Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ընկալմամբ պաչպչել բառի մեջ չկա վիրավորական կամ հարաբերվելու երեւույթ». Սերգեյ Սարգսյան

Մարտ 17,2020 23:13

Say cheese խանութի մարկետինգային տնօրեն Սերգեյ Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունից մեզ չհայտնեցին, թե արդյոք հայտնաբերել են ծեծի ենթարկողներին:

Սերգեյ Սարգսյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն արդեն պարզել է, որ իրեն ծեծողները Իտալիայից վերադարձած Էջմիածնի բնակչուհու ազգականներն են: Հիշեցնենք, որ այդ կինը կորոնավիրուսով վարակված Էջմիածնում նշանդրեքի էր մասնակցել ու մի շարք մարդկանց վարակել: Սերգեյ Սարգսյանն էլ տեսանյութ էր տարածել, որում շնորհակալություն էր հայտնում այդ կնոջը քաղաքի երթեւեկությունը բեռնաթափելու համար:

Սարգսյանի խոսքով՝ տեսահոլովակի հրապարակումից չորս ժամ անց, երբ գտնվում էր Say Cheese խանութի դիմաց, երեք անծանոթ, դիմակավորված անձիք մոտեցել են, հարցրել, թե արդյոք ինքն է այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության՝ խփել եւ գցելով գետնին՝ հարձակվել են իր վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով:

Այդ ամենը տեսնելով, իր կինն ու անձնակազմի անդամները փորձել են կանխել հարձակումը, սակայն նույնպես ենթարկվել են հարձակման: Ծեծողները դիմել են փախուստի: Սարգսյանն ու կինը ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Սերգեյ Սարգսյանի խոսքով, իր համար հասկանալի չէ՝ ինչից են վրդովվել իրեն ծեծողները. «Կարծում եմ, որ վրդովմունք կարող էր առաջացնել պաչպչել բառի օգտագործումը, իմ ընկալմամբ, պաչպչել բառի մեջ չկա վիրավորական, սեռական կամ նմանատիպ հարաբերվելու երեւույթ, բայց եթե համարենք, որ դրան դիմացինը այլ եզրույթներ է տալիս, դրա մասին ինձ պետք էր զգուշացնել, որ փորձեի հասկանալ՝ արդյոք ինչ-որ մեկին վիրավորել եմ, թե՝ ոչ, հետեւություններ անեի եւ տեսահոլովակի հեռացման հետ կապված գործողություններ»:

Մեր զրուցակիցն ասաց՝ չի պատրաստվում տեսահոլովակը հեռացնել հիմա, ասաց՝ այն արդեն ունի հանրային մեծ հնչեղություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031