Լրահոս
Օրվա լրահոսը

Պերճ Սեդրակյան. Առանց հայրենիքի հայ ազգը գոյություն ունենալ չի կարող

Հուլիս 19,2019 17:09

Օգտվելով ՀԲԸՄ-ի ղեկավարների և համայնքի անդամների հետ անձամբ շփվելու Հայաստանի թավշյա հեղափոխությունից ի վեր ընձեռված երկրորդ հնարավորությունից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հստակ ուղերձ հղեց իր պատվին հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀԲԸՄ կողմից կազմակերպված մասնավոր ընթրիքի հյուրերին. «Բարեգործությունը լավ բան է: Սակայն մենք բարեգործություն չենք խնդրում: Բարեգործությունից առավել է գիտելիքը, փորձը և սփյուռքի փորձառությունը», – վճռականորեն ասաց նա:

Նույն օրը ավելի վաղ Ավինյանը ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)՝ «Կլիմայական փոփոխությունները հաշվի առնող տնտեսություններ. էներգետիկ արդյունավետությունը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով լիագումար քննարկման ժամանակ: Նա նաև հանդիպեց հայկական համայնքի անդամների և առաջատար գործարարների հետ:

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ընթրիքի հյուրերին ուղղված իր խոսքում հիշեցրեց. «Առանց հայրենիքի հայ ազգը գոյություն ունենալ չի կարող»՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանի բարգավաճումը գտնվում է ՀԲԸՄ առաքելության կիզակետում: Նա նաև նշեց, որ Հայաստանը կարող է հենվել ՀԲԸՄ-ի վրա՝ բարգավաճ Հայաստան ունենալու ուղղությամբ համագործակցաբար աշխատելու գործում՝ հավելելով, որ համաշխարհային տնտեսությունում մրցունակ դառնալու համար կարևորագույն նշանակություն ունի «ոչ թե էժան աշխատանք, այլ բարձրակարգ աշխատուժ ունենալը»:

Ներկաների թվում էին ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամներ Նազարեթ Ֆեստեկջյանը, Արդա Հարաթունյանը և Հայկ Արիյանը: Ներկա էին նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական Մովսես Աբելյանը, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, բարերար Ասո Թավիթյանը, AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը և Չիկագոյում Հայաստանի պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը: Փոխվարչապետին ուղեկցում էին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, փոխվարչապետի խորհրդական Զարուհի Մաթևոսյանը և Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանը: Կենտրոնանալով նոր Հայաստանի հեռանկարային հնարավորությունների վրա՝ Ավինյանը պարզաբանեց. «Հայերը հաջողակ են ողջ աշխարհում: Հաջողակ մարդկանց Հայաստան բերելու համար մեզ հարկավոր են ճիշտ ինստիտուտներ: Թավշյա հեղափոխությունից հետո մենք սկսել ենք ձևավորել դրանք. ձևավորել քայլ առ քայլ և առանց շտապելու՝ հանուն ուժեղ Հայաստանի և Սփյուռքի»: Բոլոր խոսնակներն ու ընթրիքի հյուրերից ոմանք իրենց աջակցությունը հայտնեցին ներկայումս Հայաստանի համար կայուն ապագա ձևավորելու ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ վերահաստատելով իրենց հանձնառությունը երկրի տնտեսական զարգացման գործում:

ՀԲԸՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031