Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող լինել իրավիճակ, երբ որ մի կողմը առավելապաշտական դիրքորոշումներով փորձի ստանալ ամենը, իսկ մյուս կողմը՝ չէ, սա փակուղի է տանելու». Զոհրաբ Մնացականյանը՝ բանակցային գործընթացից

Նոյեմբեր 01,2019 14:56

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով բանակցային գործընթացի մասին՝ ասաց. «Մենք թիրախային եւ նպատակաուղղված աշխատում ենք բանակցային գործընթացի մեջ: Հետեւողական հանդիպումները, գիտեք, որ մենք երբեւէ չենք դանդաղեցրել եւ երբեւէ չենք ձգձգել գործընթացը: Վերջին հանդիպումը եղավ սեպտեմբերին, հաջորդը կլինի շուտով՝ նախարարների մակարդակով: Ղեկավարների մակարդակով ներկայիս դրությամբ դեռեւս չենք ծրագրում, բայց կարող է ամեն ինչ լինել, ցանկացած ուղղությամբ կարող է զարգանալ: Կան պայմանավորվածություններ, գաղափարներ ղեկավարների մակարդակով, թե ինչպես կարելի է հանդիպումները կազմակերպել: Գործ ունենք անելու, այդ գործի մեջ մենք ունենք հստակ մեր դիրքորոշումները, որոնք ուղղված են հետեւյալին՝ ապահովել այնպիսի ձեւաչափ, այնպիսի դաշտ, որտեղ համադրելի են պարտավորությունները կողմերին: Չի կարող լինել իրավիճակ, երբ որ մի կողմը առավելապաշտական դիրքորոշումներով փորձի ստանալ ամենը, իսկ մյուս կողմը՝ չէ, սա փակուղի է տանելու: Բայց մենք ունենք մեր մոտեցումները, որոնք վերաբերում են այնպիսի համադրության, որտեղ մեր շահերը՝ անվտանգություն եւ ստատուս, այս երկու բառը պարունակում են բավական ծավալուն գաղափարներ: Դրանցից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է բովանդակություն»:

Հարցին՝ դատելով կողմերի հայտարարություններից՝ հիմա փակուղային վիճակ չկա՞՝ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Որեւէ փակուղի չկա: Մենք որեւէ փակուղի չենք տեսնում, շարունակում ենք աշխատել շատ հանգիստ եւ սառնասիրտ: Սա աշխատանք է, որ պետք է արվի, որովհետեւ սա վերաբերվում է մեր անվտանգության, տարածաշրջանի անվտանգությանը, սա վերաբերվում է խաղաղությանը հաստատելուն եւ այստեղ որեւէ զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ եւ անպատասխանատու է: Մենք դրա համար շարունակում ենք աշխատել սառնասիրտ եւ նպատակաուղղված մեր դիրքորոշումների շուրջ»:

Հարցին՝ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչում, դուք դա քննարկման առարկա դարձնո՞ւմ եք՝ նախարարը պատասխանեց. «էսկալացիայի ռիսկերի նվազեցման հարցը մշտապես կարեւորագույն հարցերից է: Կա բովանդակային մասը եւ կան հարցեր, որոնք ձեւավորում են միջավայրը, որի մեջ քննարկում են այդ բովանդակային հարցերը: Չի կարող լինել իրավիճակ, երբ որ մենք գնում ենք էսկալացիայի, երբ որ շարունակվում է հռետորաբանության եւ ատելության քաղաքականությունը, սպասել, որ դա չի կարող ազդել բովանդակության վրա: Մենք շատ զգայուն ենք դրա համար: Եվ էսկալացիայի ռիսկերի նվազեցման հարցը չափազանց էական հարց է: Չենք կարող ասել, որ մենք բավարարված ենք, որովհետեւ տեղի են ունենում զինադադարի խախտումներ, բայց սկզբունքորեն մենք բոլորս կարող ենք տեսնել, որ ընդհանուր առմամբ կա նվազում զինադադարի խախտումների եւ սա մեզ համար բացարձակ կարեւոր հարց է»:

Հարցին՝ երբ ասում եք, որ գործընթացը փակուղում չէ, առաջընթացը ո՞րն է այդ դեպքում, ի՞նչ է գրանցվում բանակցությունների, քննարկումների արդյունքում՝ նախարարը պատասխանեց. «Գրանցվում է այն, որ այն պարամետրերի շրջանակներում, որոնք վերաբերում են ստատուսին եւ անվտանգությանը, փորձում ենք զարգացնել այն պարամետրերը, որոնք առավել բավարարում են մեր մտահոգությունները, մեր հիմնական գերակայությունը»:

Նախարարը հույս հայտնեց, որ Ադրբեջանի կողմից եւս այդ կամքը ի հայտ կբերվի եւ կդրսեւորվի ավելի արտահայտված ձեւով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930