Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա դիվանից վեր կացած մեր քաղաքացիների համար է» . Բագրատյանն «Իմ քայլին» կոչ արեց պաշտպանել ԲՀԿ-ի քայլը

Մարտ 03,2020 11:42 Share

ԱԺ այսօրվա նիստում քվեարկության դրվեց ԲՀԿ պատգամավորների հեղինակած՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկվում է միկրոբիզնեսին հնարավորություն տալ անվճար օգտվել Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի (ֆինանսավորվում է հարկատուներից) իրավաբանական օգնությունից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը գործընկերներին կոչ արեց «դեմ» քվեարկել օրինագծին, որովհետեւ հանրային պաշտպանի ինստիտուտը սոցիալապես անապահովներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար է, իսկ ձեռնարկատերերի համար ՀՀ օրենսդրությունն այլ գործիքներ ունի՝ սկսած խորհրդատվությունից. «Օրենքն ասում է, որ եթե պարզվում է՝ անվճար իրավաբանական օգնության շահառուն արդեն վճարունակ է, այլեւս չի կարող օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի ծառայությունից: Ուստի այս օրինագիծը հակասում է օրենքի փիլիսոփայությանը, որովհետեւ այդ խմբի մարդիկ զբաղվում են ձեռնարկատիրությամբ, հետեւաբար՝ վճարունակ են»:

Օրինագծի զեկուցող Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Մի անգամ էլ բացատրեմ օրինագծի էությունը: Իրականում միկրոբիզնեսով զբաղվում են սոցիալապես անապահով խմբերը՝ այն մարդիկ, որոնց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դիվանից վեր կենալ եւ աշխատել: Նրանք դիվանից իջել են եւ ուզում են աշխատել, մենք էլ նրանց թիկունքն ենք ուզում պահել, որ չընկնեն նորից դիվանին: Դուք էլ ասում եք՝ չէ՜, հարուստները միկրոբիզնեսով կզբաղվեն… այդքան անլուրջ չի կարելի լինել: Եթե տնտեսությունից չեք հասկանում, ասեք՝ բացատրենք, որ հասկանաք: Հարուստը միկրոբիզնեսով չի կարող զբաղվել, դրանով զբաղվում են դիվանին նստած մեր քաղաքացիները: Այս օրինագիծը հարկերից ազատված միկրոբիզնեսին պաշտպանելու համար է: Որ ասում եք՝ օրինագծի փիլիսոփայությունը դա չէ, սեպագի՞ր է, Ուրարտուի ժամանակների՞ց եք գտել: Կոչ եմ անում մեր այս քայլը պաշտպանել: «Իմ քայլը» պետք  է պաշտպանի մեր քայլը (ժպտալով ասում է Բագրատյանը, դահլիճում ծիծաղ է հնչում.-խմբ.)»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ժպտալով արձագանքեց. «Լավ փորձ էր, պարոն Բագրատյան»:

Ի վերջո, օրինագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելուն «կողմ» քվեարկեց 41, «դեմ»՝ 55, «ձեռնպահ»՝ 5 պատգամավոր, այսինքն՝ այն չի քննարկվի ԱԺ այս նստաշրջանի օրակարգում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031