Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթը՝ խորհրդարանների ուշադրության կենտրոնում

Ապրիլ 24,2019 13:30

ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է մշակույթի նախարարությունը կրթության եւ գիտության նախարարությանը «կցելու» նախագիծը: Տեղին ենք համարում ներկայացնել, թե ինչ մոտեցումներ ունեն տարբեր երկրների խորհրդարաններն իրենց երկրի մշակույթի խնդիրները «ինքնահոսի» չթողնելու համար, անկախ այն հանգամանքից, թե տվյալ երկիրը ունի՞, արդյոք, մշակույթի նախարարություն, թե՞ ոչ։ Բոլոր դեպքերում տվյալ երկրի խորհրդարանը որդեգրում է յուրաքանչյուր առանձին դեպքում բավականին ինքնատիպ, ուրույն քաղաքականություն, որպեսզի իրեն վերապահված մեծ իրավունքների ուժով իրականացնի հատկապես երկրի մշակույթի զարգացմանը օժանդակող մշտական գործառություն։

Աշխարհի տարբեր երկրների խորհրդարանները տարբեր կերպ են կանոնակարգում երկրի մշակույթի ոլորտի գործունեությունը, նկատառումով, որ մշակույթը ինքնուրույն լինելով հանդերձ, չհանձնվի շուկայի քմահաճույքներին։ Ազատ շուկան շատ անգամ կործանարար է հատկապես դասական եւ ավանդական արվեստների ոլորտներում։ Մշակութային չափանիշային բարձրագույն արժեք ունեցող «հակաշուկայական» այդ ասպարեզները գրեթե բոլոր երկրներում պետության հոգածության խիստ կարիքն ունեն։

Ճապոնիայում երկրի պառլամենտը` երկպալատ Կոկկայը` Խորհրդականների պալատ եւ Ներկայացուցիչների պալատ, յուրօրինակ կերպով է լուծում հատկապես դասական երաժշտության նկատմամբ վերաբերմունքի դաստիարակության ու մասսայականացման խնդիրը։ Դասական երեկոներին հաճախած հանդիսականի ամբողջ տարվա ընթացքում գնված տոմսերի գումարները, երկրի կառավարությունը Կոկկայի ֆինանսական աջակցությամբ, տարեվերջին, ներկայացված տոմսերի հիման վրա, մեծ թվերի հասնող գումարի տեսքով տոմսերի գինը վերադարձնում է հանդիսականին։

Լեհաստանում, որտեղ բարձր զարգացած թատերական կյանք կա, երկպալատ Պառլամենտի՝ Սենատի եւ Սեյմի նախաձեռնությամբ ու անմիջական ֆինանսական մասնակցությամբ աշխատավարձերի հետ միասին, պարգեւավճարի կարգով, ամեն ամիս, տրվում են թատրոնների ներկայացումների եւ դասական համերգների տոմսեր, որն էլ հենց ակտիվ զարգացող թատերական կյանք ունենալու բուն երաշխիքն է։ Այսօր Լեհաստանն ամենաշատ թատրոններ ունեցող երկրներից մեկն է աշխարհում։ Սեյմի գործուն ֆինանսական աջակցության շնորհիվ Լեհաստանում է գտնվում Եվրոպայի թատերական փորձերի ու ներկայացումների ամենամեծ վիդեոլուսանկարչական գրադարան-արխիվը։

Ամենաբազմաժանր թատրոններով ու բեմարվեստի փորձարարություններով հարուստ երկիրը մնում է Չեխիան՝ հիմնավորված եւ ավանդության վերածված այն մոտեցումով, որ նոր մտածողության թատրոնների ստեղծման համար հնարավորինս արագ ճանապարհ է բացվում, որի հոգածությանը ոչ միայն օրինաստեղծ, այլեւ ֆինանսական աջակցության գործնական մասնակցությամբ խնդրի լուծումն իր վրա է վերցնում Չեխիայի երկպալատ պառլամենտը՝ Սենատով եւ Պատգամավորների պալատով։

Գերմանիայի երկպալատ պառլամենտը՝ Բունդեսրատ եւ Բունդեսթագ աստիճաններով, գործուն մասնակցություն է ունենում երկրի թատերական եւ երաժշտական կյանքի ձեւավորման ու աջակցման գործում` հատկապես պարբերաբար կրկնվող ճգնաժամերի դեպքերում, երբ ֆինանսական աջակցության խնդիրը վերածվում է լինել-չլինելու խնդրի։ Վերջին շրջանի հայտնի դեպքերից է, երբ երկու տարբեր քաղաքների արդեն փակվող թատրոնները երկրի պառլամենտի՝ Բունդեսթագի նախաձեռնությամբ միավորվեցին մեկ ստեղծագործական միավորի մեջ եւ այդ մեկ օղակին կառավարության կողմից հատկացում կատարվեց ոչ փոքր գումարով՝ 21 միլիոն եվրո բյուջեով։

Մեծ Բրիտանիայի պառլամենտը՝ Լորդերի պալատ եւ Հասարակության պալատ, ուշադրության կենտրոնում է պահում Վիլյամ Շեքսպիրի կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող գրեթե բոլոր կարգի գործունեությունները, Էյվոնի Ստրադֆորդի տուն թանգարանից սկսած մինչեւ շեքսպիրյան թեմատիկայով արքայական ավանդական եւ միջազգային փառատոների կազմակերպումը, հաճախ նաեւ ամբողջական ֆինանսավորումը։ Շեքսպիրը Անգլիայում գնահատվում է որպես ազգային արժեք եւ Լորդերի պալատի ուշադրության կենտրոնում է Շեքսպիրին առնչվող գործունեությունը իրենց երկրում եւ երբեմն նաեւ երկրի սահմաններից դուրս։

