Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցական էքսկուրսիաները՝ մանկական ներգնա տուրիզմի զարգացման միջոց

Ապրիլ 23,2019 23:16

Ուսուցումը կյանքի հետ կապելու լավագույն միջոցը դպրոցականների համար էքսկուրսիաների կազմակերպումն է: Մասնագետների մեծամասնությունն այն կարծիքին է, որ  էքսկուրսիան ուսուցման կազմակերպման մի յուրահատուկ ձև է, աշխարհաճանաչողական գիտելիքների հաղորդման միջոց: Գիտելիքի հաղորդումը դաս- էքսկուրսիաների միջոցով երեխաների համար դրա յուրացումն ավելի կայուն ու խորն է դարձնում:

Սակայն ներկայիս պայմաններում, երբ ծնողների մեծամասնությունն աշխատում է, ոչ միշտ են նրանք կարողանում իրենց երեխաներին հաճախակի տանել էքսկուրսիաների: Լիլիթ Շահինյանի և Քրիստինե Մելիքյանի հիմնադրած Adventure bus կազմակերպությունը փորձում է լրացնել այս բացը՝ կազմակերպելով դասարանական էսկուրսիաներ, ծննդյան արարողություններ, խթանում մանկական ներգնա տուրիզմին:

Aravot.am-ի հետ զրույցում կազմակերպության հիմնադիրները վստահեցրին՝ 2016-ին ստեղծելով այս կազմակերպությունը, իրենց նպատակն էր նաև զարգացնել մանկական ներգնա տուրիզմը Հայաստանում. «Մեր նպատակն էր երեխաների համար ստեղծել արտագնա ժամանցի մի տարբերակ, որը կնպաստի երեխաների աշխարհաճանաչմանն ու աշխարհընկալման զարգացմանը: Էքսկուրսիաների, արշավների և ժամանցային ծրագրերի միջոցով երեխաներին տրվում է ինքնադրսևորման, ինքնաբացահայտման և ինքնագնահատման հնարավորություն: Ներկայումս երեխաները հեռուստացույցներին, համակարգչին են գամված, ուստի ինտելեկտուալ ժամանցի կազմակերպումը նրանց հնարավորություն է տալիս հաղորդակցվել, լավ ժամանակ անցկացնել և իրենց դասի թեմայի շուրջ ինֆորմացիա ստանալ: Նրանք ծանոթանում են հայկական արվեստին, ավանդույթներին»:

 

Adventure bus կազմակերպության հիմնադիրները տեղեկացրին, որ մինչ այս նախաձեռնությամբ հանդես գալն իրենք ուսումնասիրել են երեխաների զարգացման շուկան. կային ամառային դպրոցներ, զարգացման խմբակներ, բայց ցանկացան ստեղծել մի հնարավորություն, որը երեխաներին կծանոթացնի արտաքին միջավայրին: Իրենց նախաձեռնության բուն նպատակն է զարգացնել երեխաների աշխարհաճանաչումն ու աշխարհընկալումը: Մեր դիտարկմանը՝ փաստորեն օգնում են նաև ծնողներին, նախագծի հեղինակները պատասխանեցին. «Ամենասկզբում ցանկանում էինք այնպիսի մի կազմակերպություն հիմնել, որ ծնողները մեզ վստահեն, եթե իրենք չեն հասցնում իրենց երեխաներին տարբեր ժամանցային խաղերի, ծրագրերի տանել: Մենք նախ որոշեցինք, որ շաբաթական երկու օր օգնենք ծնողներին: Ստեղծեցինք մի թիմ, որտեղ կար դայակ, հոգեբան և խաղավար, նրանց հետ միասն տնից վերցնում էինք երեխաներին, տանում թատրոն, քաղաքից, դուրս, ձիարշավարան, մատնանկարչության և այլն: Հիմա էլ դասարանական էքսկուրսիաների կազմակերպման ժամանակ մեզ մոտ տարվում է թիմային աշխատանք:

