Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը

Հունիս 04,2019 23:23

Կիպրոսի, Հայաստանի և Հունաստանի միջև կայացած եռակողմ նախարարական հանդիպման

2019թ․ հունիսի 4-ին Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Նիկոս Քրիստոդուլիդեսը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Զոհրաբ Մնացականյանը և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Ջորջ Կատրուգալոսը հանդիպում ունեցան Նիկոսիայում և որոշեցին հաստատել եռակողմ գործընկերություն իրենց երկրների միջև։

Նախարարները համաձայնեցին, որ երեք երկրների` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ համագործակցությունն առաջնորդվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակների և  սկզբունքների նկատմամբ հարգանքի սկզբունքներով:

Այս շրջանակում նախարարները համաձայնեցին, որ այս եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով։

Նախարարները հաստատեցին եռակողմ համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը և ընդգծեցին իրենց հանձառությունն ընդլայնելու և խորացնելու իրենց եռակողմ համագործակցությունը և առանձնացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը և ներդրումները, գյուղատնտեսությունը, կրթությունը և գիտությունը, տեղեկատվական տեպնոլոգիաները և նորարարությունը, առողջապահությունը, ճգնաժամերի կառավարումը, մշակույթը և զբոսաշրջությունը՝ ընդգծելով դրանց կարևորությունը երեք երկրների տնտեսությունների և քաղաքացիների համար։

Այս առնչությամբ նրանք համաձայնեցին կիսվել տեղեկատվությամբ, փոխանակել լավագույն փորձը և գիտելիքները և առաջիկա ամիսների ընթացքում վերոնշյալ ոլորտներում համագործակցության համար հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք պետք է քննարկվեն երկրորդ եռակողմ հանդիպմանը:

Ավելին, նախարարները համաձայնեցին առավելընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակներում և ընդգծեցին աշխարհի՝ որոշումների կայացման կենտրոններում սփյուռքի հիմնախնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը։

Նախարարները մտքեր փոխանակեցին Կիպրոսի հիմնախնդրի և Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու խախտումների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի և Պրեսպայի համաձայնագրի կիրարկման շուրջ: Նրանք նաև քննարկեցին միջազգային օրակարգի հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող  խնդիրների։

Ավելին, նրանք քննարկեցին Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները։ Կիպրոսը և Հունաստանն իրենց աջակցությունը հայտնեցին այս հարաբերությունների ամրապնդմանը՝ Արևելյան գործընկերության, ինչպես նաև մի կողմից Եվրամիության և Եվրոպական ատոմային էներգիայի համայնքի և նրա անդամների և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2017թ․ նոյեմբերի 24-ին, և որի ժամանակավոր կիրարկումը մեկնարկել է 2018թ․ հունիսի 1-ից։ Այս առնչությամբ նախարարներն կարևորեցին բոլոր կողմերի կողմից Համաձայնագրի արագ վավերացումը, ինչը հնարավոր կդարձնի վերջինիս՝ ամբողջական ուժի մեջ մտնելը։

Նախարարները համաձայնեցին, որ երկրների և/կամ կառավարությունների ղեկավարների մակարդակով առաջին գագաթաժողովը կհյուրընկալի Հայաստանը 2020թ. Հունվարին:

 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մամուլի համար հայտարարությունը Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով

Շատ շնորհակալ եմ, հարգելի Նիկոս և Յորգոս:

Ցանկանում եմ նշել, թե որքան ոգևորված ենք Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև եռակողմ համագործակցության այս շատ կարևոր և խոստումնալից հարթակի մեկնարկի կապակցությամբ: Նիկոս, շնորհակալ եմ այս եռակողմ ձևաչափի շրջանակներում մեր համատեղ գործունեության համար նախանշված նպատակների համապարփակ ամփոփման համար: Ես լիովին աջակցում եմ արդեն իսկ ներկայացված դրույթներին, ուստի իրապես շատ քիչ բան է մնում ավելացնելու: Ցանկանում եմ ընդգծել, որ սա շատ կարևոր հարթակ է մեր երեք երկրների միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամությունն ամրապնդելու տեսանկյունից:

Սա պատմական բարեկամություն է, սա քաղաքակրթական, արժեքների վրա հիմնված բարեկամություն է, որը մենք՝ որպես ինքնիշխան պետություններ, որպես ազգ-պետություններ պետք է վերածենք գործնական համագործակցության՝ ի շահ մեր ազգերի և ժողովուրդների: Ես նաև ցանկանում եմ ընդգծել, որ սա մի համագործակցություն է, որի նպատակը մեզ և մեր տարածաշրջանի համար խաղաղության, կայունության և համագործակցության հաստատումն է: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, Նիկոս, հյուրընկալության համար, շնորհակալ եմ այսօր ունեցած մեր արդյունավետ հանդիպումների համար, և մենք շարունակում ենք մեր քննարկումները: Շատ շնորհակալ եմ, Յորգոս:

Ես կարծում եմ, որ մենք արդեն ուրվագծել ենք մեր հետագա քայլերն այս եռակողմ ձևաչափում, որը կներգրավի մեծաթիվ գործընկերների և այլ շահառուների, որոնք մեր համագործակցության անմիջական մասնակից են: Անհամբեր սպասում եմ հաջորդ փուլերին: Եվս մեկ անգամ շնորհակալություն հյուրընկալության համար:

Շատ ուրախ եմ հայտնել այս հարթակի շարունակականության և այս հարթակում մասնակիցներ ներգրավելու մտադրության մասին։ Ուրախ եմ այսօր հայտարարել, որ քննարկվել և արդեն իսկ ուրվագծվել է այս եռակողմ ձևաչափում գագաթաժողովի՝ ղեկավարների միջև հանդիպման անցկացումը։ Մենք ուրախ կլինենք ղեկավարների եռակողմ հանդիպումը` եռակողմ գագաթաժողովը, հյուրընկալելու Հայաստանում, որը տեղի կունենա մոտ ապագայում՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետում։

Կարծում եմ՝ ի ցույց կդնենք, որ շատ կարևոր, շատ ներգրավվող եռակողմ ձևաչափ է, և մեր առաջնորդներն իրենց շատ կարևոր ներդրումը կունենան այս հարթակի ամրապնդման գործում։ Մենք Հայաստանում անհամբեր սպասում ենք հյուրընկալելու մեր գործընկերներին, ընկերներին, եղբայրներին՝ Կիպրոսի և Հունաստանի ղեկավարներին։ Ես անհամբեր սպասում եմ այդ օրվան։

Շնորհակալություն։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930