Արտաքին գործերի եւ և միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն համարժեք արձագանք չտվեց Ադրբեջանի իշխանություններին՝ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ Արցախ կազմակերպած այցի ու հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։
«Համարժեքը գնահատական է, դա ձեր գնահատականն է։ Ես կարծում եմ՝ ԱԳՆ-ն ինչ պետք է աներ, արել է։ Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան, մենք լսեցինք եւ շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ եւ պահվածքով։ Մենք Մատենադարանին ներգրավեցինք, եթե նկատեցիք՝ այց էր տեղի ունեցել։ Այնպես որ, բավարար, պատշաճ, համարժեք… բոլորը դուք իրավունք ունեք դիտարկել այդպիսին կամ ոչ այդպիսին»,- ասաց Միրզոյանը։
«Առավոտ»-ի հարցին, թե Բաքվի գործողությունները կառուցողակա՞ն են, ՀՀ իշխանություններն ասում են՝ խաղաղության ճանապարհով են գնում, արդյոք Ադրբեջանի քայլերը միտվա՞ծ են խաղաղության, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Այստեղ էլ հղում կանեմ, օրինակ, եթե ճիշտ եմ հիշում, Ազգային ժողովի նախագահը շատ դիպուկ ասաց։ Այո, իհարկե, ակնհայտ է, չէ՞, որ սա չի ամրապնդում հաստատված խաղաղությանը, չի նպաստում։ Հակառակը սնուցում է ինչ-որ բաներ, որ գուցե հնչում են ոչ այնքան լավատեսական կարծիքներ խաղաղության հետագա ճակատագրի մասին։ Այսպիսի բաներն ուղղակի գալիս ու ջուր են լցնում այդ ջրաղացին»։
Անդրադառնալով իր եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հանդիպման վերաբերյալ տեղեկատվությանը եւ հարցին՝ կա՞ն ժամկետներ,Միրզոյանն ասաց. «Դե մենք նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, վերջնական պայմանավորվածություն դեռ չկա, գրաֆիկներից է կախված»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































