբեր համաշխարհային ԶԼՄ-ներ ներկայացրեցին և ամենահետաքրքիրը գիտեք որն էր․ աշխարհում առաջին պետության ղեկավարը, որը պաշտոնապես հայտարարեց, որ այդ անձը իր պետություն է այցելել, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր։ Ահաբեկչությունից երկու ժամ չէր անցել՝ վերջինս հայտարարեց, որ Բրենթոն Թարանթը երկու անգամ եղել է Թուրքիայում, մի անգամ եղել է երեք օրով, մի անգամ էլ՝ 40 օրով։

Հետաքրքիր է Բրենթոն Թարանթը ի՞նչ գործունեություն է ծավալել Թուրքիայում, ո՞ւմ հետ է հանդիպել, ի՞նչ կապեր է հաստատել․ 40 օրը քիչ ժամանակ չէ։ Բացի դրանից, երեկ նաև համաշխարհային ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, որ Բրենթոն Թարանթը այցելել է նաև գրեթե բոլոր Բալկանյան երկրներ՝ Հունաստան, Բուլղարիա, Բոսնիա և Հերցեգովինա․ Սերբիա, Ռումինիա։ Սա ևս շատ մտահոգիչ է․ այս բոլոր պետություններում թուրքական լոբին բավական ուժեղ է և կան բավական մեծ թուրքական համայնքներ, եթե Սերբիայի դեպքում չկա, նույն Սերբիայում մեծ քանակությամբ ալբանացիներ են բնակվում, որոնք թուրքամետ կողմնորոշում ունեն։

Ես երեկ լուսանկարներ եմ տեսել ԶԼՄ-ների, որտեղ նույն Բրենթոն Թարանթը (ներկայացվում է, որ լուսանկարում նա է), պատկերված է թուրք ահաբեկիչների հետ։

Շատ հետաքրքիր է, որ նույն Բրենթոն Թարանթը, որը փորձում է ներկայանալ որպես Անդրեաս Բրեյվիգ, բացարձակ նման չէ․ նա հատուկ հարձակվել էր մահմեդականների վրա։ Իսկ Անդրեաս Բրեյվիգը՝ նորվեգացի հայտնի ահաբեկիչը ոչ թե կրոնական հողի վրա ահաբեկչություն գործեց․ իր սպանած մարդկանց մեծ մասը քրիստոնյաներ էին, նա բողոքում էր Նորվեգական կառավարության միգրացիոն քաղաքականության դեմ։ Այստեղից հետևություն՝ Բրենթոն Թարանթի միջոցով փորձում են սրել երկու կրոնների ներկայացուցիչների հարաբերությունները, լավ գիտեք, որ այսպիսի ահաբեկչություններին հաջորդում են պատասխաններ և չի բացառվում, որ վաղը մյուս օրը նույն մահմեդականները պայթյուններ կազմակերպեն քրիստոնյա եկեղեցիներում, հարձակվեն քրիստոնյաների վրա՝ իր բոլոր հետևանքներով»։

Քաղաքագետն ասում է, որ իր համար շատ զարմանալի են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուիի և փոխնախագահ Ֆուատ Օկթայի այսպես ասած «էքստրեմալ այցերը» Նոր Զելանդիա։ Ըստ Գագիկ Համբարյանի, Թուրքիայի իշխանությունները շարունակում են իրենց երկիրը ներկայացնել որպես մահմեդականներին պաշտպանող եզակի պետություն աշխարհում։

«Ես ունեմ շատ խիստ կասկածներ, որ այդ անձնավորությունը՝ Բրենթոն Թարանթը հենց թուրքական իշխանությունների հետ կապ ունեցող ահաբեկիչ է, որը կատարել է թուրքական իշխանությունների պատվերը, իսկ ահաբեկչության հիմքում ընկած է նույն Թուրքիայի գլխավոր նպատակը․ սրել միջկրոնական հարաբերությունները քրիստոնյաների և մահմեդականների միջև և աշխարհին ևս մեկ անգամ ներկայանալ, առավել ևս մահմեդական աշխարհին ներկայանալ որպես միակ երկիրն աշխարհում, որը մահմեդականների թիկունքում է։ Ո՛չ Պակիստանի, ո՛չ Բանգլադեշի, ո՛չ Ինդոնեզիայի, սրանք էլ ահռելի մեծ մահմեդական պետություններ են, ղեկավարները չմեկնեցին Վելինգտոն՝ Նոր Զելանդիայի մայրաքաղաք, բայց Թուրքիայի իշխանավորները մեկնեցին, որոնց մի քանի քաղաքացիներ են տուժել, սպանված էլ չեն, չկան նման տեղեկություններ։ Ասենք Ինդոնեզիայի չորս քաղաքացիների, Բանգլադեշի հինգ, Պակիստանի վեց քաղաքացիների սպանության մասին գոնե պաշտոնական տվյալներ կան, հետաքրքիր է 180 միլիոն բնակչություն ունեցող Պակիստանի վարչապետը չէ՞ր կարող մեկնել Վելինգտոն և ներկայանալ աշխարհին որպես մահմեդականների թիկունքում գտնվող պետության ղեկավար, բայց 75-80 միլիոնանոց Թուրքիայի արտգործնախարարն ու Էրդողանի տեղակալը շատ արագ մեկնում են Նոր Զելանդիա և իրենց սատարումն են հայտնում մահմեդական աշխարհին։ Մենք չպետք է խաբնվենք Բրենթոն Թարանթի անձով և նրա մանիֆեստով, որ ինքը հրապարակել էր ահաբեկչությունից 2 օր առաջ․ այս ահաբեկչությունն ավելի գլոբալ և ավելի վտանգավոր խնդիրներ պարունակող է», -ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031