Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Վարչապետի ասածները ԱԱԾ-ի մասին պետք է գնահատել՝ որպես իր ամենահավատարիմ եւ իր հանձնարարությունները կատարող կառույց»

Դեկտեմբեր 19,2019 23:45

Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը, մեկնաբանելով այսօր վարչապետ Փաշինյանի՝ Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում  հնչեցրած այն միտքը, թե որպես ՀՀ վարչապետ, վստահում է  Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, այն ԱԱԾ-ին, որը գործել է այն ժամանակներում նաեւ, երբ ինքը եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ասաց. «Նախ՝ պետք է հաշվի առնել, թե Ազգային անվտանգության ծառայությունն ինչ կարգավիճակ ունի Հայաստանում: ԱԱԾ-ն 2002 թվականից սկսած չի գործում որպես պետական մարմին, գործում է, որպես երկրի ղեկավարին կից կառույց: 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո օրենքով դարձավ վարչապետին կից կառույց»:

Պարոն Իշխանյանի խոսքով, ԱԱԾ-ն միշտ հանրության համար խորհրդավոր   եւ անհանգստացնող կառույց է եղել եւ աշխարհի բոլոր երկրներում անվտանգության այդ կառույցները, գաղտնի ծառայությունները խորհրդավոր  մարդկանց մոտ բացասական երանգներ են առաջացնում. «Մեզ մոտ այդ կառույցը ոչ թե զբաղվել է այն գործունեությամբ, որով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ներքին եւ արտաքին հետախուզական գործերով, այլ՝  միշտ զբաղվել է կատարելով օրվա իշխանության պատվերը: Եվ եղել է հիմնական հենարանը օրվա իշխանության: Իշխանություն ասելով, նկատի ունեմ մեկ անձի»:

Պարոն Իշխանյանը պատահական չի համարում, որ տարիներ առաջ՝ 2002 թվականին այն ժամանակվա նախագահը, այսօրվա վարչապետի պես, տոնի կապակցությամբ այցելել էր այդ կառույց եւ մոտավորապես նույն բովանդակությամբ ելույթ էր ունեցել. «Եւ, ես, «Ա1+» հեռուստաընկերության  հյուրը լինելով, ասացի, որ սա ցույց է տալիս, որ որպես իր իշխանության հիմնական հենարան, նա համարում է Ազգային անվտանգության ծառայությունը: Այսօրվա վարչապետի ասածները ԱԱԾ-ի մասին պետք է գնահատել հետեւյալ կերպ՝ որպես իր ամենահավատարիմ եւ իր հանձնարարությունները կատարող կառույց:

Հիմա ինչ-որ բան փոխվե՞լ  է թե ոչ: Բնականաբար չի փոխվել, որովհետեւ, եթե փոխված լիներ, առաջին հերթին օրենսդրորեն պետք է փոխվեր նրա կարգավիճակը: Կարծես թե հակասություն է առաջանում. Մեկ շաբաթ առաջ վարչապետն ասաց, որ պետական կառավարման մարմինները չեն աշխատում, մյուս կողմից այսօր գովեց Ազգային անվտանգության ծառայությանը: Եվ ես, այս տեսակետից խորհուրդ կտայի վարչապետին, որ բոլոր պետական կառույցները նախարարությունները եւ մնացած կառույցները դարձներ վարչապետին կից կառույցներ, որպեսզի արդյունավետ աշխատեն՝ ինչպես ԱԱԾ-ն է աշխատում: Եվ այստեղ ես պատահական չեմ համարում, որ ամենաաշխատող եւ վստաhելի կառույցները նրանք են, որոնք գործում են իրեն կից, կատարում են նրա հանձնարարականները եւ ոչ թե գործում են ոլորտում ինքնուրույն»:

Մեր հարցին՝ Ազգային անվտանգության ծառայության՝ վերջերս արած հայտարարությունը հասարակական գործիչներից մեկի՝ Արթուր Սաքունցի մասին նույնպե՞ս վարչապետի հանձնարարականով էր, Ավետիք Իշխանյանն ասաց. «Ես միայն մի բան կարող եմ ասել, որ ԱԱԾ-ն առանց վարչապետի համաձայնության նման բան չէր անի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031