Աշխատում է հոգեբանը, էքսկուրսավարը, խաղավարը և կազմակերպիչները: Մեր աշխատակիցները մինչև երեխաների հետ աշխատելը անցնում են լուրջ նախապատրաստական աշխատանքներ: Մեր էքսկուրսավարը  տիրապետում է ամբողջական ինֆորմացիայի, որն էլ մատուցում է երեխաներին հասանելի տարբերակով: Մեզ համար շատ կարևոր է բարձրակարգ, համեղ, անվտանգ սնունդ ապահովելը, ստեղծել ընկերական միջավայր, որտեղ բոլորը սիրում են և սիրված են, կարևոր է բարեհամբույր սպասարկումը և նաև այն, որ մայրիկներն էլ հանգստանան և հաճույք ստանան էքսկուրսիայից»:

Adventure bus կազմակերպության հիմնադիրները վստահեցրին՝ հիմա իրենց կարևորագույն նպատակներից է մանկական ներգնա տուրիզմի զարգացումը Հայաստանում:

Մեր հարցին՝ հետաքրքրությունը դասարանական էքսկուրսիաների նկատմամբ տարեցտարի աճո՞ւմ է, մեր զրուցակիցները պատասխանեցին. «Այս պահի դրությամբ նկատվում է հետաքրքրության աճ դասարանական էքսկուրսիաների նկատմամբ: Ըստ տարիքի՝ իրականացվում են տարբեր տուրեր: Տարիքային սահմանափակում չկա, դիմում են նաև ուսանողները: Մենք առաջարկում ենք փաթեթներ տարբեր ուղղություններով՝ ՀՀ տարածքում, շուտով կընդլայնենք նաև Արցախ: Տուրերի կազմակերպումը համաձայնեցնում ենք դասղեկների հետ. տուն-թանգարաններ, եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ժամանցային վայրեր: Փորձը ցույց է տալիս, որ առաջին, երկրորդ դասարանցիները հիմնականում ընտրում են Օշականը, երկրորդ, երրորդ դասարանցիները՝ Գառնի, Գեղարդն են նախընտրում, քանի որ դասագրքերում դա է թեմատիկան, մինչև վեցերորդ դասարաններն ավելի շատ Բյուրականի ուղղությունն են ընտրում: Աստղադիտարանում նրանց տեղեկություններ են տրվում Վիկտոր Համբարձումյանի մասին, որից հետո նրանք գնում են ցերեկային սեանսի: Արդեն չորրորդ դասարանից սկսած ավելի խորացված տեղեկություններ են ստանում Վիկտոր Համբարձումյանի մասին և մասնակցում գիշերային սեանսներին: 6-րդից բարձր դասարանցիներն ընտրում են Պարույր Սևակի տուն-թանգարան, Նորավանք, Խոր Վիրապ, Սարդարապատ ուղղությունները, ավելի բարձր դասարաններում՝ նաև Դիլիջան»:

Մեր հարցին՝ ի՞նչ կարևորություն ունեն դպրոցական էքսկուրսիաները երեխայի՝ գիտելիք ստանալու  և ստացած գիտելիքն ամրապնդելու հարցում, նախաձեռնության հեղինակները պատասխանեցին. «Արտադասարանական միջոցառումները նախ երեխաներին թույլ են տալիս ինքնադրսևորվել, հաղորդակցվել, շփման միջոցով բացահայտում են հենց իրենք իրենց, ավելի ինքնավստահ են դառնում, բարձրանում է երեխայի ինքնագնահատականը: Շատ դեպքերում շփման միջոցով նոր մարդ ես տեսնում երեխաների մեջ: Դպրոցից դուրս նրանք այլ են, նրանք իրենց ընկերոջ, ուսուցչուհու  համար նորովի են հանդես գալիս: Դպրոցում որպես դաս են իրենց մատուցում գիտելիքը, էքսկուրսիաներն ավելի ժամանցային են, միևնույն ժամանակ իրենց ստացած ինֆորմացիան երեխաները կարողանում են քննարկել»:

Նախաձեռնության հեղինակները մեզ հետ զրույցում պատմեցին, որ էքսկուրսիաների ընթացքում կատարում են նաև բացահայտումներ. կան պատմահնագիտական նշանակության բազում վայրեր, որոնք քիչ հայտնի են: Էքսկուրսիաների ընթացքում բացահայտում և դպրոցներին են ներկայացնում նաև այդ վայրերը: Չցանկանալով բացել փակագծերը, տեղեկացրին, որ սեպտեմբերից հանդես կգան նոր ծրագրով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930