Լրահոս
Օրվա լրահոսը

Այց՝ երկու տարվա դադարից հետո

Նոյեմբեր 12,2019 12:36

Փաշինյանի թավշյա հեղափոխությունից հետո Լավրովի առաջին այցը Երեւան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան՝ երկու տարվա ընդմիջումից հետո, Հայաստանում Փաշինյանի թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ: ՌԴ ԱԳՆ-ն մինչ Լավրովի այցը հայտնեց, որ երկօրյա այցի ընթացքում Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարարի հետ կքննարկի ղարաբաղյան խնդրի կարգավորումը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ գծով համագործակցությանը եւ միջազգային կառույցներում փոխազդեցությանը վերաբերող հարցեր:

Մինչ Լավրովի այցը ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ եւ բողոքի նոտա հղել՝ կապված Ռուսաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչների ընդունելության հետ: ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվել էր, որ նոյեմբերի 6-ին Բոչարնիկովի հետ հանդիպել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալիֆ Խալիֆովը: Ռուսաստանի դեսպանին նոտա են հղել՝ կապված Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի եւ կրթության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի՝ Ռուսաստան իրականացրած այցի հետ: Մայիլյանն ու Հովհաննիսյանը Մոսկվայում էին նոյեմբերի սկզբին: Նոտայում նշվել էր. «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական միավորման, այսպես կոչված, «ներկայացուցիչների» այցը Ռուսաստանի Դաշնություն եւ նրանց հանդիպումները մի շարք ռուս փորձագետների եւ ակադեմիական կենտրոնների աշխատակիցների հետ ծառայում են մոտ 30 տարի շարունակվող Հայաստանի փորձերին՝ ամրապնդել ստատուս քվոն ադրբեջանական տարածքներում, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքների օկուպացիայի շարունակությանը»:

Այս հաղորդագրությանը հաջորդեց ռուսական կողմի կոշտ արձագանքը: Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Ռուսաստանին ուղղված բողոքը հիմքեր չունի: Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի հայտարարությունների ընդհանուր տոնին, ապա այն չի համապատասխանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակին եւ որակին: Այս մասին ասվում էր Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: «Նշված անձանց այցը, եթե անգամ եղել է, ապա կրել է բացառապես մասնավոր բնույթ: Այդ առումով այն չի հակասում ո՛չ ռուսական օրենսդրությանը, ո՛չ առկա միջազգային պայմանավորվածություններին, ո՛չ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը: Ոչ մի հանդիպում Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց հետ տեղի չի ունեցել»,- ասվում էր մեկնաբանության մեջ:

Այնուհետեւ Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությունը տարածեց արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցի նախօրեին: Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, այս հարցում կողմերին ցուցաբերվող աջակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ն, հավելելով՝ կարգավորման գործընթացը գտնվում է նախագահի ուշադրության կենտրոնում: «Մեր խորին համոզմամբ, հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքա-դիվանագիտական եւ կողմերի միջեւ երկխոսության ճանապարհով: Կարծում ենք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում դիվանագիտական ջանքերը վաղ թե ուշ թույլ կտան առաջընթաց արձանագրել եւ հասնել փոխզիջման»:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել էր, որ կշարունակի ակտիվորեն աջակցել կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբում, ինչպես նաեւ ազգամիջյան հարթակում՝ հաշվի առնելով սերտ կապերը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ:

Նկատենք, որ այցի նախօրեին Լավրովը բացառիկ հարցազրույց էր տվել «Մեդիամաքսին», որտեղ նա անդրադարձել է հարցին՝ արդյո՞ք հնարավոր է հակամարտության կարգավորումն այն պայմաններում, երբ բանակցությունների ողջ ընթացքում Ադրբեջանը երբեւէ հրապարակային հայտարարություն չի արել այն մասին, որ պատրաստ է ընդունել հանրաքվեի արդյունքները, որը, միջնորդների առաջարկության համաձայն, նախատեսվում է անցկացնել Լեռնային Ղարաբաղում` քաղաքական կարգավիճակը որոշելու համար. «Մենք ողջունում ենք հարաբերական կայունության պահպանումը սահմանին եւ շփման գծում: Մենք կարծում ենք, որ լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցային գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»:

Նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով նրան Երեւանում՝ Փաշինյանը նշել է. «Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո ես բազմիցս հանդիպել եմ ՌԴ նախագահի, վարչապետի հետ: Վերջին 1.5 տարվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել Երեւանում հյուրընկալելու ՌԴ նախագահին, վարչապետին, վերջերս Հայաստան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարարը, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանում, եւ իրոք մեր հարաբերություններում, կարծում եմ, կա նոր դինամիկա: Վերջերս մենք համաձայնություն ձեռք բերեցինք, որ եկող տարի կկայանա իմ պաշտոնական այցը Ռուսաստան, որին կհաջորդի ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան»: Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ունեցել է արդյունավետ նախագահություն՝ հիշեցնելով, որ վերջերս Երեւանում տեղի է ունեցել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: «Կարծում եմ՝ այն աննախադեպ միջոցառում էր իր մասշտաբներով: Ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի, Սերբիայի հետ, ուժի մեջ մտան Իրանի հետ ստորագրված Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, նաեւ Չինաստանի հետ պայմանագիրը: Այս համատեքստում, բավականին լավ զարգանում են մեր տնտեսական հարաբերությունները եւ մենք հույս ունենք, որ այս տարի առեւտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի, ինչը բավականին լավ արդյունք է: Այս ամենը ստեղծում են շատ կարեւոր ազդակներ՝ մեր երկրների միջեւ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին Սերգեյ Լավրովը Փաշինյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի ջերմ ողջույնները, ապա հիշեցրել, որ ՌԴ նախագահի հետ  այս տարի Փաշինյանը հանդիպել է 4 անգամ, նույնքան էլ ՌԴ կառավարության ղեկավարի հետ, հավելել է, թե՝ շատ սերտ եւ ինտենսիվ շփումներ ունենք տնտեսական գերատեսչությունների գծով, տեղեկացրել, որ առաջիկայում տեղի է ունենալու հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը, նախապատրաստվում է նաեւ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը: «Ուրախ ենք, որ զարգանում է նաեւ երկկողմ առեւտրաշրջանառությունը, այն շարունակ աճում է: Ռուսաստանը Հայաստանի տնտեսական առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսության մեջ առաջին ներդրողը: ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում մեր համագործակցությունը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում եւ մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ: Մի քանի շաբաթից Բիշքեկում տեղի կունենա եւս մի կարեւոր միջոցառում՝ ՀԱՊԿ գագաթաժողովը, որտեղ եւս պետք է առաջ մղենք մեր փոխգործակցությունը՝ կապված ռազմաքաղաքական անվտանգության եւ դաշնակցային համագործակցության հետ»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ Հայաստանի վարչապետն ու ՌԴ արտգործնախարարը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քաղաքական եւ տնտեսական համագործակցությանը, մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ռուսաստանի կարեւոր դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ խաղաղության պահպանման գործում: Նիկոլ Փաշինյանը եւ Սերգեյ Լավրովը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը եւ հումանիտար ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ հակամարտության կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման առումով»,- ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Պաշտոնական հայտարարություններից բացի, Լավրովի երեւանյան ուղերձները բավական ուշագրավ են: Մինչ Երեւան ժամանելը «Մեդիամաքսին» տված Լավրովի հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի վերաբերյալ արձանագրումը խիստ կարեւոր էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում պաշտոնական Բաքուն ՌԴ նախագահի ներկայությամբ հայկական կողմին ղարաբաղյան կարգավորման գործընթացը տապալելու հարցում հիմնական «մեղավոր» մատնացույց անելու ճանապարհին հանդես էր գալիս խիստ ապակառուցողական դիրքորոշմամբ:

Այժմ, կարծես, պաշտոնական Մոսկվան, Լավրովի նախաայցային հարցազրույցով որոշակի ուղերձներ հղեց Բաքվին, երբ ՌԴ ԱԳ նախարարն արձանագրեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա»:

Նկատենք, որ վերոնշյալ սկզբունքները պաշտոնական Բաքուն վաղուց մոռացության էր մատնել:

Նոյեմբերի 10-ին Երեւանում Լավրովը մասնակցեց Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, հաջորդ օրն առավոտյան նա Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետեւ նրա օրակարգում արդեն ՀՀ իշխանությունների հետ բանակցություններն էին:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930