Լրահոս
Օրվա լրահոսը

Անկանխիկ եղանակով թոշակ ստացողները ստիպված չեն լինելու տարին 1 անգամ բանկ ներկայանալ

Մարտ 03,2020 12:01 Share

Ազգային ժողովն այսօր քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին «Լուսավոր Հայաստանի» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Օրինագծի հեղինակ, ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ գործող օրենքը սահմանում է՝ կենսաթոշակառուն անկանխիկ եղանակով թոշակը ստանալու համար վերջին 12 ամսում 1 անգամ պետք է բանկ ներկայանա. «Դրա հետ կապված շատ խնդիրներ կան կենսաթոշակառուների համար: Շատերն են ինձ դիմել այդ հարցով: Առաջարկում ենք լուծում. բանկը կենսաթոշակառուի՝ ՀՀ-ում գտնվելու փաստը եւ նրա ինքնությունը հեռահար կերպով կարող է հաստատել: Կարգավորումն ուժի մեջ է մտնելու ընդունումից երեք ամիս անց»:

Մանե Թանդիլյանը տեղեկացրեց, որ հայաստանյան 17 գործող բանկերից չորսը նման ծառայություն արդեն իսկ մատուցում են, եւս երկուսը պատրաստվում են. «Այս օրինագծի ընդունումը որեւէ ռիսկ չի պարունակում»:

Կառավարության դիրքորոշումն այս օրինագծի վերաբերյալ դրական է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտարարեց. «Առաջարկվող մոտեցումը համապատասխանում է կառավարության դիրքորոշմանը: Շնորհակալություն նախագծի հեղինակին եւ հանձնաժողովին, որովհետեւ օրենքը բերվեց այնպիսի տեսքի, որը բավարարում է բոլոր կողմերին»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի:

Քննարկվեց նաեւ «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների հեղինակած՝ «Պետական նպաստների մասին օրենքում» լրացում կատարելու օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Այս օրինագծով էլ սահմանվում է՝ խնամակալության նպաստ պետք է տրամադրվի շուրջօրյա խնամակալության կարիք ունեցող մինչեւ 14 տարեկան անձանց (ավելի քան 400 անձ) խնամակալներին:

«Պետբյուջեի համար դա տարեկան 170 միլիոն դրամի պարտավորություն է առաջացնելու»,-հայտարարեց օրինագծի հեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Այս օրինագիծը, որի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը կրկին դրական է, եւս պետք է քվեարկվի երկրորդ ընթերցմամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031