Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Եթե էսքան անկեղծացանք, ասեմ՝ էդ ճանապարհով գնացող ընդդիմությունը դառնում է կոմֆորմիստ». Վարչապետի պատասխանը՝ ՊՎԾ-ի պաշտոնն ուզող ԲՀԿ պատգամավորին

Հունիս 19,2019 18:01

Տարիներ շարունակ դուք պայքարում էիք, ասում էիք՝ իշխանությունը պետք է ընդդիմությանը փոխանցի կառավարությանը վերահսկիչ գործառույթները: Հիմա դուք պատրա՞ստ եք պետական վերահսկողական ծառայությունը եւ Հաշվեքննիչ պալատը փոխանցել ընդդիմության կառավարմանը: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այս հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով նրան մտածել ընդդիմության դերակատարման մասին, որ չունենան «խաղ մեկ դարպասի վրա»:

Վարչապետն ամբիոնին մոտեցավ ժպտալով: Նա նախ ասաց, թե չի հիշում, որ երբեւէ ԱԺ-ում խոսել է ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու մասին. «Երկու շարք առաջ նստող քաղաքական ուժն էր սովորաբար այդ մասին խոսում»,- ասաց Փաշինյանը՝ հավանաբար նկատի ունենալով ՀՅԴ-ին:

Վարչապետն ասաց, որ ինքը պատասխանատվություն է ստանձնել ե՛ւ Հանրային ծառայությունները կարգավորող, ե՛ւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովներում ընդդիմությանը տեղեր տրամադրել. «Դրանից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ ինքը նկատի չի ունեցել շարքային անդամներին, նկատի է ունեցել հանձնաժողովի անդամներին: Վարչապետին առընթեր Պետական վերահսկողության ծառայությունը հանձնել ընդդիմությանը… իսկ վարչապետի խորհրդականների, վարչապետի օգնականների ինստիտուտի մասին ի՞նչ կարծիքի եք, ասենք, արժի՞ էսպիսի գաղափար քննարկել, որ վարչապետի օգնականը լինեն բոլորը ընդդիմությունից, լինեն խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերից: Ասում եք՝ Վերահսկիչ պալատը հանձնել ընդդիմությանը, մինչդեռ մեր օրենսդրությամբ դա անկախ մարմին պետք է լինի, միջազգայնորեն է այդպես: Հաշվեքննիչ պալատը լավ չի հնչում հանձնել ընդդիմությանը: ՀՀ-ում բալանսավորման առումով հաստատված է ազատ ընտրությունների մեխանիզմ եւ ժողովուրդը հնարավորություն ունի, ընդդիմությունն էլ ժողովրդի միջոցով հնարավորություն ունի վերցնել այնքան լծակներ, ինչքան ժողովուրդն ուզում է նրան օժտել: Կարծում եմ, այդ մեխանիզմն այսօր լիարժեք գործում է ՀՀ-ում: Այդ մեխանիզմի գործադրմամբ ընդդիմությունը տարբեր ընտրություններում, նաեւ ՏԻՄ ընտրություններում լծակներ ունենալու, նաեւ բալանս ապահովելու հնարավորություն ունի»:

Բագրատյանն էլ արձագանքեց, որ այս հարցն իրեն է ուղղում, որովհետեւ Փաշինյանն այդ ճանապարհն անցել է ու լավ է հասկանում ընդդիմության դերը՝ զսպելու եւ հակակշռելու իշխանությանը. «Դուք ասում եք՝ իզմ-երին չենք հետեւում, չպիտի հետեւեք, կառավարման համակարգը չպիտի համարեք կարծրատիպ, այս վստահությամբ ենք ձեզ դիմում»:

Փաշինյանն էլ վստահեցրեց, որ ինքը երբեւէ իր, կամ ընդդիմության համար իշխանությունից որեւէ կարգավիճակ չի խնդրել ու չի ուզել. «Բացառվում է, այդպիսի բան չի կարող լինել, որովհետեւ ես համարել եմ, որ ընդդիմադիր լինելով՝ ես վերահսկողական լծակ ունեմ, ինձ պետք չի, որ մի հատ «պեչատ» լինի, որ լուրջ վերահսկողական գործառույթ ունենամ: Եկեք ուրիշ հարց դնենք՝ արդյոք այսօր խորհրդարանն իր խորհրդարանական վերահսկողության ամբողջ ծավալը օգտագործում է, որ գործադիրին է ասում՝ ինձ լծակներ տվեք: Այսօր խորհրդարանը լավ չի պատկերացնում, թե ինչ վերահսկողական լծակներ ունի: Չի եղել, որ ես իշխանությունից վերահսկողական լծակ ուզեմ: Կներեք, եթե էսքան անկեղծացանք, ասեմ՝ էդ ճանապարհով գնացող ընդդիմությունը դառնում է կոմֆորմիստ, հարմարվում է իշխանության հետ: Խորհրդարանն ունի անհրաժեշտ վերահսկողական լծակներ, իսկ ընդհանրապես ցանկացած լավ թեկնածուի թեկնածությունը քննարկելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930