Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. Արցախի մասին վարչապետի պոպուլիստական հայտարարությունները մեծ վտանգ են հասցնում բանակցային գործընթացին. News.am

Դեկտեմբեր 31,2019 17:20

Անցնող տարում իշխանությունները որևէ  ձեռքբերումներ չեն գրանցել. ըստ էության, տնտեսական այն չակերտավոր նվաճումները, ինչի մասին իշխանությունները խոսում են, մեղմ ասած, իրականությունից շատ հեռու են, որովհետեւ բազմաթիվ տնտեսագետներ այլ փաստեր են ներկայացնում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

«Վարչապետը կոկորդը պատռում էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, այսօր, համենայն դեպս, դրանից բխող լրջագույն այլ հետեւանք է առկա, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքն է դառնում գործոն։

Երկրորդը, Հայաստանը միշտ եղել է Արցախի հարցում միջազգային հանրության հետ մի կողմում, Ադրբեջանը՝ մյուս կողմում։ Հիմա դա ամբողջապես կորցված է, մենք մնացել ենք լրիվ միայնակ։ Այդ մասին թե՛ Մինսկի խմբի եռանախագահության հայտարարության մեջ կարող եք գտնել, առնվազն երկու անգամ այս մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Երրորդ, էապես մեծացել է պատերազմի վտանգը, որովհետեւ բազմաթիվ փաստարկներ է տրվել Ադրբեջանին, որպիսի Բաքուն իր հարձակողական գործողությունները կարողանա միջազգային հանրության առաջ արդարացնել։ Մեզ համար անհեթեթ է այն բանաձեւը, որ կարգավորումը պետք է բավարարի Հայաստանին, Արցախին եւ Ադրբեջանին, սա ամբողջովին խփում է ինքնորոշման սկզբունքին։ Սա այն է, ինչից պարզ է, որ եռանախագահողներն էլ են կառչել եւ մի անհեթեթ՝ Ալիեւը պետք է այս նույնը կրկնի միտքը։ Ալիեւը հիմար չի, շատ հստակ գծել է՝ ինչ է ուզում։ Հարց են տալիս՝ ինչպես եք պատկերացնում կարգավորումը, ասում է՝ կարեւոր չի՝ ես ինչպես եմ պատկերացնում, կարեւորը այդ երեք սուբյեկտներին պետք է դա բավարարի։ Սա ինչ-որ անհեթեթ եւ անհասկանալի է։ Հետո ասում է՝ թող Մադրիդյան փաստաթուղթը ինձ բացատրեն եռանախագահողները։ Ադրբեջանը հստակ իր բացատրությունը տվեց Բրատիսլավայի ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովում։ Որեւէ անգամ այս իշխանությունը չի ասել, որ կարեւորագույն խնդիրը, ինչին պետք է ուղղված լինեն համայն հայության ջանքերը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է։ Որեւէ կերպ չի ասվում, որ ցանկացած բանակցային փաստաթուղթ, որի շուրջ բանակցում ենք, առաջին հեթին պետք է ամրագրի Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս»,- ասաց Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ Արցախի մասին վարչապետի պոպուլիստական հայտարարությունները մեծ վտանգ են հասցնում բանակցային գործընթացին. «Երբեւէ լսել եք, որ Հայաստանի որեւէ իշխանություն պարծենար, թե այսքան սպառազինություններ ենք բերել։ Պատերազմի վտանգը, որ էապես մեծացել է, դրա մասին խոսում է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը նույն Բրատիսլավայի իր ելույթում, որը ցավոք մեր մամուլում ընդհանրապես չի շոշափվել։ Այնտեղ Հայաստանին նա մեղադրում է, որ Հայաստանը ռազմականացվում է եւ ԵԱՀԿ ամենառազմականացված պետությունն է։ Սա նոր տարր է Ադրբեջանի քարոզարշավում։

Հիմա Հայաստանը քննարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների ձեւաչափում փուլ առ փուլ կարգավորման տարբերակ։ Այդ մասին ոչ միայն Ադրբեջանն է ասել, այդ մասին Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներն են ասել, բայց անընդհատ թաքցվում է։ Ինչ է նշանակում փուլ առ փուլ՝ ինչ-որ տարածքների հանձնում՝ առանց կարգավիճակն ամրագրելու։ Դա բացարձակապես անընդունելի է մեզ համար։ Հիմա, ինչի մասին վկայում է Բրատիսլավայի եռանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը, համատեղ են գործում այս հարցով Ռուսաստանը, Միացյալ նահանգներն ու Ֆրանսիան, բայց այս փուլային տարբերակը ամենայն հավանականությամբ առաջ է տանելու Ռուսաստանը։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց հիմա բավական սերտ հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով։ Ռուսաստանի քաղաքականությունն է՝ երբեք ընտրություն չկատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բայց մերթ ընդ մերթ քաղաքականությունը թեքվում է մե՛կ դեպի Հայաստան, շատ ավելի հաճախ վերջին տարիներին դեպի Ադրբեջան, այս պահին բավական թեքված է դեպի Ադրբեջան եւ ես մեղադրում եմ Հայաստանի ապաշնորհ իշխանություններին, որոնք այս ամենը բացարձակ չեն հասկանում: Բայց Ռուսաստանն էլ պետք է հասկանա, որ ինչ Փաշինյանը ասում է, չի կարողանալու իրագործել, մենք ուղղակի չենք թույլատրի, որ դա իրագործվի։ Ինչքան էլ ապաշնորհ պահի իրեն բանակցային գործընթացում եւ ես վստահ եմ, որ Ռուսաստանում դա արդեն հասկանում են, եւ այն, որ մեր հասարակությունը, հատկապես վերջին վեց-յոթ ամիսներին անընդհատ խոսում է Արցախի հարցում վտանգներից, դա նույնպես Ռուսաստանի համար բավական լուրջ նշան է, ես կարծում եմ։ Ռուսաստանի շահերը մեզ հետ կարող են համընկնել ինչ-որ չափով, չհամընկնել, բայց այդ խուսանավել, մանեւրելը այս իշխանությունը բացարձակապես չգիտի։ Ծանր ճգնաժամային իրավիճակները ստեղծում են մեծ վտանգներ, բայց նաեւ ստեղծում են մեծ հնարավորություններ եւ ես տեսնում եմ այդ հնարավորությունները, բայց այս իշխանությունները ես նույնիսկ վստահ եմ, որ չեն էլ մտածում այդ վտանգների մասին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031