Ավերելով ու բռնայուրացնելով Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ Բաքվի վարչակազմը հիմա էլ Հայաստանի տարածքի պատմամշակութային ժառանգության նկատմամբ է հավակնություններ ներկայացնում։ Մասնավորապես, ադրբեջանցիներն արդեն Նորավանքն են անվանում այսպես կոչված «աղվանական»։
Իսկ օրերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան հայտարարել էր, թե «Ադրբեջանը պատրաստ է ապագայում նախաձեռնություններ առաջ քաշել Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային և կրոնական հուշարձանների ու մզկիթների վերականգնման ուղղությամբ»։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունն էլ հայտարարել էր աշխատանքային խմբի ձևավորման մասին, որն ուսումնասիրելու է Հայաստանի տարածքում՝ Սյունիքում, Վայոց Ձորում և Սևանա լճի ավազանում գտնվող եկեղեցիների, տաճարների և վանքերի պատմությունը։
«Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի այս զավթողական ու ցեղասպանական քաղաքականությանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանն ասաց, որ այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները պետք է համարժեք պատասխան տան։
«Պետք է ասել, որ խաղաղությունը չի նշանակում մշակութային ժառանգության անօրինական յուրացում, խաղաղությունը չի նշանակում նման հայտարարություններ անել եւ խաղաղությունը չի նշանակում սեփականացնել ուրիշի ժառանգությունը։ Ես նույնիսկ մտածում եմ, որ դա ընդհանրապես կապ չունի խաղաղության քաղաքական օրակարգի հետ, դա արդեն ավելին է, քան խաղաղության հետ կապված ցանկացած քաղաքականություն»,- ասաց Համլետ Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ադրբեջանական այն կեղծ թեզին, թե հայկական պատմամշակութային ժառանգությունը այսպես կոչված «կովկասյան Աղվանքի» ժառանգություն է, Համլետ Պետրոսյանը պատմական փաստեր ներկայացրեց։
«Իրոք, եղել է Աղվանից կաթողիկոսություն։ Աղվանից կաթողիկոսության կազմի մեջ մտել է նաեւ Արցախը։ Աղվանից կաթողիկոսը, որը նստում էր Գանձասարում, հայ էր, ով գիտեր միայն հայերեն, ով գրում էր միայն հայերեն։ Ինքն իրեն համարում էր Աղվանից կաթողիկոս, որովհետեւ քաղաքական պայմանների թելադրանքով Արցախի հայ իշխանները այսպես կոչված «աղվանական» եկեղեցին օգտագործել են իրենց կենսապահովությունը, իրենց կյանքն ապահովելու համար։ Բայց Աղվանից կաթողիկոսությանը պատկանելը բացարձակապես չի նշանակում պատկանել կովկասյան Աղվանքին։ Եվ դա բացարձակապես չի նշանակում լինել աղվանական»,-նշեց նա։
«Մի երկրամասում, որտեղ 8000 հայերեն արձանագրություն կա՝ սկսած 5-րդ դարից, որտեղ այլալեզու գրեթե ոչինչ չկա, կա միայն երեք հունարեն արձանագրություն եւ 7-րդ դարի մեկ արաբերեն արձանագրություն, իսկ մնացած բոլոր այլալեզու արձանագրությունները սկսվում են 14-րդ դարից եւ մի քանի հատ են, այդ երկրամասն ու ժողովրդին ինչպե՞ս անվանենք»,- ասաց Համլետ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ հայագիտությունն իր ձեռբերումներով բացարձակ որեւէ խնդիր չունի՝ պատասխանելու ադրբեջանական ապատեղեկատվությանը։
«Ես նորից եմ ասում՝ սա սարսափելի մի բան է։ Ցանկացած քոչվոր, նվաճելով ժողովրդին, երբեք չի սեփականել նրա ժառանգությունը, քանդել է ժառանգությունը, ոչնչացրել է, արհամարհել է, բայց չի ասել՝ սա մերն է, տվեք մեզ։ Սա մի նոր բան է եւ սա մտածված բան է։ Եվ մեր իշխանությունները պիտի այդքանը հասկանան»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































