Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Եթե Ն. Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը…». Ռուբեն Հակոբյան

Հունիս 10,2019 23:45

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Հարգելի պարոն Միրզոյան

ՀՀ Ազգային Ժողովը ձևավորել է ժամանակավոր հանձնաժողով՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող հարցերն ուսումնասիրելու օրակարգով: Ճիշտ էր նման հանձնաժողովի ստեղծումը, թե ոչ՝ չեմ ուզում հարցին անդրադառնալ. հանձնաժողովի ձևավորումը փաստ է և, կարծում եմ, պետք է նպաստել, որպեսզի այն անկաշկանդ, անկողմնակալ և լիարժեք կարողանա պատասխանել հասարակությանը հուզող այն բոլոր հարցերին, որոնք այս պահին շրջանառվում են:

Իմ խորին համոզմամբ, հանձնաժողովը նախ պետք է հստակ պատասխան տա ուսումնասիրվող թեմային առնչվող կարևորագույն հետևյալ հարցին՝ բացի պատերազմող տեսանելի երկու կողմերից, որևէ երրորդ կողմ ներգրավված եղե՞լ կամ ուղղորդե՞լ է պատերազմը, թե՝ ոչ: Վերջին երեք տարիների ընթացքում այս հարցը միշտ թափառել է մեր քաղաքական օրակարգում: Ոմանք ամենատարբեր ամբիոններից բազմիցս անդրադարձել են հարցին, այդ թվում նաև այդ օրերին դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ բացահայտ հայտարարելով, որ քառօրյա պատերազմում կա նաև երրորդ կողմ ՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը:

Կարծում եմ, որ հանձնաժողովը պետք է լրջորեն ուսումնասիրի այժմ վարչապետ Ն.Փաշինյան այդ օրերին՝ ինչպես ԱԺ ամբիոնից, այնպես էլ տարբեր ձևաչափերով արված բացառիկ կարևորության հայտարարությունը, որն է՝ Ադրբեջանը Արցախի վրա հարձակումը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ:

Եթե Ն. Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, համաձայնեք, որ քառօրյա պատերազմը ամբողջությամբ փոխում է իր բնույթը, բովանդակությունն ու ձևաչափը: Այդ դեպքում Ազգային Ժողովը պարտավոր է առնվազն քաղաքական գնահատական տալ մեր ռազմավարական դաշնակցի՝ չափազանց վտանգավոր և դավադիր գործունեությանը:

Միաժամանակ, կարծում եմ, եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ Ն. Փաշինյանը միտումնավոր կեղծ և վտանգավոր բովանդակությամբ հայտարարություններ է տարածել՝ ինչ-ինչ քաղաքական նպատակներից ելնելով, ապա Ազգային Ժողովը, պարտավոր է նույնքան սկզբունքային գնահատական տալ վարչապետ Ն. Փաշինյանի՝ պետության անվտանգությանը սպառնացող քաղաքական վարքագծին:

Հավատացեք, պարոն Միրզոյան, եթե հանձնաժողովն այս կարևորագույն հարցին նախապես չտվեց առարկայական և համոզիչ պատասխան, ինչպես ես, այնպես էլ, կարծում եմ, շատերը կմնան այն համոզմունքին, որ հանձնաժողովը ստեղծվել է բացառապես ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակներով, ինչն ավելի կանջրպետի առանց այն էլ «սիրով և համերաշխությամբ» պրկված հասարակությանը:

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ԳԽ, ԱԺ 1-ին, 2-րդ, 5-րդ գումարումների պատգամավոր Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == …եթե հանձնաժողովն այս կարևորագույն հարցին նախապես չտվեց առարկայական և համոզիչ պատասխան, ինչպես ես, այնպես էլ, կարծում եմ, շատերը…==
    Փաստորեն, էս քաղաքական քառուղիների բազմափորձ ճամփորդը էնքան մտահոգ է, որ համոզիչ պատասխանը Հանձնաժողովից նախապես է պահանջում։ Հետաքրքիր է իմանալ, թե ինչի՞ց է է մտահոգ, էն անմեղ ու խաղաղության աղավնի Ռուսաստանի բարի համաբավը կասկածի տակ դնելո՞ւց , թե՞ Հանձնաժողովի հնարավոր այլ բացահայտումներից․․․

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930