Պոլիկլինիկայի հիմնական թերակատարումները կապված են մարզերում կադրերի բացակայությամբ, առանձին դեպքերում նաեւ մինչեւ յոթ տարեկան երեխաներին տրամադրվող անվճար դեղերի քիչ պահանջարկով: Այս մասին այսօր խորհրդարանում, առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, ասաց առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը: Փոխնախարարը այսօր ներկայացնում էր նախարարության նախորդ տարվա աշխատանքների կատարողականը: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարծում է, որ պոլիկլինիկաներում վատ մենեջմենթի արդյունքում է աշխատանքը ոչ արդյունավետ:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարցրեց`ի՞նչ է իրականացրել այս կառավարությունը համայնքային բուժկենտրոնների զարգացման մասով, քանի որ դրանցից շատերը միայն շտապօգնության ծառայություն են իրականացնում, իսկ բարդ հիվանդների դեպքում, գործուղում են մայրաքաղաք, այն էլ`վճարովի ռեանոմոբիլով: Պատգամավորը նաեւ անհանգստություն հնչեց նաեւ մարզային հիվանդանոցների տարբեր բաժանմունքների վերազինման առնչությամբ, քանզի հիվանդների պատշաճ չսպասարկելու դեպքում դրանք փակվում են:

Պատգամավորը հավելեց`Սիսիանի ԲԿ-ում մարդասիրական օգնության շրջանակներում տրվել են սարքավորումներ, որոնք օգտագործված են: Փոխնախարարն ասաց, որ Սիսիանի ԲԿ-ն չարդիականացվածների ցանկում է, այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանին էլ հետաքրքրում էր մանկական անվճար ստոմատոլոգիական ծառայությունների խնդիրը. մարդիկ շատ քիչ են դրանից օգտվում`40 տոկոս: Պատգամավորը հարցնում է`արդյոք պատճառը չիրազեկվածությունն է, մարդիկ միգուցե տեղյակ չեն, որ նման ծառայություն կա անվճար: Փոխնախարարը պարզաբանեց, թերակատարումները կապված են ծրագրում կատարված փոփոխությունների հետ: Բայց պատգամավորին մի դեպքի մասին տեղեկություն է հասել, որ երեխային ծնողները տարել են ստոմատոլոգիական պոլիկլինիկա, բայց բժիշկը «զահլա չի արել սպասարկի» ու ծնողները երեխայի խնդիրը լուծել են այլ`վճարովի հաստատությունում: «Մեզ նման բաները հասնում են, ուզում եմ, նաեւ, որ ձեզ հասնեն»,- փոխնախարարին դիմեց պատգամավորը: Փոխնախարարն այսպես արձագանքեց`2018-ին շահառուների մոտ մեծամասամբ գործել է համավճարի սկզբունքը, քաղաքացիներն էլ գերադասել են վճարել մի քիչ ավելի շատ`իրենց նախընտրելի հաստատություններում ծառայություններ ստանալ: Այժմ, երեխաները համավճարի ցանկից հանված են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































