Լրահոս
Օրվա լրահոսը

«Արսեն Թորոսյանը վկա է». դատավորի ուշագրավ բացահայտումները՝ Դավիթ Սանասարյանի գործով 1-ին նիստում

Հոկտեմբեր 28,2019 15:58

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստն է այսօր՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ ըստ հեմոդիալիզի գնումների գործով մեղադրանքի՝ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դատավոր Դավիթ Բալայանը մինչեւ բուն դատավարական գործողություններին անցնելն ուշագրավ հայտարարություններ արեց՝ ցանկանալով կողմերին իրազեկել, թե արդյոք իր մատնանշած փաստերը կարո՞ղ են դիտարկվել որպես իրեն բացարկ հայտնելու հիմքեր:

Դատավորը նշեց. «Դավիթ Սանասարյանի շահերի պաշտպան, փաստաբան Սարդարյանը հոկտեմբերին եղել է ինձ հետ գործուղման արտերկրում՝ մասնակցելով սեմինարի: Այդ հանգամանքը ինձ չի խոչընդոտում, բայց ուզեցա, որ կողմերը տեղյակ լինեն: Գործուղման մասին ինձ հայտնի է դարձել հունիսին: Մասնակցել է նաեւ Շիրակի մարզի դատախազը: Իսկ պարոն Անանյանը, որը ներկայացնում է մեղադրյալ Տարոն Ավետիսյանի շահերը, դիմել է հատուկ քննչական ծառայություն՝ դատարանների շրջափակման դեպքի հետ կապված, երբ ես վայր էի ընկել՝ փորձելով մուտք գործել դատարան: Ես նրա վստահորդը չեմ, նա որպես մասնավոր անձ է դիմել: Հետո իմացել եմ, որ քրեական գործ չի հարուցվել, ինչի դեմ բողոքարկել է Անանյանը: Պարտավոր եմ բացահայտել նաեւ այն հանգամանքը, որ այս գործով վկա է անցնում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտի տնօրեն է հանդիսացել քեռուս որդին, որն ազատվել է աշխատանքից: Ես կաշկանդված չեմ դրանով, ուղղակի օրենքը ձեւակերպում է դատավարության «այլ մասնակիցներ» եզրույթը: Արդեն Թորոսյանն «այլ մասնակից» է: Այս ամենը հիմք չէ, որ ես կողմնակալություն ունենամ այս գործը քննելիս, բայց անհրաժեշտ գտա ասել, որ հանրության շրջանում դրանք չդիտարկվեն որպես թաքնված փաստեր»:

Պետական մեղադրողն ու մեղադրյալների պաշտպանները հայտարարեցին, որ դատավոր Բալայանին բացարկ հայտնելու հիմքեր չեն տեսնում:

Մեղադրյալներից Դավիթ Սանասարյանն էլ այսպիսի հայտարարություն արեց. «Իմ դեմ սկսվեց ապօրինի հետապնդում՝ ԱԱԾ քննչականի անվան տակ կատարվեցին ապօրինի գործողություններ: Դատախազությունը հանցակից դարձավ եւ ձեզ կոչ եմ անում չմասնակցել այդ գործընթացին»:

Դատավորն ընդհատեց նրան. «Ինչ կոչ անելու լիազորություն եւ իրավունք չունեք: Պետք չէ պիտակավորել դատախազին: Ըստ էության ասեք՝ ես կարո՞ղ եմ ձեր աչքին որպես կողմնակալ երեւալ»:

Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Ես հույս հայտնեցի պարզապես, հատկապես որ ձեր մասին օբյեկտիվ գնահատականներ եմ լսել»:

Հավելենք, որ այս գործով մյուս մեղադրյալ Սամվել Ադյանը՝ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:

Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Տարոն Ավետիսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը և հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ և տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031