Լրահոս
Օրվա լրահոսը

«…Կա՛մ հաղթություն, կա՛մ հաղթական մահ»

Դեկտեմբեր 12,2019 13:30

Վերջերս հրապարակի վրա դրվեց բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանի թվով  28-րդ գիրքը՝ «Ճակատագրով դատապարտվածները» խորագրով վեպը: Եթե նրա նախորդ «Հայի գենը» (2018թ.) վեպը իսլամացած հայերի մասին է, որտեղ առաջ է քաշվում հայի գենի պահպանման խնդիրը, ապա այս նոր գրքի մեջ Մեծ Եղեռնը վերապրած մարդկանց մասին է: Եվ ոչ միայն: Գիրքը բաղկացած է երկու մասից: Վեպի առաջին մասում արձակագիրը սահմռկեցուցիչ տեսարանների, դեպքերի միջոցով ցույց է տալիս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի դեմ իրագործած Եղեռնի ողջ ողբերգությունը: Առայսօր Թուրքիան  ե՛ւ ժխտում է Հայոց Ցեղասպանության փաստը, ե՛ւ շարունակում է ցեղասպան քաղաքականությունը քրդերի հանդեպ: Հարկ է նշել, որ վեպում բավականին հետաքրքիր է գլխավոր հերոսի ընտրության հարցը: Պատանի Ավետիսն անցնելով գաղթի մահասարսուռ ճամփաներով, երբեք չթուլացավ, չընկրկեց, գերադասեց որպես հայ մեռնել քաղցից, բայց երբեք չընդունել մահմեդականությունը: Նա քրիստոնյա հայի այն տեսակն էր, որ ականատես լինելով թուրք բորենիների վայրագություններին, կորցնելով հարազատներին ու ընկերներին,  անվերջ մտածում էր ողջ մնալու դեպքում անպայման վրեժխնդիր լինել թշնամիներից: Ահա կոտրված խաչքարի մոտ պատանու երդումը. «Աստված իմ, օգնիր ինձ ազգիս ու հայրենիքիս հանդեպ ունեցած իմ սերը գործով ապացուցել…Թույլ տուր ինձ պատվով պաշտպանելու իմ տառապած ժողովրդի անունը, թեկուզ նահատակվելու գնով…»: Պայքարի նմանօրինակ անկոտրում կամք եւ ուժ են ունեցել «Նեմեսիս»-ի խմբի անդամները, Սարդարապատում, արցախյան պատերազմներում հերոսացած մեր  հայորդիները:

Գրողը գեղարվեստական վարպետությամբ ու դրամատիկ կառուցվածքով  սյուժեն այնպես է  զարգացնում, որ ընթերցողը շունչը պահած ու լարված հետեւում է դեպքերի ընթացքին: «Ճակատագրով դատապարտվածները» վեպի երկրորդ մասը հիմնականում վերաբերում է անցյալ դարի 20-ական թվականներին Լեռնահայաստանում ընթացող մարտերին՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ: Անկասկած, այստեղ որպես կենտրոնական եւ շարժիչ ուժ  հանդես է գալիս Գարեգին  Նժդեհը: Ավետիսի համար նա զորավարի անզուգական կերպար էր: Պատանին իր մարտական ընկերների հետ հպարտությամբ ու ոգեւորությամբ էր լսում ողջ Զանգեզուրը ազատագրած հերոս զորավարի ազգանվեր կոչերն ու հորդորները: Գրքում հրաշալի է պատկերված Նժդեհի անձը որպես հայրենասերի, մարդու, տաղանդավոր փիլիսոփա մտածողի: Հակոբյանը հավատարիմ մնալով պատմական ճշմարտությանը, զորավարի կերպարին կենդանի շունչ հաղորդելու նպատակով օգտագործել է որոշ հատվածներ նրա ելույթներից, նաեւ նշանավոր ասույթներից /«Մեզ հետ է Աստված եւ մեր պատերազմական բախտը», «Բոլոր դարերի անմոռաց պատգամ եմ հղում սերունդներին՝ չներե՛լ, չներե՛լ թուրքին», «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որը պետք է հաղթանակ բերի քեզ» եւ այլն/: Ուշագրավ են ներկայացված նաեւ ուրիշ մարտիկների, այդ թվում վաշտերի հրամանատարների՝ Շահենի, Սիսակի, զինվորական կոմիսար Մելիք Յոլչյանի, հասարակ զինվորների՝ Զավենի, Սարոյի, Գեղամի եւ այլոց կերպարները: Հետաքրքրությամբ են տրված ոչ միայն լեռնային տեղանքներում մարտական գործողությունները, այլեւ 1920թ. ապրիլի 22-ին Գորիսում կազմակերպված զորահանդեսը, զինվորների հոգեբանությունը, պայքարի ոգին, նրանց տագնապներն ու ապրումները, հանգստի ժամերին՝  հումորի զգացումն ու ուրախ կատակները: Ի դեպ, գրողի նախորդ գրքերում («Արյան վրեժ», «Արյան հիշողություն», «Չսպիացած հոգիների ցավը», «Ապրիլյան հերոսամարտ») գլխավոր հերոսները նույնպես նժդեհյան գաղափարախոսության կրողներն են: Նրանք պատրաստ են կռվել ու կյանքը զոհաբերել հայրենիքի համար: Այդ հերոսների շարքն է լրացնում նաեւ պատանի Ավետիսը, որը  նահատակվում է դեպի Արցախ գնալու ճանապարհին:

«Ճակատագրով դատապարտվածները» վեպն ունի արդիական նշանակություն: Մեր օրերում էլ, երբ կան թյուր կարծիքներ ազատագրված տարածքները ետ վերադարձնելու մասին, նրանց եւս  մի անգամ պիտի հիշեցնել Գարեգին Նժդեհի խոսքերը. «Առանց Զանգեզուր – Արցախի չկա Հայաստան: Պիտի հաղթել գոյության իրավունքը չկորցնելու համար: Կա՛մ հաղթություն, կա՛մ հաղթական մահ»:

Գուրգեն  ԼՈՌԵՑԻ
Հրանտ ՀՈՐԻԶՈՆ

«Առավոտ» օրաթերթ
11.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031