Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամ, էս տղեն իմ նման էր»

Մայիս 15,2019 13:00

Աուտիզմ ունեցող տղան արձագանքել է «Քրիստոֆեր» ներկայացմանը

15-ամյա Քրիստոֆերն առանձնահատուկ երեխա է, նա կարողանում է բազմանիշ մաթեմատիկական թվերով բարդ գործողություններ կատարել, աուտիզմ ունի: Քրիստոֆերը հոր հետ ապրում է Մեծ Բրիտանիայում՝ Սուինդոն քաղաքում, որտեղ զարգանում են գործողությունները: Քրիստոֆերի հայրն ասել է, որ մայրը մահացել է: Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ Քրիստոֆերը այգում հայտնաբերում է հարեւանի ՝ սպանված շանը ու ոստիկանություն ընկնում:

Շան սպանության մասին առեղծվածային այս պատմությունը (The Curious Incident of the Dog in the Night-Time) համաշխարհային բեստսելեր է: Բեստսելերի հեղինակ Մարկ Հեդոնը վստահ էր, որ ցանկացած երեխա կարող է հետաքրքիր վեպ գրել, պատմել ճակատագրից ստացած հարվածների, իր ապրումների մասին, եթե մայրը մահացած է, ինքը տառապում է, տարբերվում է իր համադասարանցիներից, որովհետեւ աուտիզմ ունի:

Տվյալ պարագայում Քրիստոֆերը երազում է տիեզերագնաց դառնալ, բայց նախ պետք է հանձնել քննություն մաթեմատիկայից, ապացուցել, որ խելացի ես, գիրք գրել, ընդունվել համալսարան: Եվ վերջապես պարզել, թե ով է սպանել շանը, եւ ինչու է մայրը ուրիշ տղամարդու հետ հեռացել տնից, ու ոչ թե մահացել սրտի կաթվածից, ինչպես ներկայացրել է հայրը:

Սա զգացմունքային եւ ազդեցիկ պատմություն է սիրո մասին, որ բեմադրել է Սամսոն Մովսեսյանը, նկարիչը Միքայել Վաթինյանն է, դերակատարները՝ Հրաչյա Գյումբալյանը, Միքայել Վաթինյանը, Ինա Հախնազարյանը, Սոնա Մաթեւոսյանը, Սյուզաննա Պապոյանը, Տաթեւ Մելքոնյանը, Մուրադ Նադիրյանը, Արթուր Նազարյանը, Լիլիթ Մուրադյանը եւ Տաթեւիկ Մելքոնյանը:

Քրիստոֆերին մարմնավորել է Հրաչյա Գյումբալյանը: Նա եւ ներկայացման մեջ ներգրավվածների մի մասը Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի՝ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի կուրսի ուսանողներն են, մյուսները թատրոնում են աշխատում:

Ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է. «Ներկայացումը բոլորին սովորեցնում է, որ բոլորս տարբեր ենք, ու բոլորս ունենք երազանքներ, եւ մարդը, որ առանձնահատկություններ ունի, սովորեցնում է հետ չկանգնել երազանքից: Ներկայացումը դիտելիս հանդիսատեսի արձագանքից երեւում է, որ բոլորը սիրում են Քրիստոֆերին, քանի որ նա սովորեցնում է ուղղակի գնալ երազանքների հետեւից, ինչքան էլ դա բարդ թվա…»:

Հարցրինք՝ բա՞րդ էր ներկայացման վրա աշխատելը. «Բարդ էր այն առումով, որ կարողանանք փոխանցել ոչ թե հիվանդության մասին պատմություն, այլ պատմություն՝ ընտանիքի, միմյանց սիրելու մասին: Այս պատմությունը հենց սիրո մասին է, տղայի մասին, որն ունի բարդ ընտանիք եւ որը շրջապատին սովորեցնում է սիրել: Բարդությունն այն էր, որ այն, ինչ կա գրական գործի մեջ, կարողանանք փոխանցել ներկայացման միջոցով»:

Ներկայացումն արդեն 8-9 անգամ խաղացվել է Տիկնիկային թատրոնում, Սամսոն Մովսեսյանը նշում է, որ միշտ էլ այն դիտելու համար գալիս են աուտիզմ ունեցող երեխաների ծնողներ ու երեխաներ: «Նույնիսկ մի անգամ ներկայացումից հետո արձագանք եղավ՝ մամ, էս տղեն իմ նման էր»,- հիշեց ռեժիսորը, որ արդեն ավելի քան քսան ներկայացում է բեմադրել:

Ռեժիսորին հաջողվեց ոչ միայն հուզել դահլիճին, այլեւ փոխանցել բեմադրության գլխավոր ուղերձները: Իսկ Քրիստոֆերի դերակատարն ուղղակի փայլեց:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

14.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031