ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Թուրքիայի ԱԳ նախարար՝ ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարությանը
-Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ինչպես եք գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում։
-Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
«Առավոտ». Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2-ին Անկարայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը այժմ պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցով»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Չավուշօղլուն: Նա նշել է. «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:
Այս հանդիպմանը ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում արձագանքել էր. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Մինսկի խմբի համանախագահներին ուղղած Մևլութ Չավուշօղլուի խորհուրդը մտածելու առիթ է տալիս Ղուկասի 4:23-ի շուրջ՝ «Բժիշկ, բժշկիր ինքդ քեզ»»:


















































