Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը նախաքննական մարմինը հիմնավորել է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով. «Հայկական ժամանակ»

Հունվար 10,2020 10:15

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր սկսվեց ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի գործով նախնական դատական նիստը, որի ժամանակ քննվեց նրա խափանման միջոցի՝ կալանավորման հիմնավորվածության հարցը:

Պետրոսյանը, սակայն, դատարան չէր բերվել առողջական խնդիրների պատճառով:

Ըստ մեղադրանքի՝ 6 միլիոն դոլարը Սիլվա Համբարձումյանը Արամ Հարությունյանին տվել է կանխիկ, 8 միլիոնը իր նախաձեռնությամբ փոխանցել է Հարությունյանի մատնանշած անձի՝ Արաքս Դիլանյանի Դուբայում գտնվող հաշվեհամարին: Հետագայում Դիլանյանն էլ այդ գումարը բաշխել է 4 անձանց՝ Արմեն Խաչատրյանի, Վիկտոր Մարտիրոսյանի, Գագիկ Կարապետյանի եւ Արամ Հարությունյանի մեջ, ինչից հետո Վիկտոր Մարտիրոսյանի եւ Արամ Հարությունյանի հաշվեհամարներից գումարները փոխանցվել են «Տառասկո» ՓԲԸ-ին: Դա հենց այն ընկերությունն է, որը, դատախազի խոսքով, պատկանում է Ալեքսան Պետրոսյանին.

«Նոյեմբերի 12-ին ստացվել է ընկերության իրական սեփականատիրոջ՝ Ալեքսան Պետրոսյանի մասին տվյալներ, ու միայն այս հանգամանքը հիմք է տվել ենթադրելու, թե առկա է փողերի լվացում, սակայն լավագույն դեպքում կարելի էր արձանագրել միայն մեկ տվյալ. Ալեքսան Պետրոսյանին պատկանող ՓԲԸ ընկերությունը Արամ Հարությունյանից եւ նրան փոխկապակցված անձանցից ստացել է 5 միլիոն ԱՄՆ դոլար փոխառությու,ն որը որ վերադարձվել է Արամ Հարությունյանին»:

Միհրան Պողոսյանի խոսքով՝ հիմնավոր կասկածի առկայությունը նախաքննական մարմինը հիմնավորել է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով. «Սակայն նրա ցուցմունքում այդպիսի տվյալ չի նշվում, ուստի հիմնավոր կասկածը բացակայում է, այն կազմված է ենթադրությունների շրջանակում, ինչի պատճառով էլ նախաքննություն տեղի չի ունեցել »:

Պողոսյանը շեշտեց, որ մեղադրողի մատնանշած ռիսկերը բացակայում են. «Չկա նաեւ որեւէ վկա, ում վրա մենք կարող ենք ազդեցություն գործադրել, եթե լիներ, նախաքննության ընթացքում այդ անձինք մեղադրող ցուցմունքներ կտային եւ առերեսում կլիներ, բայց նման բան չի եղել, եւ այդ վկաներն անգամ չեն հարցաքննվել»:

Պաշտպանն ասաց՝ Ալեքսան Պետրոսյանը 63 տարեկան է, հանդիսանում է «ՄԱՊ» խոշոր ընկերության բաժնետեր, իրականացնում է դրա փաստացի կառավարումը, 14 տարի եղել է ԱԺ պատգամավոր, իր խնամքին է չաշխատող կինը, նախաքննական մարմնի ամեն զանգով պատշաճ ներկայացել է, եւ սույն գործով մեղադրյալ է հանդիսանում նաեւ նրա որդին. «Բացի այդ, իմ պաշտպանյալն ունի առողջական խնդիր, ենթարկվել է վիրահատության, ինչից հետո վեց ամիսը մեկ հետազոտվում է Բեռլինի բժշկական հաստատությունում, իսկ պարբերական այս ստուգման գործողությունները պետք է իրականացվեն, ընդ որում, դրա համար պիտի նախ ՀՀ-ում էլ հետազոտություն անցնի: Նա նաեւ 1995 թ տարել է գլխի ինսուլտ, սակայն բժշկական փաստաթղթերը չեն պահպանվել, եւ հնարավորություն էլ չունենք կրկին հետազոտվելու՝ հասկանալու, թե այդ հիվանդությունը ինչ նահանջ կամ ակտիվացում է ապրել»:

Միհրան Պողոսյանը խնդրեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը. «Սակայն եթե դատարանը գտնի, որ ամեն դեպքում առկա է հիմնավոր կասկած, խնդրում ենք քննարկել նաեւ գրավի թույլատրելիության հնարավորությունը. Ալեքսան Պետրոսյանի հարազատները պատրաստակամ են դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել գումար մինչեւ 20 միլիոն ՀՀ դրամի չափով:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031