ԱՄՆ-ի երկպալատ Կոնգրեսը՝ Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, աշխարհի այլ երկրների համեմատությամբ ավելի ազատ ու անմասնակից վերաբերմունք ունի մշակույթի ոլորտի գործունեության նկատմամբ, այն գրեթե լիովին թողնելով շուկայական հարաբերությունների տարերային, անկառավարելի ընթացքին։ Արդյունքում՝ դասական եւ «ազգային» համարում ունեցող արվեստներն իրենց տեղը զիջում են շոու-բիզնեսի քմահաճույքներին, որը հենց իր բնույթով ավելի շուտ առեւտրային ոլորտ է, քան արվեստի ոլորտ։ Թերեւս դա է պատճառը, որ ամերիկյան մշակույթը դասական արվեստի համարում չունի աշխարհում, թեպետ ունի, օրինակ, «Մետրոպոլիտեն թատրոնի» նման ամենաբարձրակարգ բեմ։

Ֆրանսիայի երկպալատ պառլամենտը՝ Սենատ եւ Ազգային ժողով, ինքնատիպ համադրություն է իրականացնում պառլամենտական ուժերի ակտիվ մասնակից եւ անմասնակից դիրքորոշումների մեջ։ Օրինակ, ամերիկյան արվեստի նման ազատ լինելով եւ թատրոնները մասնավոր հատվածին թողնելով հանդերձ, այնուամենայնիվ, դասական արվեստի դարբնոց «Գրանդ-Օպերա» թատրոնն ամբողջությամբ եւ լիարժեք ֆինանսավորվում է պետության կողմից, որն ամենեւին չի խանգարում ունենալ օպերային արվեստի սիրահար բազմաթիվ հովանավորներ։ Սենատը նաեւ ակտիվ օժանդակություն է ցուցաբերում արվեստի «նոր ժանրեր ստեղծելու» «խրթին խնդիրներին»՝ լիովին վստահելով «անհասկանալի» արվեստագետներին։ Այս «բարդագույն» խնդիրները մեծամասամբ համակարգում է Ֆրանսիայի երկպալատ պառլամենտը։

Ռուսաստանում, որտեղ մշակույթի ոլորտը ուղղակի գտնվում է երկրի նախագահի ուշադրության կենտրոնում, առանձնակի մեծ պարտավորություն է իր վրա կրում Ռուսաստանի Դաշնության երկպալատ պառլամենտը` Դաշնային ժողովը` Դաշնային խորհուրդ եւ Պետական Դումա աստիճաններով, որն իր օրինաստեղծ գործունեությունից բացի, ֆինանսական միջոցներ է հատկացնում այն հստակ նպատակով, որ Պետդումայի պատգամավորները պարտադիր կերպով մասնակցեն մշակութային ամենատարբեր միջոցառումներին եւ այդ մասնակցության համար կարողանան ունենալ հատկապես ՊԴ կողմից գնված եւ ոչ թե հրավիրյալ տոմսեր։ Երբեմն՝ անհրաժեշտության դեպքում, գնվում են ամբողջական դահլիճներ կամ առանձնահատուկ կարգով տրամադրվում են ծրագիրն իրականացնող բավականին մեծ միջոցներ։ Իսկ հանդիսություններին անձամբ ներկա են լինում պատգամավորները եւ շատ անգամ նաեւ երկրի նախագահը, որոնց ֆիզիկական մասնակցությունը տվյալ ծրագրին մեծ հեղինակություն եւ ազդեցություն է ունենում մշակութային ծրագրի կենսագործունեության վրա։

Էստոնիայի Ռիյգիկոգու միապալատ պառլամենտը շրջանառության մեջ է դրել որոշում, ըստ որի՝ հատկապես ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքի շրջանառությունից որոշակի տոկոս ուղղակիորեն հատկացվում է միայն մշակույթի ոլորտի խնդիրների լուծմանը։ Այդ գումարները չեն կարող ծառայել այլ նպատակների։

Տարբեր երկրներում տարբեր միջոցներ, մեթոդներ, որոշումներ եւ միջոցառումներ են ձեռնարկվում մշակութային ոլորտը «ինքնահոս» իրավիճակից դուրս բերելու համար, մանավանդ ֆինանսական ճգնաժամային իրավիճակներում, որի ընթացքում, որպես կանոն, առաջին հարվածը հասցվում է բարձրակարգ արվեստի ժանրերին։ Այդուհանդերձ` բարձր արվեստը ցանկացած երկրի համար մնում է միջազգային ամենաներկայանալի այցեքարտը։

Բացահայտ է՝ ՀՀ միապալատ Ազգային ժողովը հատուկ հոգածության կենտրոնում պետք է պահի հայկական մշակութային ոլորտը որպես մշակութային երկրի համարում ունեցող պետություն, որը վերարժեւորվելու խիստ կարիք ունի եւ մեր տնտեսական սահմանափակ շուկան ամենեւին պարարտ միջավայր չէ ազատ գործունեություն ծավալելու համար։ Անհրաժեշտ է ոչ միայն «մշակույթի նախարարության» մինչեւ վերջին լուման հաշվված միջոցների նպատակային օգտագործումը, այլեւ հատուկ ծրագրված միջոցների ներդրումը, միջոցառումների մասնակցության կազմակերպումը, նույնիսկ այդ գործը համակարգելու համար ԱԺ-ում հատուկ անձի նշանակումը եւ պատգամավորների մասնակցությունը միջոցառումներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

23.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930