Լրահոս
Օրվա լրահոսը

Խարդախությունը շախմատիստների համար էլ խորթ չէ

Մարտ 23,2020 16:35

Չնայած կորոնավիրուսի համավարակին, Եկատերինբուրգում շարունակվում է ՖԻԴԵ-ի հավակնորդների մրցաշարը, որը մարզաշխարհում այս օրերին կատարվող, թերեւս, միակ գլխավոր իրադարձությունն է:

Շախմատային ամբողջ աշխարհը հուսով է, որ մասնակից ութ գրոսմայստերները պայքարում են ազնիվ, պահպանում են արդար խաղի կանոնները, եւ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ շախմատային թագը վիճարկելու իրավունքը կստանա արժանավորը: Իսկ կազմակերպիչները դրա համար անում են ամեն բան:

Պատմությունը հիշում է, թե նախկինում շախմատիստներն ինչպիսի խարդախությունների էին դիմում, միմյանց «գոտկատեղից ներքեւ» ինչպիսի հարվածներ էին հասցնում ցանկալի հաղթանակին հասնելու համար:

Գերմանացի գրոսմայստեր Էմանուել Լասկերը համարվում է մրցակցի վրա հոգեբանական ճնշում գործադրելու հիմնադիրը: Նա սիրում էր խաղալու ժամանակ ծխել. եւ սիգարը նրա հզոր զենքերից էր: Մի անգամ Արոն Նեմցովիչի հետ խաղից առաջ, իսկ վերջինը տանել չէր կարողանում ծխախոտի ծուխը, Լասկերը խոստացել էր պարտիայի ժամանակ չծխել: Սակայն մի քանի քայլից հետո նա, այնուամենայնիվ, գրպանից հանել է սիգարը եւ դրել բերանը: Զայրացած Նեմցովիչը բողոքել է մրցավարին, որ Լասկերը խախտում է խաղից առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Սակայն մրցավարը նկատել է, որ մրցակիցը սիգարը չի վառել, ու պարտիան շարունակվել է: Լասկերն այդպես էլ ամբողջ պարտիայի ընթացքում սիգարը չի վառել, ինչով ավելի է հունից հանել Նեմցովիչին:

1978 թվականին Անատոլի Կարպովի եւ Վիկտոր Կորչնոյի միջեւ աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի ժամանակ Կորչնոյը հայելային ակնոց էր կրում: Եվ ամեն անգամ, երբ Կորչնոյը գլուխը բարձրացնում էր, ակնոցի ապակիները լապտերների լույսը անդրադարձնում էին մրցակցի դեմքին: Այդպես, նա փորձում էր խուսափել մրցակցի եւ Կարպովի հետ աշխատող բժիշկ, հիպնոսիստ Վլադիմիր Զուխարի՝ իրեն ուղղված մշտական հայացքից: Ճիշտ է, Կորչնոյի խնդրանքով կազմակերպիչները Զուխարին առաջին շարքից տեղափոխեցին ավելի հեռու եւ Կորչնոյը ակնոցը հանեց, բայց մրցամարտում հաղթեց Անատոլի Կարպովը:

Տիգրան Պետրոսյանը սովորություն ուներ պարտիաների վերջնամասում, երբ խաղատախտակի վրա իրավիճակը լարված էր լինում, ոտքը շարժել: Շախմատի թագի համար Վիկտոր Կորչնոյի հետ մրցամարտում այդ սովորությունը պահպանվում էր: Եվ երբ մի անգամ Պետրոսյանը պատահաբար դիպել էր մրցակցի ոտքին, Կորչնոյը սկզբում սահմանափակվել էր դիտողություն անելով, իսկ հետո ինքն էր սկսել հարվածել մրցակցի ոտքին: Այդպես, փոխադարձ հարվածները վերաճել են սեղանի տակ իսկական կռվի: Խաղն անընդհատ ընդհատվում էր մրցակիցների փոխադարձ մեղադրանքների պատճառով: Մրցավարներն ու մրցամարտի կազմակերպիչները որքան էլ փորձել են հաշտեցնել գրոսմայստերներին, չի ստացվել ու պարտիան ավարտին չի հասցվել:

Պատահել է, որ շախմատիստները հուշումներ են ստացել հաճախակի զուգարան գնալով կամ դահլիճում տեղ զբաղեցրած մարզչի՝ անընդհատ տեղը փոխելու միջոցով: 2015 թվականին Դուբայում անցկացված խոշոր մրցաշարի ժամանակ Վրաստանի կրկնակի չեմպիոն Գայոզ Նիգալիձեն հաճախակի զուգարան էր գնում: Մրցավարները նկատել էին, որ նա միշտ մտնում էր նույն խցիկը, չնայած մյուսներն էլ ազատ էին: Խցիկն ստուգելու ժամանակ զուգարանակոնքի հետեւի մասում հայտնաբերվել է զուգարանի թղթով փաթաթված հեռախոս: Եվ որքան էլ վրացի գրոսմայստերն արդարացել է, թե հեռախոսն իրենը չէ, մրցավարները մասնագետների օգնությամբ հաստատել են, որ հեռախոսում ներքաշված ծրագրով վերլուծվել է հենց այդ օրվա նրա պարտիան: Արդյունքում, ՖԻԴԵ-ն շախմատիստին որակազրկել էր մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 5-ը:

Իսկ ահա 39-րդ շախմատի համաշխարհային օլիմպիադայում ֆրանսիացի պատանի տաղանդ Սեբաստյան Ֆելլերին լավագույն քայլերը հուշում էր ասիստենտ Սիրիլու Մարզոլոն, որը նրա պարտիային հետեւում էր համացանցով եւ գտնում լավագույն քայլերը եւ մարզիչ Առնո Օշարը: Մարզիչը Մարզոլոյից քայլերի հուշումը ստանում էր SMS-ով եւ ըստ այդմ դահլիճում փոխում տեղը, ինչը նախապես պայմանավորված համակարգով շախմատիստին հուշում էր խաղատախտակի այս կամ այն վանդակը: Արդյունքը եղավ այն, որ շախմատիստը եւ նրա ասիստենտը որակազրկվեցին հինգ տարով, իսկ մարզիչ Առնո Օշարը ցմահ զրկվեց որեւէ թիմ գլխավորելու իրավունքից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031