Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրը չի գերանդին առնել ու հնձել բոլորին ու ամեն ինչ». Փաշինյանը դատական համակարգի բարեփոխման լուծում է առաջարկում

Հունիս 05,2019 13:22

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսեց դատական համակարգի բարեփոխումների մասին. «Այսօր ՀՀ դատական համակարգը չունի Հայաստանի ժողովրդի վստահությունը: ՀՀ Սահմանադրությունն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին …չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը չի բխում ժողովրդից: Եվ փաստն այն է, որ Հայաստանում դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից, լեգիտիմության խնդիր ունի, ո՞ւմ է ներկայացնում դատական համակարգը»:

Փաշինյանն ասաց, որ մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ոչ վարչապետը, ոչ ժողովուրդը չքննարկեն, ասեն՝ դատարանը որոշել է, դատարանի որոշումները պետք է հանրության մեջ որեւէ ցնցում չառաջացնեն:

Վարչապետն ասաց, որ դատարաններն անգամ իրար չեն վստահում, դատական համակարգն ինքն է հայտարարում, որ ինքը ճգնաժամի մեջ է. «Եթե Վճռաբեկն ասում է՝ ՍԴ-ն սխալ որոշում է կայացրել, Դատարանների խորհուրդն ասում է՝ ԲԴԽ-ն չի ապահովում դատական իշխանության բնականոն գործունեությունը, սա նշանակում է ճգնաժամ»:

Թե ստեղծված իրավիճակն ինչպես պետք է փոխվի՝ վարչապետն ասաց. «Մեր խնդիրը չի գերանդին առնել ու հնձել բոլորին ու ամեն ինչ ու ամեն տեղ: Ընդհանրապես որեւէ մեկին հնձելը մեր խնդրի մեջ չի մտնում: Մեր խնդիրն է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ:  Ամենամեծ խնդիրը ինձ համար, որպես վարչապետ գիտե՞ք որն է՝ ասել եմ, որ դատական իշխանության գործերին չեմ միջամտում, չեմ միջամտել, բայց մեկին բռնում են՝ ամբողջ մամուլը եւ սոցցանցերը գրում են՝ վարչապետը էս ինչի՞ որոշեց էսինչին բռնել, ինչ-որ մեկին բաց են թողնում՝ ինչի՞ որոշեց բաց թողնել, ի՞նչ խաղեր են տալիս: Ինչ կատարվում է դատական համակարգում, ես տեսնում եմ, որ վերջում պատասխանատվության սլաքն էլի ուղղվում է ինձ վրա, դուք հասկանո՞ւմ եք սա ինչ անհեթեթ իրավիճակ է, երբ դու ոչ մի առնչություն չունես, մնում ես քո սահմանադրական լիազորությունների շրջանակում, բայց ասում են՝ էս ի՞նչ խաղեր եք տալիս»:

Խոսելով դատարաններն արգելափակելու մասին՝ նա ասաց. « Ի ցույց դնելն էր, որ ես էս դատական համակարգի որոշումների հետ ես ոչ մի կապ չունեմ:Եթե հանրությունը էդ պատասխանատվությունը դնում է իր վրա, դատական համակարգը պետք է ինքնամաքրման պրոցես սկսի, այստեղ գալիս է քաղաքական որոշումների ժամանակը: ԱԺ-ն պետք է որոշակի պատասխանատվություն վերցնի իր վրա»:

Փաշինյանը խոսեց քայլերի մասի, թե ինչ պետք է անեն. «Առաջիկայում մենք կստեղծենք հակակոռուպցիան դատարան, ամենակարեւոր հարցը՝ շատ են ասում՝ ինչի՞ մի տարի անհրաժեշտ բարեփոխումները դատական համակարգում չեն արվել: Ասեմ ինչի՝ վերջին մեկ տարվա ընթացքում, երբ դատավորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներում եղել է «նեդաբոռ», դատավոր լինելու հավակնորդների թիվն ավելի քիչ է եղել, քան դատավոր առնալու ցանկություն ունեցողներինը: Մարդն ասում՝ 400 հազար աշխատավարձ ստանամ, մեկին ցմահ դատապարտեմ, մեկի գույքային հարցը լուծեմ, ինչի՞ համար: Առանց դատավորների աշխատավարձերի լրջորեն բարձրացման չենք կարող ունենալ անկախ դատական համակարգ: Ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ: Եթե ինձ պետք լիներ դա, այդ դատական համակարգը պատրաստի դրած էր: Ես ինչի՞ եմ դատարանների դռներն արգելափակել, որ ցույց տանք՝ ինձ պետք չի մարիոնետային դատարան: Ինչի էսօր դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»:

Վարչապետն ասաց, որ այսօր բյուջեն ունի հնարավորություն ու կարող են դատավորների աշխատավարձը բարձրացնել, բայց անկեղծացավ՝ եթե դա անեն, մտավախություն կա, որ հանրությունը ճիշտ չի հասկանա իրենց. «Կասեն՝ սոցիալական իրավիճակում փոխանակ էս խնդիրը լուծեք, բռնում եք դատավորների աշխատավարձն եք բարձրացնում: Բայց եթե դատավորների աշխատավարձը բարձր չլինի, լավ մասնագետը չի գա 400 հազարով՝ իմանալով, որ կաշառք չի վերցնելու»:

Վարչապետն ասաց, որ դրա համար հիմա միջազգային գործընկերների հետ շփումների մեջ են ու առաջարկում են, որ միջազգային հանրությունը մեզ աջակցի. «Մենք 3 տարվա ընթացքում հակակոռուպցիոն դատարանը ստեղծենք, այդ ընթացքում լուրջ մասնագետներ ներգրավենք՝ բարձր աշխատավարձով, որոնց վստահությունը վեթինգով, ունեցվածքով կլինի բարձր, երեք տարի հետո հանրությունն էլ կտեսնի, որ իրոք անկախ դատական համակարգը լավ է, օգտակար է բոլորին, ամենքս կարող ենք երեք տարի հետո մեր ժողովրդին համոզել… Մենք միջազգային դոնորներին կփորձենք համոզել, որ դատավորների աշխատավարձի ամբողջ ֆինանսական բեռը վերցնեն իրենց վրա, հանրությունը տեսնի, որ օգուտ է, երեք տարի հետո մենք արդեն թոշակ էլ կբարձրացնենք, ամեն ինչ էլ կանենք, կասենք՝ ժողովուրդ, արդեն դատավորները պետք է ստանան 2,5-3 մլն դրամ աշխատավարձ»:

Մեր հարցին՝ դրսից ֆինանսավորվող դատական համակարգը որքանո՞վ կարող է անկախ լինել՝ վարչապետը պատասխանեց, որ դատարանը «դրսից չի ֆինանսավորվելու, ֆինանսավորվելու է ՀՀ կառավարության կողմից, ուղղակի այդ գումարը ինչ-որ մեկը գրանտի տեսքով տալիս է ՀՀ կառավարությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930