«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը հունիսի 21-ին կայացած ասուլիսում ներկայացրեց 16-րդ «Ոսկե ծիրանի» միջազգային մրցույթային, տարածաշրջանային կարճամետրաժ մրցույթային, «Տարածաշրջանային համայնապատկեր», «Ծուռ ծիրան» ծրագրերը, հետահայաց ցուցադրությունները: Նա նշեց, որ այս տարի ֆիլմերի տեսակային սահմանափակումը վերացված է, որովհետեւ վաղուց այն հարաբերական է համարվում կինոյում: Կարեն Ավետիսյանի խոսքերով, այդ քայլը նպատակ ունի հանդիսատեսին բերելու այն գիտակցման, որ վավերագրական կինոն նույնքան կարեւոր է, որքան խաղարկայինը, եւ հանդիսատեսը փառատոնի ծրագիրը նայելով` կարող է հանդիպել ինչպես խաղարկային, այնպես էլ վավերագրական ու կիսավավերագրական ֆիլմերի:

Նաեւ բացատրեց հայկական ֆիլմի ներկայությունը այս մրցույթում. մեկ տարի առաջ Հայաստանի ազգային կինոակադեմիայի եւ «Ոսկե ծիրանի» միջեւ կնքվել է համաձայնագիր, ըստ որի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթած լիամետրաժ ֆիլմը մտնում է միջազգային մրցույթային ծրագիր: Կարեն Ավետիսյանը խոսեց նաեւ լեհական ծրագրից, Կաննի կինոփառատոնի հետ պայմանավորվածություններից ու բացառիկ հյուրերից:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն անդրադարձավ անչափ սպասված «Երևանյան պրեմիերաներ» ծրագրին, որտեղ ընդգրկված են կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, Վենետիկից: Նա հայտնեց, որ հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ոսկե արմավենու արժանացած Պոն Ջուն Հոյի «Մակաբույծը» ֆիլմը, լավագույն սցենարի համար մրցանակ ստացած Սելին Սկյամմայի «Աղջկա դիմանկարը կրակի մեջ» ֆիլմը, Քեն Լոուչի «Ներողություն, ձեզ տեղում չգտանք»-ը:
Մանրամասն` տեսանյութում
Վարվառա Հովհաննիսյանը հայտնեց, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում 5-ի փոխարեն ժյուրիի 7 անդամ ունեն: Ներկայացրեց նաեւ կազմը: Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրին կնախագահի ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):

Կարեն Ավետիսյանը դեռեւս ձեռնպահ մնաց բացման ֆիլմի անունը նշելուց, ասաց, որ մանրամասներն ավելի ուշ կհայտարարվեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































