Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Այդպիսի ապացույց ձեռք չեն բերելու Գեղամ Պետրոսյանի հետ կապված, հայտարարում եմ՝ ի լուր Հայաստանի». Գեղամ Պետրոսյանի պաշտպան

Հուլիս 02,2019 16:54

2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի պաշտպանի բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Հիշեցնենք, որ նիստերը դռնփակ ընթացակարգով են: Aravot.am-ի հետ զրույցում Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանն (լուսանկարում) ասաց. «Մինչեւ դատարանը խորհրդակցական սենյակից դուրս չգա, չեմ կարող հասկանալ, թե ինչ կլինի: Ես գտնում եմ, որ հիմնավորումները, որոնք ներկայացրել եմ, ավելի քան բավարար են, որպեսզի դատարանը հիմնավոր կասկածը բացառի, ասի, որ բացակայում է: Հիմնավորումները մանրամասն ներկայացրել ենք եւ նախորդ անգամ, եւ այս անգամ, բայց թե դատարանը ինչ դիրքորոշում կունենա՝ դեռ հայտնի չի: Ես ենթադրում եմ, որ պիտի պարտադիր հիմնավոր կասկածի բացակայությունը հաստատի դատարանը եւ ասի, որ արարքը, որը վերագրում են Գեղամ Պետրոսյանին, իրականության մեջ տեղի չի ունեցել: Հուսով եմ, դատարանը նման դիրքորոշում կարտահայտի»:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՀՔԾ-ն ապացույցների բավարար համակցությամբ է Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրել, դատարանն էլ արձանագրել է, որ կա հիմնավոր կասկած առ այն, որ տվյալ անձը կատարել է այդ արարքը: Դուք ապացույցների համակցություն տեսնո՞ւմ եք՝ Գեւորգյանը պատասխանեց. «Ապացույցների բավարար համակցություն առհասարակ գոյություն չունի, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր իրավասության դատարանին, ընդհանուր իրավասության դատարանները մեկը մյուսից copy-paste են անում ու իրենց որոշումների մեջ գրում են: Ընդհուպ եղել են դեպքեր, երբ որ մյուսի անուն ազգանունը բերում են էս մյուսի գործի մեջ են դնում, էդքան շփոթված են լինում: Այնպես որ, ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը եթե մենք համարենք, որ որոշում է կամ օրենքի տառին գոնե մոտիկ է, չեմ էլ ասում օրենքի տառով, հավանաբար մենք Վերաքննիչ բողոք չէինք բերի: Վերաքննիչ բողոքի առկայությունը վկայում է, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ոչ միայն օրենքի տառից հեռու է, այն ոչ հիմնավորված է, ոչ էլ պատճառաբանված է: Քննիչի կողմից ներկայացված միջնորդությունից copy-paste է արված ու դրված է այնտեղ»:

Մեր դիտարկմանը, որ սպայի ցուցմունք կա Գեղամ Պետրոսյանի դեմ, պաշտպանն արձագանքեց՝ սպայի ցուցմունք չի, ինչ-որ ենթասպա է, որ ցուցմունք է տվել: Էդ ցուցմունքը նախ պիտի ստուգվեր, բազմաթիվ բավարար ապացույցներ հավաքվեր, նոր անձի նկատմամբ մեղադրանք առաջադրվեր: Չի ստուգվել: Ինչքան էլ ուզում են ստուգեն՝ էդպիսի ապացույց ձեռք չեն բերելու Գեղամ Պետրոսյանի հետ կապված, հայտարարում եմ՝ ի լուր Հայաստանի: Այդպիսի ապացույց ձեռք չեն բերելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031